ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 7 » Մանդատ՝ անդրսահմանային ռազմական գործողությունների համար
16:56
Մանդատ՝ անդրսահմանային ռազմական գործողությունների համար

Սիրիայում եւ Իրաքում հայ համայնքը կարող է դառնալ Թուրքիայի որոշման զոհ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է մանդատը, որը թույլ է տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի եւ Իրաքի իսլամիստների դեմ։
Հաշվի առնելով ԻԼԻՊ—ի կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը՝ մանդատը ենթադրում է, որ թուրքական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում եւ Իրաքում։ Միաժամանակ այն նախատեսում է, որ օտարերկրյա զինուժը եւս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում։ Մանդատը կգործի մեկ տարվա ընթացքում։
Թուրքիայի խորհրդարանում հաստատված օրինագիծը Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ բացասական հետեւանք կունենա Սիրիայի հայկական համայնքի համար։ Նման կարծիք հայտնեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը. «Սիրիական հակամարտության ամենասկզբից Թուրքիան իր քայլերով ցույց է տվել, որ իր թիրախում է պահում նաեւ Սիրիայի հայ համայնքը եւ փորձում է թուլացնել այն։ Տրամաբանությունը շատ պարզ է. Թուրքիային պետք չէ հարեւան երկրում ունենալ ուժեղ հայկական համայնք, որը հակաթուրքական տրամադրություններ ունի»։ 
Արաբագետ Հայկ Քոչարյանն իր հերթին նշեց, որ Սիրիայում եւ Իրաքում ստեղծված ծանր իրավիճակի հետեւանքով հայկական համայնքը էականորեն թուլացել է, քանի որ շատերն ուղղակի հեռացել են, իսկ նրանք, ովքեր մնացել են, փորձում են հարմարվել. «Այն հայերը, որոնք դեռեւս շարունակում են ապրել, այսպես կոչված, «Իսլամական խալիֆայության» տարածքներում, ապրում են նրանց օրենքներով, այսինքն՝ վճարում են գլխահարկ եւ շարունակում են դավանել քրիստոնեություն»։
Շատ փոքրաթիվ հայկական համայնք է մնացել Հալեպում եւ Դամասկոսում։ «Հիմա նրանք՝ հայերը փորձում են համախմբել ուժերը, իրենց խնդիրները հասցնել թե՛ տեղի, թե՛ հայկական պետության իշխանություններին։ Հատկապես ծանր են Հալեպի հայ համայնքի խնդիրները, քանի որ մարտերն ընթանում են հայկական թաղամասի մոտակայքում»,–ասաց Հայկ Քոչարյանն՝ ընդգծելով, որ Սիրիայի հայկական համայնքն այս պահին փորձում է ինքնակազմակերպվել։
«Թուրքիայի խորհրդարանում Իրաք եւ Սիրիա ներխուժելու վերաբերյալ հաստատված օրինագծում նորություն է ոչ թե այն, որ Թուրքիան իր զինված ուժերին թույլատրում է իր սահմաններից դուրս գործողություններ կատարել, այլ այն, որ արտաքին ուժերին թույլատրում է իր տարածքներն ու բազաներն օգտագործել «Իսլամական պետությանը» հարվածելու համար»,–կարծում է Գեւորգ Պետրոսյանը։ Նա միեւնույն ժամանակ նշեց, որ «Իսլամական պետության» գոյությունը Թուրքիայի համար ձեռնտու է նաեւ պայմանավորված քրդական հիմնախնդիրներով. «Իսլամական պետությունն ու քրդերն այս պահին ընդհարման մեջ են, իսկ սա բխում է Թուրքիայի շահերից, քանի որ նրանք ցանկանում են թուլացնել տարածաշրջանի քրդերի դիրքերը»։
Ինչ վերաբերում է փախստականներին ընդունելուն, ապա Թուրքիան Սիրիայից փախստականների առջեւ իր սահմանները բացում է քարոզչական նպատակներով՝ միջազգային հանրության մոտ դրական իմիջ ձեւավորելու համար։ «Ընդհանրապես պետք է ասեմ, որ Թուրքիան այդքան էլ գրկաբաց չի ընդունում սիրիացի փախստականներին եւ այնքան էլ լավ պայմաններ չի ստեղծում նրանց համար, սակայն այս հարցը քարոզչության նպատակով է իրականացնում»,–ասաց թուրքագետը։ Նա նշեց, որ Սիրիայի քրդաբնակ Քոբանի շրջանում վերջին օրերին «Իսլամական պետության» եւ քրդերի միջեւ ծավալված մարտերի ժամանակ Թուրքիան փակ էր պահում սահմանը եւ քրդերին թույլ չէր տալիս անցնել սահմանը։ «Սակայն երբ հարցը բավականին լուրջ հնչեղություն ստացավ եւ արժանացավ միջազգային հանրության արձագանքին, այդ ժամանակ Թուրքիան ոչ միայն բացեց սահմանը, այլ նաեւ ինչ—որ ցուցադրական շոու կազմակերպեց»,–ասաց նա։
Գ. Պետրոսյանը նկատեց, որ Թուրքիայի սահմանն այդ մարտերի ժամանակ խստորեն հսկել են զինծառայողներն եւ քրդերին թույլ չեն տվել անցնել սահմանը՝ կիրառելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ, իսկ հետո քարոզչական նպատակներով բացել են սահմանը։


