«ՀՀԿ
13—րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ծրագրային ելույթում
եւս մեկ անգամ արժեւորվեց ազգային պահպանողական աշխարհընկալումը, դրա
արդիականությունը։ Եվս մեկ անգամ ներքաղաքական դաշտին ու ամբողջ աշխարհին
հասկանալի դարձավ, որ ՀՀԿ—ի եւ մեր երկրի բռնած քաղաքական կուրսը՝
եվրաինտեգրումը, ինչպես նաեւ մեր գաղափարախոսությունը՝ ազգային
պահպանողականությունը, համադրելի են»,–անդրադառնալով ՀՀԿ 13—րդ
համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթին,
«Panorama.am»—ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար
Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ դրանով շատ ու շատ գործիչների եւ վերլուծաբանների
հույսերը, ովքեր փորձում են այս աշխարհընկալումների մեջ հակադրություններ
գտնել, հօդս ցնդեցին, ինչը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ
վերջերս ՀՀԿ—ն անդամակցեց Եվրոպայի ամենամեծ կուսակցությանը՝ ԵԺԿ—ին
(Եվրոպայի ժողովրդական կուսակցություն)։
«ԵԺԿ—ն եւս դավանում է այդ գաղափարական արժեհամակարգին, որի հիմքում,
իհարկե, ընկած են ընտանիքը, ազգային արժեհամակարգը, լեզուն պահպանելու
հիմնադրույթները։ Փորձել հակասություն գտնել եվրոպական արժեհամակարգի,
դեմոկրատական արժեհամակարգի եւ այն արժեհամակարգի մեջ, ինչին դավանում է
ՀՀԿ—ն՝ իր ստեղծման օրից մինչեւ հիմա, շինծու եւ կեղծ փորձ է, որն ուղղված է
խեղաթյուրելու մեր գաղափարախոսությունը եւ խոչընդոտելու փորձ՝ ՀՀ
ինտեգրման գործընթացին»,–ասել է Է. Հովհաննիսյանը։
|