ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 17:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 2 » «Ինձ հայ երիտասարդների եղբայրն եմ համարում» Ներկայացնում ենք Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հայազգի հավակնորդի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին
18:15
«Ինձ հայ երիտասարդների եղբայրն եմ համարում» Ներկայացնում ենք Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հայազգի հավակնորդի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին
 
Մաքսիմ Վերները (Վեռներ-Կրեկջյան) ծնվել է Լիոնում, Ֆրանսիա, 1989թ. սեպտեմբերի 11-ին: Մայրն ազգությամբ հայ է, հայրը` իտալացի: 2000 թվականից սկսել է ակտիվ գործունեություն ծավալել տարբեր ասոցիացիաներում: Տաքսու վարորդի եւ տնային տնտեսուհու որդին մեծացել է Գրենայ գյուղում, հետո տեղափոխվել Բրոն քաղաք: Սովորում է Սորբոնի համալսարանի քաղաքական հարաբերությունների ֆակուլտետում:

2011-ին  փարիզյան «Մաքս Միլո» հրատարակչությունում լույս տեսավ Վերների «Երիտասարդներ բոլոր տարիքների, միացե՛ք մեզ. 89 առաջարկ 2012-ի համար» գիրքը, որը նվիրված է առավելապես երիտասարդությանը հուզող հարցերին` պատգամավոր եւ սենատոր ընտրվելու տարիքն իջեցնելու, վարորդական իրավունք ստանալու խնդիրներին եւ այլն: Գրքում նա առաջարկում է նաեւ բաց դպրոցներ ստեղծել վարժարաններում ցածր առաջադիմություն ունեցողներին ուսումն ավարտելու հնարավորություն տալու համար, հիմնել տարեցների եւ երիտասարդների ծառայությունների, հմտությունների փոխանակման միջսերնդային գործակալություն, «աշխատանքային գործունեություն սկսողների հետ համերաշխության հիմնադրամ», որպեսզի ուսումն ավարտած եւ աշխատանք փնտրող երիտասարդներն ամսական 400 եվրո նպաստ ստանան: 

Մաքսիմը Ֆրանսիայի երիտասարդների ընկերակցության նախագահն է: Նա առնվազն 500 ստորագրություն պետք է հավաքի, որպեսզի կարողանա իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Մինչ այս պահը նա արդեն 350 ստորագրություն է հավաքել:

- Մաքսիմ, քո տարիքում երիտասարդների մեծ մասը դեռ սովորում է, ավելի շատ գիտելիքներ կուտակում ու հետո միայն սկսում քաղաքական գործունեություն ծավալել: Ինչո՞ւ  որոշեցիր «շտապել»:

- Որովհետեւ դա հրատապ է, հրատապ իմ երկրի ու իմ սերնդի համար: Ճգնաժամի հետեւանքները սարսափելի են, բայց եթե մենք գիտենք, թե ինչպես արձագանքել դրանց, այդ վիճակից դուրս կգանք ավելի ուժեղացած: Այդ իսկ պատճառով որոշեցի ներկայումս ինքնազոհաբերության գնով ինձ վրա պարտականություն վերցնել ապագայի համար: 

- Դու քեզ անվանում ես «երիտասարդության թեկնածու»: Իսկ ի՞նչ խնդիրներ ունի Ֆրանսիայի երիտասարդությունը: Արի՛ խոսենք նաեւ Ֆրանսիայում բնակվող հայ երիտասարդների խնդիրների մասին:

- Ավելի երիտասարդ սերունդները Ֆրանսիայում առկա ոչ ստանդարտ իրադրության զոհն են: Իսկապես, նրանք առաջիններից են, ովքեր իրենց վրա են զգում ճգնաժամը: Նրանք թոշակ չեն ստանալու, չեն կարողանալու անշարժ գույք կամ այլ սեփականություն ձեռք բերել: Չնայած երիտասարդները գտնում են աշխատանք ուսման երկար տարիներից հետո, բայց այդ աշխատանքային պայմանագրերն էլ կայուն չեն: 

Հայ երիտասարդների մասին` նրանք բավականին ինտեգրված են ֆրանսիական հասարակությանը: Նրանք եւս ֆրանսիացի են, ուստի ունեն նույն այն խնդիրները, որոնք ունեն ֆրանսիացի երիտասարդները:
 
- Քո հարցազրույցներից մեկում նշել էիր, որ «հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ երիտասարդները»: Եթե ընտրվես Ֆրանսիայի նախագահ, ինչպիսի՞ն կլինի քո տեսակետն այս հարցի շուրջ:
 
