Հայաստանի
հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կազմվել է մեկ
սկզբունքով, այն է՝ շարունակել բարեփոխումների շարքը նախընտրական ծրագրի
հիման վրա։ «Ցուցակում ընդգրկված են մարդիկ, ովքեր կարող են իրականացնել
այդ գործառույթը։ ՀՀԿ—ն հավատում է իր ցուցակում ընդգրկված բոլոր 250
անդամներին»,—հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝
շեշտելով, որ անցած հինգ տարիների բարեփոխումների նպատակն է եղել ամրապնդել
պետության հիմքերը, իսկ դրանց հիմքում քաղաքացու բարեկեցությունն է։ Շարմազանովը հավատացած է, որ ՀՀԿ—ն այն կուսակցությունն է, որի հետ ժողովուրդը կապում է իր խնդիրների լուծումը։ Ինչ
վերաբերում է ՀՀԿ—ի քարոզարշավային մարտավարությանը, ապա կուսակցության
խոսնակը վստահ է, որ անկախ նրանից, թե ովքեր կիրականացնեն այն, քարոզարշավը
կլինի շատ ներկայանալի. «ՀՀԿ—ի նպատակն է ոչ թե 3—4 կամ 5 տոկոս ավելի
ձայն հավաքելը, այլ մեր նպատակն է, որ վստահություն լինի հասարակության
մեջ, որ կարողանանք ապահովել ժողովրդավարական ընտրություններ։ Մեզ պետք չեն
պյուռոսյան հաղթանակներ, մեզ պետք են նորմալ ընտրություններ, որ
ապացուցենք, որ կարող ենք կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ»։ Նա
միեւնույն ժամանակ կարծում է, որ իրենց ընդդիմադիր գործընկերները
կորդեգրեն «կոռեկտ» մրցապայքարի կանոնները։ «Հայաստանի եվրոպացի
բարեկամներ» կազմակերպության կողմից փետրվարի 29—ից մարտի 5—ն ընկած
ժամանակահատվածում իրականացված հարցումների համաձայն՝ եթե ընտրությունները
լինեին այս կիրակի, հարցվածների 41 տոկոսն իր ձայնը կտար ԲՀԿ—ին, 37
տոկոսը՝ ՀՀԿ—ին։ Մեկնաբանելով այս արդյունքները՝ Շարմազանովը հիշեցրեց,
որ ԲՀԿ—ն 2007—ին էլ ՀՀԿ—ից առաջ էր, սակայն քաղաքական արշավը տվեց իր
արդյունքները. «ՀՀԿ—ն ունի կայուն ընտրազանգված, եւ մինչեւ նախընտրական
շրջանում ՀՀԿ—ին ձայն տվողները, որպես կանոն, 100 տոկոսով պահպանվում են,
եւ դրանք ավելանում են, ինչը չենք կարող ասել ԲՀԿ—ի 2007—ի արշավի մասին։
ԲՀԿ—ի ձայները ցրվում են ընդդիմադիր կամ իշխանություններից դժգոհ ուժերի
միջեւ»։ Նա համարում է, որ 2007—ի համեմատ՝ ՀՀԿ—ի ներկայիս ծրագիրը
ավելի շատ առավելություններ ունի. առաջիկա 5 տարիների իրենց բարեփոխումների
կենտրոնում քաղաքացին է. «Մեր ծրագիրը ճիշտ եւ մատչելի ներկայացնելու եւ
ճիշտ քարոզարշավ իրականացնելու դեպքում մենք հնարավորություն ունենք լուրջ
ձայներ ստանալ եւ կազմել մեծամասնություն»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
|