Ամերիկացի սենատորները ապրիլի
24-ի նախաշեմին կրկին փորձում են շրջանառության մեջ դնել Հայոց
ցեղասպանությունը ճանաչող հերթական բանաձեւը: Այս անգամ որպես բանաձեւի
համահեղինակներ հանդես են գալիս Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր
Ռոբերտ Մենենդեսն ու Իլինոյսը ներկայացնող հանրապետական Մարկ Քըրքը: Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի փոխանցմամբ` երկու սենատորներն այժմ
զբաղված են իրենց մյուս գործընկերների ստորագրությունները հավաքելով: Այդ
գործընթացի ավարտին Մենենդեսն ու Քըրքը պատրաստվում են նախագիծն ուղարկել
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախագահության
նախկին դեմոկրատ թեկնածու Ջոն Քերիին, որը եւս ժամանակին հստակորեն
արտահայտվել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման
օգտին: Ամերիկացի սենատորները բանաձեւի այս նախագծում 1915-23 թվականներին
Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակում են որպես Ցեղասպանություն`
նշելով, որ այդ իրադարձություների արդյունքում տեղահանված 2 միլիոն
հայերից մեկուկես միլիոնը զոհվել են: «Միացյալ Նահանգների Սենատը կոչ է անում նախագահին, որպեսզի նրա
քաղաքականությունը արտացոլի մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ
ցեղասպանությունների հանդեպ ամերիկյան քաղաքականության ողջ էությունը`
անդրադառնալով նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին եւ ըմբռնելով նման
բանաձեւը չընդունելու բացասական հետեւանքները», - նշված է Ռոբերտ Մենենդեսի
եւ Մարկ Քըրքի պատրաստած օրինագծում: Բանաձեւի նախագծում նաեւ ասված է. - «Սենատը կոչ է անում նախագահին`
ապրիլքսանչորսյան իր ուղերձում մեկուկես միլիոն հայերի սպանությունը
հստակորեն բնութագրել որպես Ցեղասպանություն»: «Մենք բարձր ենք գնահատում սենատորներ Մենենդեսի եւ Քըրքի ջանքերը, որոնց
նպատակն է մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող այս խնդրում Միացյալ
Նահանգներին դնել ճիշտ ուղու վրա», - հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի
գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով, այս բանաձեւը Թուրքիայի` այլ երկրներին լռեցնելուն ուղղված քաղաքականությանը հակազդեցության առումով շատ կարեւոր է: «Որեւէ պետություն` թշնամի թե դաշնակից, իրավունք չունի Միացյալ Նահանգների
համար վետոներ սահմանել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներում», -
նշել է ամերիկահայ գործիչը: Նոր բանաձեւի երկու հեղինակներն էլ երկար տարիներ շարունակ հայտնի են հայկական խնդիրներին իրենց ներգրավվածությամբ: Դեմոկրատ Մենենդեսը 2006-ի մայիսին արգելափակեց Ռիչարդ Հոգլանդի`
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակումը, պատճառաբանելով դա այն
իրողությամբ, որ Սպիտակ տան այն ժամանակվա հանրապետական վարչակազմը չէր
ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Երեւանից հետ կանչեց դեսպան
Ջոն Էվանսին, որը 2005-ին ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ 20-րդ
դարասկզբի իրադարձությունները Ցեղասպանություն էր անվանել։
2010-ին արդեն Մենենդեսն արգելափակեց Մեթյու Բրայզայի նշանակումը Բաքվում
Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում` պատճառաբանելով դա դիվանագետի
«ադրբեջանամետ ու թուրքամետ կեցվածքով»:
Ինչ վերաբերում է Մարկ Քըրքին, ապա նա Սենատի համեմատաբար նոր անդամներից
է: Մինչեւ 2010 թվականի աշնանը Սենատի անդամ դառնալը Քըրքը
Ներկայացուցիչների տան Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահն էր:
|