Գործադիրը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել հարկային ոլորտում, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ հետեւողական աշխատանքը կհանգեցնի մի վիճակի, երբ խոշոր գործարարը ամբողջությամբ հարկային դաշտում կաշխատի, իսկ փոքր ու միջին ձեռներեցներն էլ չեն դիտարկվի որպես հարկատու։ Ի դեպ, այս ամենին զուգահեռ խստացումներ էլ են նախատեսվում։
Ինչպես պարզաբանեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, եթե առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ ստուգման արդյունքում կարձանագրվի ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում, ապա պատասխանատվության միջոցներ կկիրառվեն։ 1. 2014թ. հոկտեմբերի 1—ից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածում չորրորդ անգամ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հարկ վճարողը կդադարի շրջանառության հարկ վճարող լինել եւ կհամարվի ԱԱՀ վճարող՝ անկախ ԱԱՀ—ի շեմը չգերազանցելու հանգամանքից։ Եվ այդպես կլինի տվյալ տարում եւ դրան հաջորդող մեկ տարում։ 2. 2015թ. հունվարի 1—ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածում երրորդ անգամ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը կդադարի լինել շրջանառության հարկ վճարող եւ կհամարվի ԱԱՀ վճարող՝ անկախ ԱԱՀ—ի շեմը չգերազանցելու հանգամանքից։ Այդպես կլինի տվյալ տարում եւ դրան հաջորդող մեկ տարում։ 3. 2016թ. եւ դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի կրկնակի խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը կհամարվի ԱԱՀ վճարող՝ անկախ ԱԱՀ—ի շեմը չգերազանցելու հանգամանքից՝ տվյալ տարում եւ դրան հաջորդող մեկ տարում։
Գ. Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ շրջանառության 3.5 տոկոսի շեմը փոխարինվեց 1 տոկոսով։ Այս ամենից զատ՝ փոփոխություն կլինի նաեւ այն իմաստով, որ շրջանառության հարկ վճարողները կպարտավորվեն փաստաթղթավորել բոլոր ապրանքների ձեռք բերման գործարքները։ Այլ կերպ՝ փաստաթղթի առկայությունը պարտադիր է դառնում։ «Հարկային մարմնին վերապահվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգել փաստաթղթի առկայությունը, իսկ 2015թ. հունվարի 1—ից կիրառվելու են պատասխանատվություններ։ Առաջին խախտման դեպքում կտրվի նախազգուշացում, 2—րդ խախտման դեպքում վարչական տուգանք՝ 20 հազար դրամի չափով, 3—րդ խախտման դեպքում՝ շրջանառության 5 տոկոս, 4—րդ խախտման դեպքում տեղափոխվում է ավելացված արժեքի հարկի դաշտ»,–ասաց Խաչատրյանը։ Նրա խոսքով, այս պատժամիջոցները կներդրվեն փուլային տարբերակով։
Ծրագրվում է նաեւ 2015—ից հանել նախազգուշացման, իսկ 2016—ից՝ տուգանքի ինստիտուտը։ 2016թ. հունվարի 1—ից, եթե ՓՄՁ—ն չունենա փաստաթղթաշրջանառություն, ապա հարկը կվճարի ավելի բարձր՝ 5 տոկոս դրույքաչափով (տե՛ս վերեւում)։ Հարկային ոլորտում մեկ այլ փոփոխության համաձայն, ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցներով վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս հարկային հաշիվներ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար կարող են կիրառվել հսկիչ—դրամարկղային մեքենաներ։
Ընտանեկան ձեռներեցները կազատվեն բոլոր հարկերից
Մյուս փոփոխությունը ընտանեկան բիզնեսի կարգավիճակ ներդնելուն է վերաբերում։ Ընտանեկան ձեռնարկատիրություն կհամարվի շահույթ ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող գործը։ Ընդ որում՝ անհատ ձեռնարկատերն էլ կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե վերջինս իր գործունեությունն իրականացնի բացառապես իր ընտանիքի անդամների (այդ թվում՝ որպես վարձու աշխատող) միջոցով։ Առեւտրային կազմակերպությունն էլ կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալը ամբողջությամբ պատկանում է ընտանիքի մեկ կամ մի քանի անդամների, եւ եթե կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես կազմակերպության բաժնետերերի ընտանիքի անդամների միջոցով։ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կհամարվեն այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ—ի (իրացման շրջանառություն), չի գերազանցել 12.0 մլն դրամը։ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն համարվի առք ու վաճառքով զբաղվող այն անձինք, ովքեր ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներ եւ ներմուծողներ են, նաեւ այն առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, եթե առեւտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը պատկանում է այլ ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս եւ ավելի բաժնեմասը։ Կամ՝ եթե առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի որեւէ մասի սեփականատեր հանդիսացող՝ ընտանիքի անդամին պատկանում է այլ ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս եւ ավելի մասնաբաժինը։
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները ինչ կարգի հարկեր ու վճարումներ են անելու։ Նախ՝ ինչպես հայտնեց Գագիկ Խաչատրյանը, ընտանեկան ձեռներեցները կազատվեն բոլոր պետական հարկերից։ Սա չի նշանակում, որ գումար չեն մուծելու, բայց դա չնչին կլինի։ «Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամներին ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում եւ վճարվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով՝ մինչեւ եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20—ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն»,–սա պետական ձեւակերպումն է։ Բացի այս՝ ընտանեկան ձեռներեցները առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարի։
Մի խոսքով, այս եւ այլ փոփոխությունները ֆինանսների նախարարը պայմանավորեց առք ու վաճառքով զբաղվող ՓՄՁ—ների եւ ընտանեկան ձեռներեցների համար հարկման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ «2013թ. հունվարի 1—ից ներդրվել է շրջանառության հարկի համակարգը, որի շրջանակներում հարկային պարտավորությունները հաշվարկվում են իրացման շրջանառությունների հիման վրա՝ գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված դրույքաչափերով՝ առանց հաշվի առնելու ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծախսերը։ Խնդիրն այն է, որ շրջանառության հարկ վճարողների կողմից կատարվող ձեռքբերումները չփաստաթղթավորելու մոտեցումը նկատելիորեն նպաստում է ստվերային շրջանառությունների ձեւավորմանը եւ սահմանափակում է շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարող խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկման հնարավորությունները»,–ասաց Գագիկ Խաչատրյանը։ Բացի այդ, գործող հարկային օրենսդրությամբ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար հարկման առանձնահատուկ մոտեցումներ նախատեսված չեն, ինչը սահմանափակում է այս խմբի տնտեսավարողների ձեւավորման ու զարգացման գործընթացները։ «Իրավիճակը շտկելու նպատակով ոչ միայն շրջանառության հարկի շեմն ենք նվազեցնում, այլեւ 2—3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացնում ենք ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքերում կիրառվող պատասխանատվության միջոցները։ Ընտանեկան ձեռներեցության մասով ներդնում ենք հարկման արտոնյալ համակարգ, բայցեւ սահմանում ենք, որ այդ արտոնությունից չեն կարող օգտվել «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքներով նախատեսված գործունեության տեսակներով, առք ու վաճառքով զբաղվող հարկ վճարողները»,–եզրափակեց Գագիկ Խաչատրյանը՝ միաժամանակ հավելելով, թե ընդհանուր առմամբ ակնկալվում է նպաստել տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորմանը եւ դրանով իսկ ապահովել խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկումը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|