- Ես կառաջարկեմ ԵՄ անդամ երկրներին ընդունել իրենց շարքերը թե Թուրքիային, թե Հայաստանին` 10 տարի փորձաշրջանով: Դրա շնորհիվ սահմանները կբացվեն, իսկ Եվրոպան նոր շարժիչ կունենա: Սա կօգնի նաեւ երկու երկրների հաշտեցմանն ու զարգացմանը: 

- Ըստ քո կանխատեսումների, քանի՞ տոկոս ձայն կստանաս ընտրությունների ժամանակ:  

- Կարծում եմ, 1 միլիոնից ավելի ֆրանսիացի կքվեարկի իմ օգտին: Բայց ինձ դեռ 500 ստորագրություններ են պետք, որպեսզի իրավունք ստանամ մասնակցելու ընտրություններին, ու ես ավելի քան 350 ստորագրություններ այսօրվա դրությամբ արդեն ունեմ:  

- Քո առաջին ռեակցիա՞ն, երբ հայտարարեն, որ Մաքսիմ Վերներն ընտրվել է Ֆրանսիայի նախագահ:

- Ես այդ պահին կմտածեմ Ֆրանսիայի բոլոր երիտասարդների մասին, եւ իմ մեծ պապի մասին, ով եկավ Ֆրանսիա, շատ աշխատեց, որ պահի իր ընտանիքը, եւ արդյունքում ինտեգրվեց Ֆրանսիայում որպես քաղաքացի: 

- Ի՞նչ կարծիք ունես Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին:
 
- Ես հավատում եմ, որ պետք է ներդրումներ կատարել կրթական համակարգում, սովորեցնել ու բացատրել ֆրանսիացի երիտասարդներին, թե ինչ է այդ օրենքն իրենից ներկայացնում: Այդ դեպքում նրանք էլ դեմ կլինեն Ցեղասպանության ժխտմանը: 

- Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչեց…

- Իմ դիրքորոշումն այն է, որ պատմությունն առկա է յուրաքանչյուրի սրտում:
Օրենքը կարող է զարգացում ունենալ, բայց դա ոչինչ չի փոխի: Ուստի, եթե մենք ցանկանում ենք պաշտպանել ֆրանսահայերին, մեզ պետք է ոչ թե «թերապեւտիկ» օրենք, այլ կրթական ոլորտում գործունեություն, հիշողության պարտավորություն Ֆրանսիայի ողջ երիտասարդության համար:  

- Ֆրանսիայում գործող ո՞ր հայկական կազմակերպություններն են արդեն հայտարարել քեզ աջակցելու մասին: Բացի այդ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է հայ համայնքի դիրքորոշումը քո առաջադրման մասին: Ի՞նչ ես կարծում, նրանք կքվեարկե՞ն քո օգտին:
  
- Հայկական ծագում ունեցող Ֆրանսիայի քաղաքացիները չեն քվեարկելու որպես մեկ մարդ, նրանք տարբեր համոզմունքներ ունեն: Հույս ունեմ, որ կլինեն շատերը, ովքեր ինձ կաջակցեն, բայց, միեւնույն ժամանակ, հասկանում եմ նաեւ նրանց, ովքեր այլ դիրքորոշում ունեն:  

- Լավ, մի կողմ դնենք քաղաքականությունը ու խոսենք քո մասին. ինչպիսի՞ մարդ է Մաքսիմ Վերները:  

- Ակտիվ պեսիմիստ է, ով, սակայն, միշտ փորձում է գտնել եւ տալ իր լավագույն որակները, ով միշտ առաջ է շարժվում` նույնիսկ հոսանքին հակառակ: Իրականում, ինձ դուր է գալիս տեսնել ինձ որպես երիտասարդ, Ֆրանսիայի ազատ քաղաքացի: 

- Պատմիր քո նախասիրությունների մասին:

- Արվեստ եմ շատ սիրում, սիրում եմ կարդալ, հատկապես Նիցշե, Բոդլեր, գրել եմ սիրում, երաժշտություն` Ազնավուր, Բարբարա, կինո եմ սիրում եւ այլն:  

- Հիմա Սորբոնի համալսարանում ես սովորում: Իսկ դասախոսներդ ինչպե՞ս են վերաբերվում քո քաղաքական գործունեությանը:

- Նրանք հարգանքով են վերաբերվում իմ պարտականություններին, չնայած շատերը չեն հասկանում, թե ինչպես կարելի է պարտականություններ ստանձնել՝ դրա դիմաց որեւէ բան չակնկալելով: 

- Մաքսիմ, նկարագրիր, թե ինչպես է անցնում նախագահության հավակնորդի մեկ օրը:  

