Երկրում
կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունները գտնվում են ոչ միայն
հայ, այլեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Հայաստանում
ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը երեկ լրագրողների հետ
զրույցում, անդրադառնալով նախընտրական գործընթացներին, նշեց, որ իրենք
հետեւում են նախընտրական գործընթացներին, միաժամանակ աշխատանքներ տանում
քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների եւ քաղաքացիական
հասարակության հետ, որպեսզի ընտրությունները լավ ընթանան։ Դիվանագետն
անձամբ լավատեսորեն է տրամադրված ընտրությունների կայացման հարցում։ Ջոն
Հեֆֆերնը հույս հայտնեց, որ ինչպես նախընտրական ժամանակահատվածում, այնպես
էլ՝ քվեարկության օրը կապահովվեն ընտրական օրենսգրքով ամրագրված բոլոր
պայմանները, մասնավորապես՝ լրատվամիջոցներում կապահովվի հավասար
հասանելիություն բոլոր կողմերի համար, կլինեն նաեւ խաղի հավասար պայմաններ։
Նա նշեց, որ իրենց կողմից պատրաստ են ցուցաբերել գործընթացին անհրաժեշտ
աջակցություն։ Խոսելով հետընտրական փուլում հնարավոր բացասական
զարգացումների մասին՝ ԱՄՆ դեսպանն ընդգծեց, որ ապագայի համար
ենթադրություններ անել չի կարող՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ լավատես է
ընտրությունների հարցում։ «Կա լավ ընտրական օրենսգիրք, եւ մենք ակնկալում
ենք, որ այն նորմալ կերպով կիրականացվի ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես
էլ՝ մյուսների կողմից։ Հետագայի համար ենթադրություններ անել չենք կարող,
պարզապես կհետեւենք եւ կտեսնենք»,–եզրափակեց ամերիկացի դիվանագետը։ hhpress.am
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
|