«Երեւան շոու»—2014» ցուցահանդեսի շրջանակներում «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում երեկ մեկնարկեց «Հայաստանը տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողովը, որը կազմակերպվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից։ Այն կազմակերպվել է՝ խթանելու ոսկեգործության ոլորտի զարգացումը, քննարկելու ոսկեգործության զարգացման համաշխարհային միտումներն ու դիտարկելու ՀՀ–ում ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Համաժողովի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հյուրերին՝ վարչապետը նշեց, որ այն կնպաստի Հայաստանի ոսկեգործության ոլորտի զարգացմանը եւ ներդրումների ներգրավմանը։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոսկեգործությունը Հայաստանում զարգացած է եղել դեռեւս վաղ անցյալում, եւ հայ ոսկերիչների աշխատանքները հայտնի են եղել ամբողջ աշխարհում։
«Հայաստանի կառավարությունը կարեւորում եւ հատուկ ուշադրություն է դարձնում ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների զարգացմանը։ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում մշակվել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից հաստատվել են ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների ռազմավարությունները եւ դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագիրը, որի նպատակն է Հայաստանը դարձնել գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց։
Ոսկեգործության ոլորտի զարգացման համար այսօր նոր խթան կհանդիսանա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչը տեղական ընկերություններին լուրջ հնարավորություններ կընձեռի շուկաների ընդլայնման եւ որակյալ հումքի ձեռքբերման հարցում»,–ընդգծեց վարչապետը։
Կառավարության ղեկավարը կարեւորեց «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծումը՝ նշելով, որ ոսկեգործության զարգացման համար ձեւավորվել է բարենպաստ հարկային եւ մաքսային դաշտ, եւ պետություն—մասնավոր հատված արդյունավետ համագործակցության միջոցով այսօր էլ քայլեր են ձեռնարկվում ոլորտի արտադրանքը միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ։ Հանրապետության վարչապետը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով ոլորտը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ բոլորը շարունակեն հիանալ հայ ոսկերչական արվեստով։
Համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցում էին հայրենական եւ արտասահմանյան ոսկեգործության ոլորտի շուրջ 300 մասնակիցներ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հարկ համարեց փաստել, որ այսօր էլ ավանդույթները շարունակվում են, որի շնորհիվ հայերը մեծ ճանաչում ունեն ոսկեգործության եւ ադամանդագործության համաշխարհային շուկայում։ Հայաստանի եւ սփյուռքի հայ ոսկերիչների կողմից արտադրված իրերը, նախարարի խոսքով, լայն սպառում ունեն բազմաթիվ երկրներում, այդ թվում նաեւ միջազգային բոլոր խոշոր հարթակներում։
«Համաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել ոլորտում առկա մեր ձեռքբերումները, խոսել խնդիրների եւ զարգացման ուղիների մասին, ստեղծել եւ ավելի ամրապնդել հայ եւ օտարերկրյա մասնագետների եւ ընկերությունների միջեւ կապը։ Հուսով ենք, որ համաժողովի ընթացքում ականատես ենք լինելու նոր ծրագրերի մեկնարկի եւ նոր պայմանագրերի կնքմանը»,–նշեց նախարարը՝ այս լավատեսությունը պայմանավորելով մասնակից երկրների աշխարհագրությամբ։ Կարեն Ճշմարիտյանը հավելեց, որ միջազգային մի շարք մասնագիտացված կառույցների ղեկավարների՝ Հայաստանում գտնվելու փաստը հիմք է տալիս ենթադրելու Հայաստանի նկատմամբ ստեղծված վստահության մասին։
«Հայաստանը իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների համար։ Ստեղծված է ինչպես բարենպաստ գործարար միջավայր, այնպես էլ մշակվում եւ իրականացվում են Հայաստանի կառավարության տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումների ներհոսքը երկիր»,–նշեց նախարարը՝ հավելելով, որ ներդրումների ներգրավման նպատակով ստեղծվել են նաեւ ադամանդագործության եւ ոսկեգործության ազատ տնտեսական գոտիներ, որոնք թույլ են տալիս ներդրողներին ավելի ազատ եւ արտոնյալ պայմաններում կազմակերպել իրենց արտադրությունը եւ առավել մրցունակ լինել միջազգային շուկայում։
Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գեւորգյանը եւս մեկ անգամ նշեց, որ ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրված է, մնում է, որ աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերը կարողանան օգտագործել իրենց ներուժի մի փոքր մասնաբաժինը նաեւ հայրենիքում։ Միության նախագահը հարկ համարեց ներկաներին հիշեցնել, որ եթե նախորդ ցուցահանդեսներում ներկայացված էին սովորական ոսկերչական աշխատանքներ, ապա այժմ միջոցառումը մեծ հարթակ է աշխարհի լավագույն ոսկերիչների համար, եւ այսօր արդեն հնարավորություն է ձեռք բերվել Համաշխարհային ոսկերչական համադաշնության (CIBJO) ամենամյա կոնգրեսն անցկացնել Երեւանում։ Նա հուսով է, որ 2016—ին՝ կոնգրեսի անցկացման ժամանակ, Հայաստանը՝ որպես տարածաշրջանային ոսկեգործական կենտրոն, կհնչի այլ հարթության ներքո՝ այն էլ բացականչական նշանով։ Նրա դիտարկմամբ, մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ ներկայանալու այդպիսին թե իր հարուստ ոսկերչական ավանդույթներով, աշխարհագրական դիրքով եւ թե բարենպաստ մրցունակ միջավայրով։ «Որքան ակտիվ աշխատենք ու ինտեգրվենք համաշխարհային ընկերություններին, այնքան մեծ կլինի մեր առաջադիմությունը»,–նշեց Գագիկ Գեւորգյանը։
Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին ոլորտային կլոր սեղաններ երկու հիմնական ուղղություններով՝ ոսկեգործություն եւ ադամանդագործություն։ Քննարկումների ավարտին տեղի ունեցավ ամփոփիչ նիստ, որի ժամանակ ներկայացվեցին համաժողովի արդյունքները։ Նշենք նաեւ, որ 2016 թվականին Համաշխարհային ոսկերչական համադաշնության (CIBJO) հերթական կոնգրեսն անցկացվելու է Երեւանում։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
|