Մարտի
7—ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունեցել Իրանի,
Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ալի Աքբար Սալեհիի, Ահմեդ
Դավութօղլու եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը, որի օրակարգում
զետեղված էին տարածաշրջանային խնդիրներ, Կովկասում տիրող իրավիճակը, զենքի
ու թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի, տնտեսական համագործակցության
ընդլայնման եւ այլ հարցեր։ Հանդիպման ավարտին հրապարակել են համատեղ
հայտարարություն, որտեղ խիստ կարեւորվել է եռակողմ բանակցությունների
շարունակականությունը տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։
Հայտարարությունում նշված է, որ քննարկվել է նաեւ Բաքու—Թբիլիսի—Կարս
երկաթուղին Նաիջեւան—Ջուղա—Թավրիզ երկրաթուղուն միացնելու հարցը։ Բացի այդ,
որոշում է ընդունվել, որ հերթական հանդիպումը տեղի ունենա ընթացիկ տարվա
սեպտեմբերին՝ Վանում, որը նույնպես խոստումնալից չի կարող լինել։ Մինչեւ
եռակողմ հանդիպումը նախարաների միջեւ տեղի են ունեցել երկկողմ
հանդիպումներ, ընդ որում, Սալեհին եւ Դավութօղլուն քննարկել են 5+1—ի հետ
Իրանի բանակցությունների հարցը՝ վերջինիս միջուկային ծրագրերի շուրջ։ Հարկ է
նշել նաեւ, որ թե հայտարարության բովանդակությունը եւ թե դռնփակ անցկացված
նիստի վերաբերյալ լրատվությունը վկայում են, որ նրանց առաջին համատեղ
նիստի ոգեւորությունից շատ բան չի մնացել, չնայած հաճոյախոսությունների
պակաս չի զգացվել։ Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին
հանդիպումը տեղի է ունեցել 2011թ. մարտի 17—ին, Իրանի Արեւմտյան Ադրբեջան
նահանգի կենտրոն Ուրմիա քաղաքում, որտեղ կողմերի միջեւ 9 կետից կազմված
համաձայնություն էր ձեռք բերվել, այդ թվում. ա) մասնակից երկրների
տնտեսական զարգացմանը եւ բնակչության կենսամակարդակի բարցրացմանն ուղղված
մշակել ու իրականացնել համատեղ նախագծեր առեւտրատնտեսական տարբեր՝
արդյունաբերության, ներդրումների, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի,
գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում, բ) ձեւավորել տնտեսական եռակողմ
հատուկ կոմիտե, որն ուսումնասիրելու է երեք երկրների միջեւ համատեղ
ընկերությունների ստեղծման, մաքսային հարցերի դյուրինացման եւ
առեւտրատնտեսական այլ ոլորտներում համաձայնագրեր ստորագրելու
հնարավորությունները, գ) երեք երկրների մշակութային ընդհանուր
ժառանգությունները ներկայացնելու նպատակով պետք է ձեռնամուխ լինել համատեղ
մշակութային ծրագրեր կազմելուն, ինչպես օրինակ՝ մշակութային փառք ու
պարծանք համարվող մեծությունների մեծարում եւ այլն։ Կողմերը համաձայնել
էին նաեւ, որ հաջորդ նիստը անց է կացվելու 2011թ. հոկտեմբերին, Նախիջեւանի
ինքնավար Հանրապետությունում, իսկ այնուհետեւ նիստերը պետք է տեղի ունենան
6–ամսյա պարբերականությամբ։ Այդ հանդիպումը կարեւորվեց իբրեւ մասնակից
երկրների միջեւ փոխհարաբերությունների նոր՝ տնտեսական ինտեգրացմանն ուղղված
