ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 16 » Հայաստանը՝ վստահելի գործընկեր /Միջազգային ֆինանսական կառույցները լիահույս են ընդլայնելու համագործակցությունը/
16:22
Հայաստանը՝ վստահելի գործընկեր /Միջազգային ֆինանսական կառույցները լիահույս են ընդլայնելու համագործակցությունը/

Այս տարվա հոկտեմբերի 10—12—ը Վաշինգտոնում կայացել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է եղել նաեւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Երեկ հրավիրած մամլո ասուլիսում նախարարը որոշ մանրամասներ փոխանցեց միջազգային ֆինանսական կառույցների հետ հանդիպումների արդյունքներից՝ ընդգծելով, թե հանդիպումներում շեշտվել է Հայաստանի՝ վստահելի գործընկեր լինելու փաստը. մեր երկիրը իր պարտավորությունները կատարում է ժամանակին, ուստի նրա հետ համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու պատրաստակամություն կա։
«Նշված երկու կառույցների եւ մեր երկրի փոխգործակցությունն ավելի քան 20 տարվա պատմություն ունի։ 1992թ. ՀԲ—ն Հայաստանի համար առանցքային գործընկեր է եղել բարեփոխումների ամբողջ ժամանակահատվածում՝ շուկայական տնտեսությանն անցման անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչեւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում ու իրականացում։ 2014թ. հուլիսի դրությամբ Հայաստանի հետ ՀԲ գործընկերության փաթեթը ներառում է ավելի քան 100 ծրագիր եւ մոտ 2 մլրդ դոլար տեղաբաշխված ռեսուրս»,—ասաց նախարարը։ Նա միաժամանակ հստակեցրեց, որ ՀԲ—ի երկրի գործընկերության 2014—2017թթ. ռազմավարության շրջանակներում պլանավորված է 711 մլն դոլար վարկային փաթեթ 13 ծրագրերի համար՝ ներառելով հիմնականում տնտեսական աճի արագացման, մրցակցության խրախուսման եւ աշխատատեղերի ստեղծման, առեւտրի խթանման ու որակի ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության եւ տեղական տնտեսության զարգացման, սոցիալական ծառայությունների արդյունավետության եւ հանրային կառավարման բարելավման ուղղությունները։ ՀԲ զարգացման քաղաքականության գործառնությամբ պլանավորված է 257 մլն դոլար բյուջետային ուղղակի աջակցություն, որից 72 մլն—ն արդեն տեղաբաշխվել է դեռ 2013թ. դեկտեմբերին։
«Մեր՝ ԱՄՀ—ին 1992թ. անդամակցությամբ հնարավորություն տրվեց մեծացնել երկրի տնտեսական քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության վստահությունը, օտարերկրյա ներդրողների համար երաշխիքներ ապահովվեցին, ԱՄՀ այլ անդամ երկրների հետ բազմակողմ վճարային համակարգ ստեղծվեց։ Հիմնադրամի աջակցությունը նպաստեց երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը, վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրների կարգավորմանը, տնտեսության ազատականացմանը, կառուցվածքային բարեփոխումներին եւ աղքատության կրճատմանը»,—Կ. Ճշմարիտյանը հայտնեց, թե ԱՄՀ հետ համագործակցության ներկա փաթեթը 38 ամիս տեւողությամբ երկարաձգված ֆոնդային կարողության ծրագիրն է՝ շուրջ 125 մլն դոլար ծավալով, որից շուրջ 18 մլն—ն տեղաբաշխվել է։ Ծրագրի ներքո ամրագրված կառուցվածքային բարեփոխումները նպատակադրում են միջնաժամկետ տնտեսական աճի ապահովումը, գործարար միջավայրի բարելավումը, ինստիտուտների ուժեղացումը, հաղորդակցության եւ մրցակցության բարելավումը, մասնավոր եւ օտարերկրյա ներդրումների համար ավելի կայուն միջավայրի ապահովումը, առանցքային ռիսկերի մեղմումը, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում։