Հայաստանը  մտահոգված է  խաղաղության հարցով
 

Հայկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Հայաստանից Լիբանան խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին որոշմանը։ Դա դրական նշանակություն ունի եւ խոսում է այն մասին, որ Հայաստանը մտահոգված է տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցով. «Այս պահին տարածաշրջանում իրավիճակը շատ լարված է։ Կարծես նոր թափ է ստանում «Իսլամական պետության» դեմ պայքարը, Սիրիայում շարունակվում են ռազմական գործողությունները, իսկ Լիբանանում արդեն երկար ժամանակ չի հաջողվում իշխանություն ձեւավորել, տարածաշրջանային բարդ զարգացումներն այս դեպքում կարող են վտանգավոր լինել նաեւ Լիբանանի համար, ուստի մեր կողմից խաղաղապահ ուժեր ուղարկելը դրական է այն առումով, որ Հայաստանը ցույց է տալիս, որ մասնակցում է տարածաշրջանային զարգացումներին»։
Նա ընդգծեց, որ թեեւ հայկական ստորաբաժանումը փոքրաթիվ է լինելու՝ ընդամենը 32 խաղաղապահ, սակայն դա շատ կարեւոր նշանակություն ունի. «Առաջիկայում Լիբանանում իրավիճակը կարող է լարվել եւ թեժանալ, իսկ Լիբանանում մենք մեծ հայկական համայնք ունենք»։


Ցեղասպանության հարցը պետք է  տեղափոխվի  իրավական դաշտ
 

Հայոց ցեղասպանությունից համարյա մեկ դար է անցել, եւ արդեն ճանաչման հոգեբանական խնդիրները մի կողմ թողնելով՝ պետք է խնդիրը տեղափոխել իրավական դաշտ։
«Հայոց ցեղասպանության հարցը իրավական դաշտ տեղափոխելը Հայաստանի համար կարեւորագույն գերխնդիրներից մեկն է,–նշեց Գեւորգ Պետրոսյանը։–Հիմա մենք ամբողջովին կենտրոնացել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա, ինչը, ինչպես ցույց է տալիս փորձը, անարդյունավետ է։ Ուստի ժամանակն է իրավական դաշտում խնդրի լուծումը գտնել»։ Նա ընդգծեց, որ այս համատեքստում դրական քայլ է Արամ Ա կաթողիկոսի հայտարարությունն այն մասին, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունն առաջիկայում կդիմի Թուրքիայի ՍԴ՝ Սիսի նստավայրի եւ կալվածքների վերադարձի պահանջով։
Միեւնույն ժամանակ, հարցն իրավական դաշտ տեղափոխելու համար հարկավոր է գործել խիստ կազմակերպված եւ հաշվարկված։ «Այսինքն՝ այստեղ պետք է լուրջ ուշադրություն դարձնենք, որպեսզի կարողանանք հարցը մեր օգտին առաջ տանել։ Որովհետեւ անկազմակերպ քայլերը թեկուզ իրավական դաշտում բացասաբար կազդեն մեզ վրա»,–նշեց թուրքագետը՝ ընդգծելով, որ հաջողություն պետք է գրանցել միջազգային ատյաններում, քանի որ Թուրքիայի ներսում արդարության հասնել նույնիսկ թուրքերը չեն կարողանում։ հհպռեսս.ամ
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024