ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակում Երեւանում երեկ մեկնարկել է «Միասնական հարկային օրենսգրքի մշակում. փոփոխություններին ընդառաջ» միջազգային համաժողովը։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ եւ կայուն զարգացման տեսանկյունից։ «Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որով առանձնակի կարեւորվում է մեր երկրի գործարար եւ ներդրումային, այդ թվում՝ հարկային միջավայրի շարունակական բարելավման խնդիրը։ Այս առումով, միջազգային լավագույն փորձին համահունչ հարկային օրենսգրքի մշակումը եւ ներդրումը կարեւոր խթան կհանդիսանան մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավման եւ ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման գործում։ Մյուս կողմից, լիահույս ենք, որ հարկային օրենսգրքի ընդունմամբ օտարերկրյա գործընկերների շրջանում նկատելիորեն կբարձրանա Հայաստանի Հանրապետության վարկանիշը որպես կայուն ու զարգացած հարկային համակարգ ունեցող եւ վստահելի գործընկեր երկիր։
Հարկային օրենսգիրքը մշակվելու է՝ հաշվի առնելով մեր տնտեսության գերակայությունները, զարգացման հնարավորություններն ու սահմանափակումները, ինչպես նաեւ տարածաշրջանային առաջնահերթությունները։ Նոր հարկային օրենսգիրքը պետք է առավելագույնս նպաստի արտահանմանը կողմնորոշված եւ ներմուծմանը փոխարինող գիտելիքահեն եւ ոչ հումքային արտադրությունների զարգացմանը։ Մյուս կողմից, հարկային օրենսգրքի մշակումը պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետ պայքար մղել ստվերային շրջանառությունների դեմ։ Ամրապնդվելու է հարկման բազան, ավելացվելու են պետության հարկային եկամուտները, հատկապես խոշոր ձեռնարկատիրության լիարժեք հարկման ճանապարհով, ինչը կառավարությանը սոցիալական, առողջապահական, բնապահպանական, քաղաքաշինական եւ այլ հանրօգուտ ոլորտներում առավել հավակնոտ, ընդգրկուն ու շարունակական ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։
Ընդգծելով, որ միասնական հարկային օրենսգրքի մշակումը ենթադրում է մեծածավալ աշխատանքների իրականացում, կառավարության ղեկավարը կարեւորել է շահագրգիռ կողմերի՝ բոլոր քաղաքական ուժերի, գործարարների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ ու արդյունավետ փոխգործակցությունը։ «Հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվելու են առավելագույնս թափանցիկ. այդ աշխատանքների ընթացքում ներկայացվող առաջարկությունները, ծագող խնդիրները կամ հարկային համակարգին վերաբերող կարեւոր փոփոխությունները նախապես քննարկվելու են գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ՝ տարբեր հարթակներում ու տարբեր ձեւաչափերով կազմակերպվող հանդիպումների ընթացքում»,–հավելել է վարչապետ Աբրահամյանը։
Գործադիրի ղեկավարը համաժողովի մասնակիցներին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք եւ հորդորել միահամուռ ուժերով ներգրավել այս կարեւոր ձեռնարկի աշխատանքներում։ «Ես այս հարցի մասին դեռ խոսել եմ երկու տարի առաջ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում աշխատելու ընթացքում։ Հարկային օրենսգրքի ներդրումն իրապես մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից մեկն է լինելու»,–եզրափակել է վարչապետը։
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքերով՝ մտադիր ենք ունենալ երկարաժամկետ հատվածի հարկային օրենսգիրք, ինչը կբխի տնտեսության զարգացման հեռանկարային հայեցակարգից եւ կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը։ Ըստ ֆինանսների նախարարի, ձեւավորման ու շարունակական զարգացման ավելի քան 20 տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել հարկային համակարգում։ Շեշտադրելով վերջին տարիներին ոլորտի էական ձեռքբերումները՝ էլեկտրոնային կառավարման նոր համակարգի ու տեխնոլոգիաների ներդրումը, հարկ վճարողների սպասարկման ընթացակարգերի բարելավումը, բազմաթիվ բիզնես գործընթացների ավտոմատացումը, հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ կադրային ներուժը, Գագիկ Խաչատրյանն ընգծել է, որ այս ամենին զուգահեռ ժամանակակից հարկային համակարգերին հատուկ եւ առաջադիմական լուծումներով հարկային օրենսգրքի մշակումը եւ կիրառումը կարեւոր ներդրում կլինեն հայաստանյան հարկային համակարգի հետագա զարգացման գործում. «Հարկային համակարգը կլինի առավել կայուն, իսկ գործարար միջավայրի ու ներդրողների տեսանկյունից՝ առավել կանխատեսելի, կապահովվի պետական բյուջեի հարկային եկամուտների անհրաժեշտ մակարդակը։ Մեկ փաստաթղթում կհամախմբվեն եւ կպարզեցվեն հարկային օրենսդրությունն ու հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը, կվերանան դրանցում առկա կրկնությունները, անհստակությունները, տարընթերցման պատճառ հանդիսացող դրույթները։ Օրենսգրքով կամրապնդվեն հարկման հիմնարար սկզբունքները. հարկային քաղաքականությունը կլինի առավել հասցեական ու նպատակային, իսկ վարչարարությունը՝ առավել թափանցիկ։ Կկատարելագործվեն նաեւ արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու եւ հարկումից խուսափելու ռիսկերը կառավարելու գործիքները, կամրապնդվի հայաստանյան հարկային համակարգի մրցունակությունը»։
Միջոցառմանը կարեւորվել է նաեւ շահագրգիռ բոլոր կողմերի՝ պետության, մասնավոր հատվածի, հասարակության եւ միջազգային փորձագետների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը միասնական հարկային օրենսգրքի մշակման եւ ներդրման գործընթացին։
Միջազգային համաժողովի մասնակիցների շարքում են ՀՀ կառավարության անդամներ, Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, գործարար միջավայրի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ։ Կծավալվեն քննարկումներ Հայաստանում միասնական հարկային օրենսգրքի ներդրման անհրաժեշտության եւ այդ գործում պետական–մասնավոր երկխոսության կարեւորության վերաբերյալ, կներկայացվեն հարկային օրենսդրական բարեփոխման միջազգային, այդ թվում նաեւ Վրաստանի փորձը, հարկային եւ մաքսային բարեփոխումները Վրաստանում եւ այլն։
|