Հայ Հեղափոխական Դաշնակցության հրապարակած հռչակագրի համաձայն`
կուսակցության քաղաքականությունն առաջիկա 5 տարիներին հիմնված է լինելու 4
հիմնական առաջնահերթությունների վրա` սոցիալական, տնտեսական
քաղաքականություն, ժողովրդավարություն եւ ազգային խնդիրներ: Սոցիալական
ոլորտում նախատեսվում է աղքատության կրճատում` 10 անգամ, միջին խավի
ձեւավորում, որն իր հերթին երաշխավորելու է բարեկեցիկ կյանք:
Հռչակագրվում նշվում է. ” Աղքատության շեմ կհամարվի կենսապահովման
նվազագույն բյուջեի մեծությունը, կերաշխավորվի յուրաքանչյուր քաղաքացու`
դրանից ոչ ցածր եկամուտ ունենալու իրավունքը: Մարդավայել կենսաթոշակ կտրվի
յուրաքանչյուր թոշակառուի, արժանապատիվ վարձատրություն կսահմանվի բոլոր
աշխատողների համար (ներկա ցուցանիշներով միջին կենսաթոշակը կլինի` 63.000
դրամ (այժմ` 31.255 դրամ է), նվազագույն ժամային աշխատավարձը կլինի 400
դրամից ոչ պակաս (այժմ` 196 դրամ է), կկրկնապատկվի ՀՆԱ-ն, կեռապատկվի
պետական բյուջեն, կստեղծվի շուրջ 200 հազար նոր աշխատատեղ, յուրաքանչյուր
աշխատունակ մարդու կտրվի աշխատանքի հնարավորություն”:
Հռչակագրում կա խոստում` յուրաքանչյուրին հասանելի դարձնել որակյալ
առողջապահությունը, կարիքավոր ընտանիքներին ապահովել սոցիալական
բնակարանով, զսպել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ խմելու ջրի
սակագները: Երկրորդ գերակայությունը տնտեսությունն է` այն կայուն, զարգացող
եւ մրցունակ դարձնելու հեռանկարով:
ՀՅԴ-ն խոստանում է բացառել սեփականության իրավունքի ոտնահարումը,
ձեւավորել տնտեսության ազատ մրցակցային միջավայր, ինչի մասին խոսվում է
բազմիցս` կառավարական մակարդակով` մնալով որպես չիրականացված խոստում:
Կիրականացվի տնտեսության դիվերսիֆիկացիային, տնտեսական աճին եւ
տեղական արտադրության հզորացմանը միտված դրամավարկային եւ բյուջետային
քաղաքականություն: Կնվազեցվեն ավիատոմսերի գները, ինչը կխթանի տուրիզմը,
մատչելի պայմաններ կստեղծի մարդկանց ազատ տեղաշարժի համար:
Գյուղատնտեսության պետական աջակցության սուբսիդիաների, դոտացիաների եւ
արտոնությունների տրամադրմամբ փորձ է արվելու երկրի պարենային
անվտանգությունն ապահովել, իսկ մարզերի համաչափ զարգացման շուրջ
խոսակցությունները վերածել ռեալ գործի: Երրորդ գերակայությունը ժամանակակից
ազգային-ժողովրդավարական պետության կառուցումն է, որի համար նախատեսվում է
սահմանադրական փոփոխություն:
Արտաքին ճակատում ՀՅԴ-ն գործունեությունը փորձում է կառուցել բոլոր
պետությունների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերությունների
պատկերացումն ունենալով` առանց զիջելու եւ վտանգելու համազգային
ձեռքբերումները: Բնականաբար, ներառված է Ղարաբաղի հարցն ու հայ թուրքական
հարաբերությունները, այն է`
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կիրականացվի` չնահանջելով
Արցախի ժողովրդի համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտած
կամքից, հետ կկանչվի Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական
արձանագրություններից: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների
կարգավորմանը չեն զոհաբերվի համազգային նպատակները, պատմական արդարության
վերականգնման հեռանկարը:
Նաեւ անելիքներ են նախատեսված ազատամարտիկների եւ զինծառայողների
ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Օրերս իրենց
ծրագրերը կհրապարակեն ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած
մյուս կուսակցությունները եւս, եւ միայն ընտրողին է հասու վերլուծել,
հավատալ ու գնահատել դրանց իրականացման հնարավորությունները: