«Եղնիկների»
19—ամյա զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով նախաքննության ընթացքում
նոր զարգացումներ են գրանցվել։ Մասնավորապես, ՊՆ քննչական ծառայության
հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Panorama.am»—ին
տեղեկացրեց, որ գործով կալանավորվածների թիվը հասել է 3—ի՝ «Եղնիկներ»
զորամասի ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանից բացի, կալանավորվել են նաեւ
նույն զորամասի կրտսեր սերժանտներ Էրիկ Սարգսյանը եւ Գեւորգ Մանուկյանը։
Էրիկ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359
հոդվածի 1—ին մասի (զինվորական կանոնագրքի խախտում) հատկանիշներով, եւ նրա
նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Ինչ վերաբերում է Գեւորգ
Մանուկյանին, ապա նրան էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի
375 հոդվածի 1—ին մասով (իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ
իշխանության անգործություն)։
1993 թվականին ծնված Տիգրան Վանոյի Վարյանը, ըստ պաշտոնական
հաղորդագրության, սպանվել է փետրվարի 29—ին ժամը 9.30—ից 10.00—ի
սահմաններում՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային
ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի («Եղնիկներ») դիտակետում,
նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից։
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3—րդ կայազորային քննչական վարչությունում
քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1—ին մասի
հատկանիշներով՝ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական
արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի
դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության
փորձի հասցնելը»։
Այս գործի շրջանակներում մարտի 3—ին ՀՀ քր. օր. 375 հոդվածի 1—ին մասով
(իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ իշխանության
անգործություն) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով
ձերբակալվել էր հենակետի ավագ, լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը։
|