ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ պատրաստվում է հիմնել «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ։ Երեկ կառավարությունը կայացրեց համապատասխան որոշումը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նկատեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. «Նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով։ Կրթության զարգացման համար պահանջվում է էականորեն բարձրացնել կրթության կառավարման համակարգի արդյունավետությունը, զարգացնել կառավարման օղակների եւ մանկավարժների մասնագիտական ներուժը, բարելավել կրթության որակը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին, ապահովելով հասարակության եւ գործարար միջավայրի բավարարվածությունը մատուցվող կրթական ծառայություններից»։ Միով բանիվ՝ ակնկալվում է նորաստեղծ հիմնադրամի միջոցով բարձրացնել կրթության որակը։
Արմեն Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկրի կրթության զարգացման 2011—2015թթ. պետական ծրագրի համաձայն, կրթության ոլորտի բարեփոխումներն արագացնելու եւ արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել «գերազանցության կենտրոնների» միջոցով կրթական համակարգը զարգացնելու մոտեցումը։
Լրագրողները ԿԳ նախարարին հարցադրումներ էին հնչեցնում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարության հետ կապված, ըստ որի՝ Հայաստանում ռուսական դպրոցների թիվը պետք է ավելանա։
Նախարարը նշեց, որ ՀՀ—ում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները, ռուսերենն այստեղ երկրորդ դասարանից է դասավանդվում։ «Եվ լեզվական օրենսդրության փոփոխության կարիք էլ մենք ամենեւին չունենք։ ՀՀ—ում թույլատրված է միջազգային կրթական ծրագրեր իրականացնել ավագ դպրոցների շրջանակներում, եւ այդ օրենքի համաձայն՝ հնարավորություն կա ունենալ չորս անգլալեզու կամ ռուսալեզու, կամ ֆրանսալեզու դպրոց։ Ուզում եմ ասել, որ ռուսական գործընկերները դեռեւս այդ քվոտայի եւ ոչ մի կետից չեն օգտվել»,–ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Ի դեպ, նա նաեւ հստակ շեշտադրեց. «Հայաստանում ռուսերենը պետական լեզու չէ, եւ ինքս անձամբ անհրաժեշտություն չեմ տեսնում այդ լեզվին սահմանադրական կարգավիճակ տալու, քանի որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, իսկ պետական լեզուն էլ հայերենն է»։
Իսկ ընդհանրապես, համաձայն Ա. Աշոտյանի խոսքերի, «ռուսաց լեզուն տարածելու քաղաքական կամք կա, քանի որ այդ լեզուն մեզ համար անվտանգության տեսակետից, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինելու պարագայում, ռուսական արտադրության զինտեխնիկայից օգտվելու համար բացառիկ միջոց է, բացի այդ՝ այն միջազգային շփման լեզու է եւ բանալի է հսկայական մշակութային ժառանգության»։
Նա ասաց, թե այսօր կան շրջանակներ, որոնք ռուսական որեւէ պաշտոնյայի յուրաքանչյուր խոսք կարող են դիտարկել որպես քաղաքական։ Մինչդեռ, դարձյալ նրա խոսքերով, Հայաստանում այսօր կա ռուսերենի նկատմամբ բնական պահանջարկ, ու այդ լեզվի իմացությունը գիտության բնագավառից մինչեւ արտագնա աշխատելու հնարավորություններ է տալիս։ «Իսկ մեր ռուս գործընկերները, պաշտոնյաները, երբ գալիս են Հայաստան, պետք է ճիշտ խոսեն հայ հասարակության հետ, որպեսզի խուսափեն անհարկի մեկնաբանություններից ու տրամադրություններից»,—հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|