Հայաստանի
հանրապետական կուսակցության գործադիր մարմինը կիրակի օրը կայացած նիստում
հաստատել է մայիսի 6—ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության
համամասնական ցուցակը։ 250 հոգանոց ցուցակը գլխավորում է Հայաստանի
նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Նրան հաջորդող 19
տեղերում հաջորդականությունը հետեւյալն է՝ Հովիկ Աբրահամյան, Տիգրան
Սարգսյան, Տարոն Մարգարյան, Սամվել Նիկոյան, Հրանուշ Հակոբյան, Գալուստ
Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Բեգլարյան, Հերմինե
Նաղդալյան, Արմեն Աշոտյան, Դավիթ Հարությունյան, Էդուարդ Շարմազանով,
Մանվել Գրիգորյան, Շուշան Պետրոսյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով
Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Արա Բաբլոյան։ Նույն օրը
«Ժառանգությունը» պաշտոնապես հրապարակել է «Ազատ դեմոկրատների» հետ միացյալ
թեկնածուների համամասնական ցուցակը։ Այն գլխավորում է «Ժառանգություն»
կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Երկրորդը «Ազատ
դեմոկրատներ»—ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, որին հաջորդում են ԱԺ
Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Ալեքսանդր Արզումանյանը (ԱԴ),
քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»), Թեւան Պողոսյանը
(անկուսակցական), Մասիս Այվազյանը (ԱԴ), Ստյոպա Սաֆարյանը
(«Ժառանգություն»), Իզաբելլա Աբգարյանը (անկուսակցական), Արման Մուշեղյանը
(անկուսակցական), Անուշ Սեդրակյանը (ԱԴ), Անահիտ Բախշյանը
(«Ժառանգություն»), Արմեն Մարտիրոսյանը («Ժառանգություն»), Արաքս Պողոսյանը
(անկուսակցական), Կարապետ Ռուբինյանը (անկուսակցական), Հովսեփ
Խուրշուդյանը («Ժառանգություն»), Վարդան Խաչատրյանը (անկուսակցական) եւ այլ
գործիչներ։ Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակի 250
անդամներն էլ կարեւոր են. այնտեղ անկարեւոր մարդ չկա, լրագրողների հետ
զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ
Շարմազանովը։ «Ռաֆիկ Պետրոսյանն էլ, Հովհաննես Սահակյանն էլ, մյուսներն
էլ կան ցուցակում եւ լավ աշխատանքի դեպքում նրանք իրենց տեղը կունենան։
Ինչ վերաբերում է անցողիկ—չանցողիկ տեղերին, դա որոշում է միայն
հասարակությունն իր քվեով»,–նկատել է Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով
լրագրողների այն մտահոգությանը, թե հանրությանը լավ հայտնի կուսակցականները
ընդգրկված չէին ՀՀԿ—ի արդեն իսկ հրապարակված ցուցակում։ Շարմազանովը
փարատել է այդ մտահոգությունները՝ եւս մեկ անգամ վերահաստատելով, որ ՀՀԿ—ի
ցուցակի բոլոր տեղերն էլ կարեւոր են։ ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ
խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, խոսելով համամասնական ցուցակում
հանրապետականների տեղերի կարեւորության մասին՝ նշել է, որ դա կարեւոր չէ,
քանի որ ՀՀԿ—ն, լինելով լուրջ աջակցություն ունեցող քաղաքական ուժ, էական
չի համարում դիրքերը։ «Այս խորհրդարանում ընտրությունների ժամանակ ես ՀՀԿ—ի
համամասնական ցուցակում եղել եմ 205—րդն ու, այդուհանդերձ, դարձել եմ
պատգամավոր։ Չեմ կարծում, որ կարելի է բարձր—ցածր դիրքերին էական
նշանակություն տալ»,–նշել է Զաքարյանը։
|