- Ես աշխատում եմ թիմիս հետ ժամանակացույցին համապատասխան. թիմը կազմակերպում է հավաքներ, աշխատում իմ հիմնավորումների վրա: Հետո ճանապարհորդում եմ, հանդիպում քաղաքացիների, ասոցիացիաների, ընտրված ներկայացուցիչների, երիտասարդների հետ, հարցազրույցներ եմ տալիս ԶԼՄ-ներին: Երբեմն հանդիպում եմ մյուս թեկնածուների հետ: 

- Իսկ ինչի՞ մասին ես երազում:  

- Միասնական երկրի մասին, որը հպարտ է, մեծահոգի եւ մյուս երկրների համար կառավարման մոդելի օրինակ:  

- Դժվա՞ր է հայտնի լինել առօրյայում:

- Ես հայտնի չեմ, ու դա շատ ավելի լավ է: Վատ կլիներ, եթե ես չկարողանայի ապրել նորմալ կյանքով, լինել ընտանիքիս ու ընկերներիս հետ, լինել հասարակական վայրերում ու այսպես շարունակ: Ես սիրում եմ իմ ազատությունը: Ես դերասան չեմ, այլ քաղաքական գործիչ: Այսպիսով, անձնական կյանքի ու քաղաքական գործունեության միջեւ սահմանն ավելի քան պարզ է դառնում:

- Ովքե՞ր են քո ընկերները եւ ու՞մ հետ ես ազատ ժամանակիդ մեծ մասն անցկացնում: Դժվա՞ր է լինել միաժամանակ լավ քաղաքական գործիչ եւ լավ ընկեր:

- Ամենաշատը տեսնում եմ այն ընկերներիս, ովքեր որոշեցին աջակցել ինձ ընտրարշավի ընթացքում: Իսկ մյուսներին տեսնելու համար շատ քիչ ժամանակ եմ ունենում: Այն քաղաքացիները, ում հանդիպում եմ ամեն օր, տալիս են ինձ այն ամենը, ինչի կարիքն ես ունեմ. նրանք են իմ սոցիալական կյանքն ընտրարշավի ընթացքում: Եվ դա ավելի քան բավականացնում է ինձ: 

- Մաքսիմ, հայերը շատ ուրախ եւ հպարտ են քո առաջադրմամբ: Իսկ ի՞նչ նշանակություն ունի քեզ համար Հայաստանը:

- Շատ շնորհակալ եմ, ես իսկապես ուրախ եմ, երբ ինձ բնորոշում են որպես հայկական արմատներով երիտասարդ, ով առաջադրվում է որպես Ֆրանսիայի նախագահի թեկնածու: Ինձ համար հայերը խորիմաստ մարդիկ են, եւ ես զգում եմ դա իմ մեջ, դա իմ մի մասնիկն է, եւ ես դրա մասին մտածում եմ ամբողջ ժամանակ: 

- Իսկ հայերեն գիտե՞ս, ընտանիքում հայերեն խոսու՞մ եք:

- Չէ, գիտեմ հայերեն մի քանի արտահայտություններ, տանը միշտ ֆրանսերեն ենք խոսել: Ես որոշել էի հայերեն սովորել, բայց այնքան էլ լավ սովորող չեմ (ժպտում է – հեղ.):

- Պատմիր ընտանիքիդ մասին:

- Երեք եղբայր ունեմ: Մայրս հայ է, իսկ հայրս ունի իտալական ծագում: Մենք շատ մոտ ենք իմ մոր ընտանիքի հետ, որի անդամները, դժբախտաբար, քիչ-քիչ հեռանում են կյանքից: Սա իմ կյանքի աղբյուրն է. ես եկել եմ այնտեղից ու երբեք չեմ ուրանա դա: 

- Գիտեմ, որ պապիկիդ տունը Էրզրումում է, ու դու էլ նախատեսում ես շուտով այցելել Թուրքիա: Իսկ Հայաստանում քեզ ե՞րբ կտեսնենք:

- Այո, երբեք չեմ եղել Հայաստանում, բայց պլանավորում եմ գալ շուտով: Շատ ուրախ կլինեմ ճանաչել Հայաստանը, նաեւ հայերին: Կարծում եմ, դա հենց 2012-ի ընթացքում էլ կլինի: 

-Ի՞նչ կցանկանայիր ասել հայ երիտասարդներին: 

- Ես նրանց հավատում եմ, չեմ ցանկանում խառնվել նրանց ճակատագրին, նրանք ինքնիշխան են: Բայց իմ բոլոր մտքերը նրանց հետ են, ուզում եմ, որ նրանք ավելի ինտեգրվեն հասարակությանը, որպեսզի ազատությունը նրանց օգնի ինչ-որ բան կերտելու ունակության ավելացմանը: Ես ինձ հայ երիտասարդների եղբայրն եմ համարում եւ նվիրված եմ նրանց:  

Նարինե Դանեղյան
«Մեդիամաքս»
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 464 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024