Բանախոսը տեղեկացրեց, որ ՀԲ—ԱՄՀ տարեկան ժողովում ամենաբարձր մակարդակով գլոբալ ֆինանսական եւ զարգացման ինստիտուտների ղեկավարներն արձանագրեցին, որ դեռեւս պահպանվում են համաշխարհային տնտեսության անկման ռիսկերը, եւ ամրագրեցին, որ զարգացման համագործակցության առաջնային ուղղությունները կլինեն աշխատատեղերի ստեղծումն ու ներառական տնտեսական աճի ապահովումը։ Առանցքային նշանակություն տրվեց հատկապես մարդկային կապիտալում եւ շուկաների հասանելիության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ենթակառուցվածքներում, այդ թվում՝ կայուն էներգետիկայի բնագավառում ներդրումների իրականացմանը։ «Նշված ուղղությունները ներդաշնակ են Հայաստանի տնտեսական քաղաքականության միջնաժամկետ նպատակներին, ինչը լրացուցիչ հիմքեր է ստեղծում հետագայում եւս ՀԲ—ի ու ԱՄՀ—ի հետ համագործակցության արդյունավետ շրջանակ ձեւավորելու համար»,–նշեց Կ. Ճշմարիտյանը։
Տարեկան ժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որպես ՀԲ խմբում Հայաստանի կառավարիչ, մասնակցել է ՀԲ հոլանդական խմբի հանդիպմանը, տարբեր ձեւաչափերով մի շարք հանդիպումներ են կայացել ՀԲ խմբի եւ ԱՄՀ բարձրագույն ղեկավարության հետ։ Քննարկվել են այդ կառույցների հետ Հայաստանի համագործակցության արդյունքներն ու հեռանկարները։ Մասնավորապես, գործընկերները դրական են գնահատել Հայաստանի հետ գործակցության արդյունքում գրանցած համատեղ ձեռքբերումներն ու գոհունակություն են հայտնել բարեփոխումների իրականացման ընթացքից։ Հատկապես շեշտադրվել եւ արդյունավետ են գնահատվել տեսչական համակարգի բարելավման գծով ու քաղաքացիական ավիացիայի բնագավառում, մասնավորապես՝ բաց երկնքի քաղաքականության իրագործման ուղղությամբ ընթացող աշխատանքները։
Մի խոսքով, Կ. Ճշմարիտյանի խոսքերով, ՀԲ—ն ու ԱՄՀ—ն լիահույս են, որ մեր հետագա համագործակցությունը կզարգանա առավել ակտիվ, կընդլայնվեն այն ոլորտները, որոնք Հայաստանի տնտեսության զարգացման համար կայուն ու նպաստավոր պայմաններ են ապահովելու։ Էկոնոմիկայի նախարարը երկրորդեց, որ ՀԲ—ի ու ԱՄՀ—ի կողմից առաջ քաշված գերակա ուղղությունները համընկնում են ՀՀ սոցիալ—տնտեսական զարգացման ծրագրում նախանշված գերակայությունների հետ։ Առաջինը՝ մարդկային կապիտալում ներդրումների հարցն է, շուկաների բազմազանության ու հասանելիության, ինչպես նաեւ էներգետիկ ռեսուրսների կայուն ապահովման հարցերը։ Այս երեք շեշտադրումները, որոնք դրվեցին որպես համաշխարհային տնտեսության զարգացման համար կարեւոր գրավականներ, լիովին համահունչ են ՀՀ ընտրած տնտեսական քաղաքականությանն ու համընկնում են այն առաջնահերթությունների հետ, որոնք դրված են եղել ՀՀ սոցիալ—տնտեսական զարգացման ծրագրում։
 
Պարտքն ավելանում է, բայց պիկը  հաղթահարել ենք

Այսօրվա դրությամբ մեր երկրի պարտքը 4 մլրդ դոլարից ավելի է, իսկ մենք դեռ խոսում ենք 711 մլն էլ ավելացնելու մասին։ Վտանգավոր չէ՞ արդյոք սա երկրի համար։ «Այդ պարտքն ամեն տարի մարվում է, եւ այսօր կարող ենք նշել, որ մենք պիկը հաղթահարել ենք»,–ասաց Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ այսօր ավելի մեղմ է պարտքի կառավարումը։
Նախարարը խորհուրդ տվեց արտաքին պարտքի վերաբերյալ հարցերը քննարկելիս Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դիտարկել որպես մեկ միավոր։ Այսինքն՝ Հայաստանը մեկ տնտեսական միավոր է համաշխարհային տնտեսության մեջ, իսկ ցանկացած տնտեսական միավոր իր գործունեությունը կազմակերպելիս որոշակի պարտքային բեռ է իր վրա վերցնում՝ հաշվի առնելով իր տնտեսական հնարավորությունները, իր տնտեսության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ իր հետագա հնարավորությունները՝ այդ պարտքերը կառավարելու, տնտեսությունը զարգացնելու առումով։ Ուստի, ըստ բանախոսի, շեշտադրումը հետեւյալը պիտի լինի՝ մենք դա կարո՞ղ ենք կառավարել, թե՞ ոչ, որքանով են դրանք նպաստում մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը, երկարաժամկետ զարգացման համար հետագայում այդ բեռը որքան է լինելու։
Այս կարգի հաշվարկներ անու՞մ է մեր գործադիրը։ «Իհարկե, անում է,—հնչեց պատասխանը,—եւ մենք երբեք ՀՆԱ—ի աճից առավել մեծ բեռ չենք վերցրել»։ Միաժամանակ նա նկատեց, թե պարտքի կառավարման հարցում ՀՀ—ի հնարավորությունները շատ ավելի մեծ են, պարզապես պետք է այդ հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործել. «Ամեն ինչ պայմանավորված է այն բանով, թե որքանով ենք կարողանում ճիշտ կառավարել տնտեսությունը։ Այնպիսի հարաբերություններ պետք է ստեղծենք իրական հատվածում, որը կապահովի տնտեսության հետագա արդյունավետ զարգացումը»։
 
4%—ը փոխելու կարիք չկա

ԱՄՀ—ն ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է (մեր կանխատեսումը 4 տոկոս էր, ԱՄՀ—ն 3.5 տոկոսից նվազեցրել է 2.5 տոկոսի՝ ներքին ու արտաքին գործոններով պայմանավորված)։ Ի՞նչ է մտածում ՀՀ կառավարությունը, մտադիր չէ՞ վերանայել կանխատեսումները։ Այս կարգի հարցերին ի պատասխան նախարարը նշեց, թե ԱՄՀ—ն իր որոշակի մեթոդոլոգիաներն ունի, եւ դա միայն Արեւմուտք—Ռուսաստան փոխադարձ պատժամիջոցների հետ չէ կապված։ «Դա կապված է համաշխարհային տնտեսության մեջ անկման հետ կապված ռիսկերի գոյության հետ, եւ այդ հաշվարկներում իրենք միշտ ավելի զգուշավոր են, քան իրական տնտեսությունում մենք ենք այդ հարցերը քննարկելիս զգուշավորություն հանդես բերում։ ԱՄՀ—ն միշտ ավելի զգուշավոր է, եւ տնտեսական աճի ցուցանիշները համաշխարհային անկման ռիսկերի պայմաններում գնահատում են որոշակի վերապահովագրումներով։ Եվ միանշանակ չենք կարող ասել, որ այդպես էլ կլինի։ Մինչ այժմ եղած ԱՄՀ—ի կանխատեսումների պայմաններում Հայաստանի տնտեսական աճը մի քիչ ավելի է եղել»,—ասաց նախարարը։
Այնուամենայնիվ, ինչ ազդեցություն կունենան Արեւմուտք—Ռուսաստան պատժամիջոցները մեր տնտեսության վրա, առայժմ հստակ չէ։ Ընդհանրապես այդ պատժամիջոցների կիրառման պայմաններում ազդեցություն կլինի բոլոր այն երկրների տնտեսությունների վրա, որոնք առեւտուր կամ որոշակի տնտեսական հարաբերություններ ունեն ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս երկրի հետ։ Իսկ մեր տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության մասին կարելի է խոսել տարեվերջին, «քանի որ պատժամիջոցները կարող են ավելի զգայուն լինել»։ Նախարարը հուսով է, սակայն, որ այդ հարցերը կկարգավորվեն. «Այսօր հրատապ որեւէ բան փոխելու կարիք չենք տեսնում։ Այսինքն՝ տնտեսական աճը մեր կանխատեսմամբ 4% է, եւ փոխելու կարիք չենք տեսնում»։

Էբոլան էլ չի անտեսվել

Երբ Կարեն Ճշմարիտյանն ասաց, թե վաշինգտոնյան հանդիպմանը քննարկված թեմաներից մեկը էբոլա տենդի համաճարակի վտանգին էր վերաբերում, լրագրողները կատակի տվեցին։ Նախարարն էլ ի պատասխան ասաց, թե, ճիշտ է, առաջին հայացքից այս թեման միջազգային ֆինանսների եւ տնտեսական աճի հետ կապ չունի, բայց չմոռանանք, որ պետության բարեկեցությունը նաեւ առողջապահությունից է կախված. «Այնպես որ, պետք չէ կատակի տալ եւ մտածել, որ ամեն ինչ կանցնի ինքնաբերաբար։ Պետք չէ թերագնահատել էբոլա տենդի վտանգավորությունը միայն նրա համար, որ Հայաստանն Աֆրիկայից հեռու է գտնվում»։

ԱՀԿ—ն ՀԲ—ի եւ ԱՄՀ—ի պես չէ

Արդեն գոնե մոտավոր հայտնի՞ է, թե ՀՀ—ի ԵՏՄ—ին անդամակցելուց հետո ի՞նչ խստացումներ է անելու Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը։ Թե՞ այդ ամենի մասին հնարավոր կլինի խոսել միայն 2015թ. հունվարի 1—ից հետո։ «ՀՀ»—ի հարցին ի պատասխան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պարզաբանեց, որ ԱՀԿ—ն, որպես կազմակերպություն, պահանջներ ոչ մեկի նկատմամբ չի դնում՝ ի տարբերություն ՀԲ—ի եւ ԱՄՀ—ի։ ԱՀԿ—ի պարագայում պայմանագրեր կնքվում են անդամ երկրների միջեւ։ ԱՀԿ—ն այն հարթակն է, որը կազմակերպում է անդամ երկրների միջեւ ընթացող բանակցությունները։ Այսինքն՝ անդամ երկրներից մեկը կարող է Հայաստանին հրավիրել բանակցությունների, որպեսզի փոխհատուցում լինի։ Բայց խոսքը դրամային փոխհատուցման մասին չէ, այլ այն մասին, որ տվյալ երկրի կողմից ՀՀ արտահանվող մի ապրանքի դիմաց բարձրացած մաքսատուրքը փոխհատուցվի այդ երկրից ՀՀ արտահանվող մեկ այլ ապրանքի մաքսատուրքի նվազեցմամբ։
Այս պահի դրությամբ ԱՀԿ անդամ երկրներից այսպես ասած «մեսիջներ» ստացե՞լ ենք։ Լրագրողներից մեկի հարցին Կ. Ճշմարիտյանը պատասխանեց, թե ԱՀԿ—ի երկրները դեռեւս անհանգստացած չեն ԵՏՄ—ին անդամակցության շրջանակում Հայաստանում ներկրման մաքսատուրքերի փոփոխություններից։ ԱՀԿ ոչ մի երկիր դեռ չի հայտարարել, թե Հայաստանը «դիպչել» է իր արտահանման շահերին։
Բացի այդ՝ Հայաստանը ԱՀԿ գործընկերներին պաշտոնապես չի տեղեկացրել նոր մաքսատուրքերի մասին. դա կանի միայն ԵՏՄ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2015թ. հունվարի 1—ից։ «Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերները ժամանակից շուտ տեղեկացվել են նոր մաքսատուրքերի մասին։ Եթե նրանք իրենց շահերին սպառնացող վտանգ տեսնեին, ապա կդիմեին մեզ բանակցությունների համար՝ ԱՀԿ շրջանակներում իրենց մաքսատուրքերի փոխհատուցումների մասով։ Ոչ մի երկիր դեռեւս չի դիմել, հետեւաբար, ոչ ոք խնդիր չի տեսնում»,–շեշտեց նա։
Ի դեպ, Վրաստանի եւ Ուկրաինայի հետ աշխատելու ենք նույն՝ ազատ առեւտրի ռեժիմով։
 
Արցախի մասին ոչինչ չի ասվում

ԵՏՄ—ին ՀՀ—ի անդամակցության հետ կապված հարցերի շրջանակում լրագրողներին հետաքրքրում էր. կդրվի՞ մաքսակետ ՀՀ—ի եւ Արցախի միջեւ։
Ի պատասխան նախարարը նկատեց, որ պետական պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ այս հարցին պատասխանել են, բայց ինքն էլ կրկին հստակ կշեշտի, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին ոչինչ չի ասվում։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024