շրջանակ, որն աստիճանաբար պետք է վերածվի քաղաքական ինտեգրացման։ Ինչը
«ՀՀ»—ն հարցականի տակ դնելով, նշել էր. «Հաշվի առնելով բազմաթիվ
հանգամանքներ, կարելի ասել, որ այն գրեթե անհնարին է եւ ավելի շուտ նման է
դիվանագիտական հաճոյախոսության»։ Ահավասիկ, երկրորդ նիստը տեղի ունեցավ
ուշացումով, այն էլ Իրան—Ադրբեջան փոխհարաբերություններում առկա լուրջ
լարվածության եւ Սիրիայի հարցում Թեհրան—Անկարա լուրջ տարաձայնությունների
պայմաններում։ Նախիջեւանյան հանդիպման նախօրեին կողմերը ոչ թե տնտեսական
նոր ծրագրեր ներկայացնելու եւ ձեռքբերումների մասին էին խոսում, այլ հույս
էին հայտնում փոխհարաբերությունների բնականոնացման մասին։ Իրանի ԱԳ
նախարարության Ասիայի եւ Օվկիանիայի վարչության տնօրեն Սեյյեդ Աբբաս
Արաղչին հայտնել է, թե որոշ քայլեր են նախատեսվել երկու երկրների
փոխհարաբերությունները բնականոնացնելու ուղղությամբ։ Իսկ ադրբեջանցի
վերլուծաբան Դալգա Խաթինօղլուի կարծիքով Իրան—Ադրբեջան
փեխհարաբերություններում առաջացած լարվածությունը նախորդ նման դեպքերի
համեմատությամբ թույլ է, եւ Նախիջեւանում Թուրքիայի միջնորդությամբ
հնարավոր է, որ որոշ չափով մեղմվի։ Նա նշել է, որ եւ Թեհրանը, եւ Բաքուն
փոխհարաբերությունների բնականոնացմանն են հակված, ուստի
բանակցություններում կարեւորում են երկու երկրների միջեւ
ընդհանրությունները եւ ոչ թե հակասությունները։ Սա այն դեպքում, երբ
թուրք վերլուծաբանների նախիջեւանյան հանդիպման արդյունքների առնչությամբ
արտահայտած տեսակետներն ավելի հոռետեսական են։ Թուրքիայի ռազմավարական
հետազոտությունների կենտրոնի փորձագետ Արիֆ Քասգինը շեշտել է, որ
թուրք—իրանական եւ Թեհրան—Բաքու տարաձայնություններն ավելի խորն են,
որպեսզի եռակողմ կամ երկկողմ հանդիպումներով հնարավոր լինի վերացնել։
Ավելին, նա ընդգծել է, որ եթե Ադրբեջանը վերածվի բարեկեցիկ, կայուն, երկրի,
Իրանի թուրքերի համար կարող է գրավիչ լինել, ինչից էլ երկյուղում է
Թեհրանը։ Նա հավելում է, որ Իրանի ազդեցությունն Ադրբեջանում խիստ կրճատվել
է, անգամ Թեհրան—Բաքու փոխհարաբերություններում լարվածությունը վերածվել է
թշնամանքի։ Անշուշտ, հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակը, կարելի է
նշել, որ թուրք վերլուծաբանի տեսակետները Ադրբեջանի վերաբերյալ իրատեսական
չեն, ընդհակառակը՝ Բաքուն խիստ մտահոգ է իսլամականների ակտիվացմամբ,
որոնք, եւ ոչ միայն նրանք, որպես հոգեւոր առաջնորդ ընդունում են իրանցի
բարձրաստիճան հոգեւորականներին։ Ի դեպ, հավելենք, որ եթե 2010թ.
Իրան—Ադրբեջան տնտեսական փոխհարաբերությունների ծավալը 500 միլիոն դոլար էր
կազմում, ապա 2011թ. իջել է 300 միլիոնի, այլ կերպ՝ տնտեսական
ինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային,
ապա, թեեւ 2011թ. Իրանի հետ տնտեսական փոխառնչությունների ծավալը մեծացել
է, դա չէր կարող դառնալ Սիրիայի հարցում նրանց դիրքորոշումների մերձեցման
պատճառ։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
|