«Եվրասիական տնտեսական միությունն այն է, ինչից կսկսվի եվրասիական տնտեսական շրջանակի վերականգնումը»,— երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օդնակո. Եվրասիա» պորտալի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը։
Միանալով ԵԱՏՄ—ին, Հայաստանը հնարավորություն է ստանում խաղի կանոններ թելադրող պետություններից մեկը դառնալ։ Ըստ Ս. Ուրալովի. «Իմ տեսանկյունից՝ Հայաստանն ունի պատմական հնարավորություն. միությունը նոր—նոր է ստեղծվում, եւ նա, ով կկարողանա տեղ զբաղեցնել նոր միության առանցքում, նա էլ կմասնակցի միության կանոնների ձեւավորմանը»։ Ս. Ուրալովը նկատեց, որ Հայաստանը ինտեգրման ճանապարհին բավականին ակտիվ է՝ շատ ճիշտ եւ արագ տեմպով է առաջ ընթանում. «Ղրղըզստանն ավելի երկար ժամանակ է մասնակցել բանակցային գործընթացին, սակայն Հայաստանը առաջ է անցել՝ ցույց տալով աշխատանքի առավել մեծ էֆեկտիվություն»։
Ուրալովն առանձնացրեց այն խնդիրները, որոնք եվրասիական ինտեգրման ճանապարհին Հայաստանն ունի. դրանք երեքն են։ Առաջինը՝ տարանցիկ ինտեգրումն է, որը պետք է տեղի ունենա Վրաստանի տարածքով երկաթուղային կապի վերականգնմամբ, մյուսը՝ նոր ինդուստրալացման եւ երրորդը՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միջտարածաշրջանային ինտեգրման հարցերն են։ Մնացած ամեն ինչ Հայաստանն ունի։
«Բելոռուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը նշեց, որ եվրասիական ինտեգրումը տարբերվում է եվրոպականից. «Եթե եվրաինտեգրումն առաջարկում է արդեն պատրաստի մոդել, ինչպես սուպերմարկետում է, եւ ասում է՝ ահա, վերցրեք, սակայն ոչ մի դեպքում մի քննարկեք, այն բոլոր կետերը, որոնք կատարել են Չեխիան, Գերմանիան, Իտալիան, դուք եւս պետք է կատարեք. ոչ մի զիջում, ապա եվրասիականում մենք ինքներս ենք ձեւավորում խաղի կանոններ»։ Ստեղծելով նոր ինտեգրացիոն միություն, մենք որպես օբյեկտ չենք հանդես գալիս, այլ՝ որպես սուբյեկտ, իսկ առանձին անել դա հնարավոր չէ. միասին ավելի հեշտ եւ արդյունավետ է։
Բելառուսի համար ձեռնտու է Հայաստանի ինտեգրումը։ «Ռուսաստանը մեծ, իսկ Բելառուսը միջին մեծության պետություն է. երբ մեզ միացավ Ղազախստանը, ամեն ինչ հեշտացավ, երբ միանա Հայաստանը, ավելի հեշտ կլինի»,—ասաց Գիգինը։
Նա ընդգծեց, որ չի կարելի համեմատել նոր միությունը ԽՍՀՄ—ի հետ. «Անցյալին վերադառնալ չի կարելի, եւ ոչ ոք չի պատրաստվում դա անել»։ Եվրասիական միությունը չի կարելի համարել նաեւ եվրաինտեգրման կամ գլոբալացման «թշնամի»։ Միությունը չի բացառում համագործակցությունը բոլոր ցանկացողների հետ։
«Եթե մեր եվրոպական գործընկերները պատրաստ լինեն, մենք կարող ենք ստեղծել տնտեսության, բիզնեսի, աշխատանքային շուկայի բացարձակ հավասար հնարավորություններ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս»,— ասաց նա՝ ընդգծելով, որ գնդակը նրանց դաշտում է։ Բացի Արեւմուտքից՝ գոյություն ունի նաեւ համագործակցության հնարավորություն Արեւելքի հետ։ Համագործակցությամբ հետաքրքրված են Չինաստանը, Վիետնամը, Հնդկաստանը։
Հեռանկարները մեծ են, եւ որքան արագ Հայաստանը միանա նոր միությանը, այնքան ավելի լավ կլինի Հայաստանի եւ իր գործընկերների համար։ Ոչ մի խոչընդոտ Մինսկի կողմից Հայաստանի միանալու առումով չկա։ Բացի այդ, միությունը Հայաստանի համար անվտանգության հավելյալ երաշխիք է տնտեսական եւ քաղաքական առումով։
Միության առավելությունների մասին խոսելուց հետո անդրադարձ կատարվեց նաեւ թերություններին։ Սեմյոն Ուրալովն ասաց, որ հիմնական թերությունը հետ մնալն է.
«Եվրասիական միությունը պետք է ստեղծվեր առնվազն 20 տարի առաջ։ Եվ հիմա, որքան արագ մենք ստեղծենք մեր աշխարհն ու տնտեսությունը, ապահովագրենք մեզ համաշխարհային ցնցումներից, այնքան ավելի մեծ հնարավորություններ կունենանք գոյատեւելու։ Կարծում եմ, պետք է արագացնենք գործընթացը։ Այսպես, արդեն հուլիսին Հայաստանը կդառնա ՄՄ—ի անդամ, կարծում եմ, սեպտեմբերին արդեն պետք է բացել տարանցիկ ինտեգրումը Վրաստանի միջոցով։ Մենք իրականում ունենք 2—3 տարի, որից հետո ինտեգրումը կիրականացնենք մեզ համար շատ անբարենպաստ պայմաններում»։
Անդրադառնալով Նազարբաեւի՝ Աստանայում հնչեցրած հայտարարություններին՝ Գիգինը նշեց, որ կարեւոր չէ, թե ինչ հակասություններ կլինեն գործընկերների միջեւ, կարեւորն այն է, որ դրանք փոխզիջումների ճանապարհով լուծվեն. «Միությունում գործում է խնդիրների լուծման արդյունավետ մոդել»։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա դա եվրասիական ինտեգրացիոն հարցերի հետ կապ չունեցող խնդիր է. «Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ—ի, ԵԱՀԿ, ԵԽ, ՀԱՊԿ անդամ միջազգայնորեն ընդունված սահմաններով, այդ իսկ պատճառով ոչ մի խոչընդոտ այս դեպքում եւս չի կարող լինել»։ Ուրալովն էլ նշեց, որ Նազարբաեւը հարցերը միանգամից ճշտելու կողմնակից է, որպեսզի անսպասելի իրավիճակներ չառաջանան։ Նա լսեց հայկական կողմի պատասխանն անդամակցության վերաբերյալ, եւ այլեւս խնդիր չկա. հարցը փակված է։
Ինչ վերաբերում Ադրբեջանի ինտեգրմանը, ապա բանախոսները դա հավանական չեն համարում։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|