Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ՝ ԵԽ ԽՎ—ում հայկական պատվիրակությունը մասնակցում է նստաշրջանին։ Նշենք, որ ԵԽ ԽՎ—ում ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն անցել է Ադրբեջանին։
Նիստում քննադատական գնահատականներ են հնչել Ադրբեջանի հասցեին։ Հակահայկական նախաձեռնությունների հեղինակ Ադրբեջանը ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում սեփական անհանդուրժող գործողությունների պատճառով։ Եվրոպական երկրների պատվիրակները դատապարտել են այդ երկրի պահվածքը՝ որպես ԵԽ ԽՎ նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնող պետություն, որը խտրական վերաբերմունք էր ցուցաբերել եւ արգելել վեհաժողովում ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեի մուտքը Բաքու։ Ինչպես «Արմենպրեսին» Ստրասբուրգից հայտնել է ԵԽ ԽՎ—ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, լիագումար նիստում գնահատականներ են հնչել տարբեր քաղաքական խմբերի եւ երկրների պատվիրակությունների կողմից։ Ադրբեջանի վարքագիծը համարվել է աննախադեպ։ «Եվրոպական պատվիրակներն անընդունելի համարեցին նման պահվածքը, եւ շեշտվեց՝ երբեւիցե նման բան չի եղել, որ նախագահող երկիրը թույլ տա նման դիսկրիմինացիոն պահվածք»,–ասաց Նաղդալյանը։
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ԵԽ ԽՎ մեկնարկած նստաշրջանի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդրին։
Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ իրենց մտահոգությունն են ներկայացրել Ադրբեջանում առկա խայտառակ բռնությունների ու սպանությունների վերաբերյալ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ—ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։
Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս ելույթ է պատրաստել Ադրբեջանում մարդու իրավունքների եւ այլատյացության մասին, որը հանձնել է քարտուղարություն։
Վեհաժողովում ելույթ են ունեցել Ադրբեջանի նախագահը եւ արտգործնախարարը, իսկ այդ պահին ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Եվրոպայի խորհրդի դիմաց։
Նրանք պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Հավաքվածները ԵԽ—ից պահանջել են չաջակցել դիկտատուրային եւ Ալիեւի ռեժիմին. «Դադարեցրեք ձեր խավիարային դիվանագիտությունը։ Ադրբեջանը՝ առանց Իլհամ Ալիեւի»։
|