Գործադիրը հաստատել է համապատասխան հայեցակարգը
Գործադիրը երեկ հավանություն տվեց մեր երկրի տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձեւավորման եւ զարգացման հայեցակարգին ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին։
Ըստ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ԱԻՆ—ի եվրոպական զարգացած երկրների փրկարարական կառույցների հետ սերտ համագործակցությունը, այդ ընթացքում նրանց փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եվրոպական եւ ՀԱՊԿ երկրները մեծ տեղ են տալիս կամավորական փրկարարական շարժմանը, նրանց ներգրավում են պետական ուժերի հետ համատեղ ծառայության, աշխատանքների մեջ՝ տալով որոշակի արտոնություններ։ «ՀՀ պետական բյուջեի սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս ոչ թե ամբողջությամբ, այլեւ կիսով չափ նույնիսկ ֆինանսավորել պետական փրկարարական ուժերին, ապահովել անհրաժեշտ հաստիքներով։ Ուստի՝ այս տեսանկյունից նույնպես պետք է շեշտը դնել կամավորական փրկարարական համակարգի ու ուժերի զարգացման վրա»,–ասաց Ա. Երիցյանը։
Մեր երկրի տարածքին հատուկ են բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների գրեթե բոլոր տեսակները։ Հաճախակիացել են մարդկային, նյութական եւ տեխնիկական ուժերի ներգրավում պահանջող արտակարգ իրավիճակները։ Արտակարգ իրավիճակների բնագավառում լիազորված մարմնի՝ ԱԻՆ—ի ուժերով հնարավոր չէ դիմակայել այնպիսի արտակարգ իրավիճակներին, ինչպիսիք են երկրաշարժերը, սողանքները, ջրհեղեղները, անտառային եւ խոտածածկ տարածքներում տեղի ունեցող հրդեհները, արդյունաբերական խոշոր վթարները։ Նման դեպքերում արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման գործում տարերայնորեն եւ առանց համապատասխան տեխնիկական միջոցների, ներգրավվում է հատուկ ուսուցում չանցած բնակչությունը, որոնց աշխատանքի արդյունավետությունը բավականին ցածր է։ Արտասահմանյան զարգացած երկրներում բնագավառի փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զգալի է հասարակական, կամավորական փրկարարական միավորումների եւ խմբերի ներդրումը արտակարգ իրավիճակներին դիմակայելու աշխատանքներում։
Այժմ մեր երկրում կազմավորվել են մի քանի տասնյակ ուսանողական, դպրոցական հասարակական եւ կամավորական փրկարարական, իսկ մարզերում նաեւ համայնքային խմբեր ու խմբակներ, որոնց աշխատանքի արդյունավետությունը դեռ խիստ ցածր է։ Արտակարգ իրավիճակներին արձագանքում են պետական փրկարարական ուժերը, որոնց սակավ թվաքանակը ոչ բոլոր դեպքերում է ապահովում արդյունավետ հակազդում։ «Մենք ուզում ենք ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կրճատելու արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակը, բարձրացնել բնակչության պաշտպանվածության վիճակը, պետության կողմից իրականացվող ծախսերը, տնտեսությանը հասցվող վնասները»,–շեշտեց ԱԻ նախարարը։ Նա վստահ է, որ հայեցակարգի ընդունումը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների արձագանքմանը ներգրավել բնակչության լայն շրջանակներին, զգալիորեն բարձրացնել բնակչության պաշտպանվածության մակարդակը ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ կենցաղային պատահարների դեպքում, խնայել ֆինանսական եւ նյութական զգալի միջոցներ։
Սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ մեր երկրում տարեկան արձանագրվող հազարավոր հրդեհների, բնական, տեխնածին աղետների եւ պատահարների հետեւանքով զոհվում են հարյուրավոր մարդիկ, մի քանի հազարը՝ ստանում տարբեր աստիճանի վնասվածքներ, բնակչությանը եւ պետությանը պատճառվում է միլիարդավոր դրամների վնաս։ Տարեցտարի աճող, նույնիսկ զարգացած երկրների համար, արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմինների ուժերով դիմակայելը գործնականում անհնար է դառնում, իսկ ուժերի բազմապատկման համար լրացուցիչ ներդրումների պատրաստ չեն անգամ ամենազարգացած երկրները՝ ԱՄՆ–ը, Ճապոնիան, Գերմանիան, Շվեդիան եւն։ Փրկության են գալիս կամավորական շարժումները։ Վերջիններիս փրկած մարդկանց եւ նյութական արժեքների թիվը շատ երկրներում կազմում է դեպքերի ընդհանուր թվի եւ մյուս ցուցանիշների 30—40%—ը։ «Հայաստանում այս ցուցանիշները խիստ ցածր են։ Հանրապետության բնակավայրերի եւ տարածքների պաշտպանությունը, փաստորեն իրականացվում է ԱԻՆ փրկարար ծառայության 62 հրշեջ—փրկարարական (3—ը՝ կազմակերպությունները պահպանող), 1 հատուկ փրկարարական եւ 10 մարզային փրկարարական ջոկատների ուժերով, որոնց մեծ մասը վերազինման կարիք ունի»,–նշեց նախարարը։
Ինչ փուլերով է իրականացվելու հայեցակարգը։ Նախ՝ հասարակական, կամավորական փրկարարական շարժման իրավական դաշտն է ապահովելու, կամավորական փրկարարական խմբեր կամ միավորումներ են ստեղծվելու, տարածքներ են տրվելու, տեխնիկա ու սարքավորումներ են ձեռք բերվելու։ Կամավորների աշխատանքը հիմնականում անվճար է, սակայն հասարակական, կամավորական միավորումների գործունեության համար պահանջվում են որոշակի ակտիվներ, շինություններ, որոնց ֆինանսավորումը, որոշ երկրների օրենսդրության համաձայն, իրականացվում է պետական բյուջեից, հրդեհներից ապահովագրող ընկերությունների կողմից գանձվող մուծումներից, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներից։ Ֆինանսական միջոցները կարող են ձեւավորվել նաեւ նվիրատվություններից, կամավորական շարժման աջակցման միջազգային դրամաշնորհային տարբեր նախագծերից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|