ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց
ցեղասպանության վերաբերյալ մի քանի հարցերով դիմել է ԱՄՆ պետքարտուղար
Հիլարի Քլինթոնին` ԱՄՆ Կոնգրեսում վերջինիս ելույթի ժամանակ:
Ադամ Շիֆը Քլինթոնին հիշեցրել է
ցեղասպանության վերաբերյալ իր նախկինում արած հայտարարությունները` դրանք
համեմատելով նրա օրերս արած հայտարարությանն այն մասին, որ Հայոց
ցեղասպանությունը պատմական վեճի առարկա է, հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:
Հիլարի Քլինթոնը հերթական անգամ խուսափողական պատասխան է տվել`
օգտագործելով այնպիսի բնութագրումներ, ինչպիսիք են «սարսափելի դեպքեր»,
«20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկը»:
Քլինթոնը նաեւ հիշեցրել է Օբամայի` ապրիլի 24-ի ամենամյա ուղերձը, որտեղ նա
հայտարարել է, որ «տեղի ունեցած փաստերի ամբողջական, անկեղծ եւ պարզ
ճանաչումը բոլորի շահերից է բխում», եւ որ հայ եւ թուրք ժողովուրդների ու
նրանց կառավարությունների վրա է ընկնում այդ հարցի լուծման
պատասխանատվությունը:
Ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծի հեղինակներ Ադամ Շիֆն
ու Ռոբերտ Դոլդը փետրվարի 27-ին նամակ են հղել Քլինթոնին, որը ստորագրել են
եւս 59 գործընկերներ Ներկայացուցիչների պալատից, որում նրանք կոչ են արել
հրաժարվել վերջերս արված իր հրապարակային հայտարարությունից, որտեղ
Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը ներկայացրել է որպես «պատմական դեբատների»
հարց:
Կոնգրեսականներ Ջես Ջեքսոնը եւ Սթիվ Ռոթմանը աջակցել են Ադամ Շիֆի դիրքորոշմանը,- հաղորդում է News.am-ը:
|