Հոկտեմբերի 6—ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ–ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնեւի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվեց պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 23—րդ տարեդարձին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ընդունելությանը ներկա էին Շվեյցարիայի դաշնային օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ժնեւի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում եւ Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում դեսպան Ազնավուրը նշեց, որ քսաներեք տարին փոքր ժամանակահատված է մի երկրի եւ ժողովրդի համար, որի պատմությունը հազարամյակներով է հաշվվում, սակայն Հայաստանի անկախության քսաներեք տարիները խորհրդանշում են շատ կարեւոր ժամանակաշրջան հայ ժողովրդի անցած երկարամյա պատմական ուղու վրա։
Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Ժնեւում Միացյալ ազգերի կազմակերպության բոլոր կառույցներին, Շվեյցարիայի դաշնային եւ կանտոնալ իշխանություններին, Հայաստանի բոլոր բարեկամներին՝ անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած գործուն եւ շարունակական աջակցության համար։
Երեկոյի ընթացքում հայ եւ շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչեցին Հայաստանի եւ Շվեյցարիայի օրհներգերը, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի եւ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
|