Ռուսաստանի կողմից իրականացվող շանտաժի պայմաններում ՀՀ պաշտպանության
նախարար Սեյրան Օհանյանի այցը ԱՄՆ պետք է դրական գնահատել՝ այն դիտարկելով
որպես զոնդաժային բնույթի միջոցառում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Օհանյանի
այցը ԱՄՆ ցույց է տալիս, որ Հայաստանին ուղղված ՌԴ պարտադրանքները՝
անդամակցել զանազան ռուսական նախագծերի՝ Եվրասիական միություն և այլն,
այնքան էլ հայաստանյան իշխանությունների սրտով չեն: Եվ սա բնական է, քանի
որ ստեղծված իրավիճակն ուղղակիորեն վտանգում է ՀՀ պետականության ապագան:
Միաժամանակ, ակնհայտ է, որ Հայաստանի ու ԱՄՆ շահերը տարածաշրջանում
համընկնում են: Սեյրան Օհանյանի այցը կարևոր է հատկապես այդ շահերի
համընկնելու տեսանկյունից»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում
այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն
Պանետայից բացի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դևիդ
Պետրեուսի հետ հանդիպումը, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց. «ԱՄՆ պաշտպանության
նախարարությունում և ԿՀՎ-ում քննարկվող հարցեր շրջանակները փոխկապակցված
են: Ենթադրում եմ, որ Դևիդ Պետրեուսի հետ հանդիպմանը անդրադարձ կկատարվի
վտանգների վերագնահատման հարցերին: Այո, հայ-ամերիկյան հարաբերությունները
պետք է հասցնել այն մակարդակին, որ մեր ռազմական գերատեսչության ղեկավարը
աշխատանքի համակարգմանը միտված հանդիպումներ ունենա նաև ամերիկյան
հետախուզության հետ: Այնպես որ, ես այս փաստը խիստ դրական եմ գնահատում:
Ավելին՝ սրա մասին ժամանակին էր պետք մտածել, քանի որ վտանգները
տարածաշրջանում գնալով ահագնանում են»,- նկատեց Մեհրաբյանը:
Նշենք,
որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած
պատվիրակությունը մարտի 19-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
Վաշինգտոնում
նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումները ԱՄՆ
պաշտպանության նախարար Լեոն Պանետայի, Կենտրոնական հետախուզական վարչության
տնօրեն Դևիդ Պետրեուսի, պաշտպանության նախարարի տեղակալ Ջոզեֆ ՄըքՄիլանի,
պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի եւ Էնդրյու Շապիրոյի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան
երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող
հարցեր: