2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի
Հանրապետական կուսակցությունը հաղթեց "Քեզ համար, Հայաստա'ն” կարգախոսով:
Ինչպես միշտ, այս տարիներին ևս, Հայաստանն է եղել գերագույն արժեքը մեր
գործունեության և մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում: Հինգ տարի
շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա
պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը:
Չնայած արտաքին մարտահրավերներին ու ներքին բարդություններին` հետևողական ու դժվար աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է`
- պահպանել պետության կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում,
- բացել քաղաքական համակարգը` մերժելով եսակենտրոն առաջնորդների ու փողի մենաշնորհը,
- փոխել քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը և
վերականգնել ընդդիմախոսների` այլ կարծիք ունենալու իրավունքը,
- ցուցաբերել նախաձեռնողականություն և հստակություն տարածաշրջանային
գործընթացներում` հանդես գալով որպես միջազգային հանրության պատասխանատու և
կանխատեսելի անդամ,
- Հայաստանի և Սփյուռքի ջանքերի համադրմամբ` շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը,
- ՀՀ համակողմանի աջակցությամբ` ամրապնդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը,
- նոր սպառազինության և տեխնիկայի ներդրմամբ` հզորացնել մեր պաշտպանական ներուժը:
Վստահաբար, մենք շարունակելու ենք պահպանել և ամրապնդել ձեռք բերվածը:
Ներկա իրողությունները վկայում են, որ ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ
Հայաստանի շարունակական զարգացման համար, և ՀՀԿ-ն պատրաստ է բազմապատկել
ջանքերը` երկրի հետագա առաջընթացն ապահովելու ուղղությամբ:
"Քեզ համար, Հայաստա'ն'' կարգախոսի ներքո մենք Հայաստան պետության
կայացումն ենք ապահովել` հասարակական համակեցության հիմքերն ամրացրել ու
աշխարհում մեր երկրի դիրքն ամրապնդել: Այսուհետ ՀՀԿ-ն իր գործունեությունն
առավելապես ուղղելու է դեպի մարդը, դեպի ՀՀ քաղաքացին: Մենք ասում էինք`
քեզ համար, Հայաստա'ն. այսուհետ ասելու ենք` ավելի լավ Հայաստան
յուրաքանչյուրի համար:
Այսօր Հայաստանում տնտեսական աճը կամ անկումը զգալիորեն կախված են արտաքին
գործոնների ազդեցությունից: Ապագայում դրանից հնարավորինս խուսափելու համար
մենք կարիք ունենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական
զարգացման հայեցակարգին, ինչը հիմնվում է տնտեսության նոր ոլորտների, նոր
ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա` ապահովելով հավելյալ
աշխատատեղերի ստեղծում:
Մենք գնում ենք համակարգային վերափոխման, քանզի ապագան վերափոխում է
պահանջում: Եվ ապագան այդ վերափոխումն ապահովող ուժինն է: Բայց դրա համար
պետք է նախևառաջ փոխվենք մենք` վերափոխման առաջամարտիկներս: Ու այս
գիտակցությամբ է ՀՀԿ-ն ստանձնում Հայաստանի վերափոխումն իրականացնելու,
առաջնորդելու առաքելությունը:
Առջևում խորհրդարանական ընտրություններ են, որոնք մենք դիտում ենք իբրև
միջոց, գործիք` ազգի և պետության նպատակների իրագործման համար: Այս
համոզմամբ` գալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մեր ժողովրդի
դատին է ներկայանում տարիների հսկայական փորձով ու անընդհատ սնուցվող նոր
ավյունով` որպես ազգային պահպանողական գաղափարների շուրջ համախմբված
գործնապաշտ անհատների թիմ, որ նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության
քվեն և իրականացնել համակարգային վերափոխում:
Այս առումով, մենք վերստին հրավիրում ենք բոլոր հայրենանվեր հասարակական,
քաղաքական կառույցներին ու անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը
Հայաստանի ընդհանուր վերափոխման ճանապարհին:
Իսկ վերափոխման համար, պիտի հավատալ. հավատալ մեր հավաքական ու անհատական կարողություններին, հնարավորություններին:
Այս հավատով` մենք պետք է հաղթահարենք հնի բացասական իներցիան և մեր
կյանքում արմատավորենք նոր` դրական ավանդույթներ` 21-րդ դարի քաղաքակիրթ
հանրությանը բնորոշ ավանդույթներ:
Մենք առաջնայնորեն պետք է հաղթահարենք մեր հասարակությանը համակած այն
հիվանդությունը, որ կոչվում է կոռուպցիա: Այս ճանապարհին կիրառվելու են և՜
վիրահատական, և՜ մյուս բոլոր օրինական մեթոդները:
Մենք անհրաժեշտաբար պիտի փոխենք մեր վերաբերմունքը հայրենի պետության
հանդեպ, մեր վարքը` փողոցում, ուսման և աշխատանքի վայրում: Փոխե'նք
մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն, փոխե'նք օրենքները, որ անկատար են:
Փոխե'նք` դարձնելով ավելի լավը:
Բայց և ամեն մի փոփոխություն դեպի լավը` ինքնին ամրապնդում է հավատը:
Ուրեմն, նաև փոխվե'նք, որ հավատանք: Սնուցե'նք մեր հավատը գործերով:
Մենք հավատում ենք մեր ազգի և պետության ներուժին և վճռական ենք փոխվելու
ու փոխելու` հանուն մեր նվիրական իղձերի ու նպատակների իրականացման:
Հավատա'նք, և բոլորս միասին կփոխենք մեզ ու մեր երկիրը:
Հավատա'նք, որ փոխենք: