ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին։ Նորանշանակ նախարարի եւ դեսպան Ռեիսիի հանդիպումը անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում։
Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով հայ—իրանական էներգետիկ կապերն ու համագործակցությունը շատ կարեւոր են Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ու առաջընթացի համար։
Դեսպան Ռեիսին շնորհավորել է Երվանդ Զախարյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր ոլորտներում՝ հատկապես էներգետիկայում։
Զրուցակիցները քննարկել են հայ—իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը։ Առանձնակի կարեւորվել է Հայաստան—Իրան բարձրավոլտ 3—րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ընդլայնման համատեքստում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Մեղրիի ՀԷԿ—ի շինարարության խնդիրները։
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հայ—իրանական էներգետիկ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները մանրամասն կքննարկեն Թեհրանում կայանալիք՝ ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12—րդ նիստի ժամանակ։