Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծելով հայ—ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշել են, որ երկկողմ ռազմավարական դաշնակցային գործընկերության կարեւոր բաղադրիչներից է տրանսպորտի բնագավառում համագործակցությունը։
Հանդիպմանը հանրապետության նախագահը եւ Վլադիմիր Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիների» ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Սերժ Սարգսյանին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված ներդրումները, ընթացիկ աշխատանքները, անդրադարձել նաեւ, ընդհանուր առմամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությանը, խնդիրներին եւ զարգացման ծրագրերին։ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման եւ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների հետեւողական կատարման գործում մեծապես կարեւորել է անձամբ Վլադիմիր Յակունինի դերը եւ ընդգծել, որ Հայաստանում պատրաստ են շարունակել այդ ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ աշխատանքներն ու կյանքի կոչել փոխշահավետ համատեղ նախագծերը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|