«Երկու մոնոպոլիստ բախվել են իրար, չես իմանա, թե ով է ճիշտ, հնարավոր չէ
պարզել: Երկուսի սահմանած գներն էլ անընդունելի են»,- այսօր ասուլիսի
ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝
մեկնաբանելով «Արմավիա» ավիաընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի միջև
ծագած վեճը: Ըստ նրա՝ այս 2 ընկերությունն էլ անհիմն բարձր գներ են
սահմանել, և սարսափելի թանկ օդանավակայանն է հիմնական պատճառը, որ
հայությունը չի գալիս Հայաստան: Այս վեճում, Հ. Բագրատյանի խոսքով, 2
մոնոպոլիստներից մեկը՝ «Զվարթնոց»-ը, առայժմ ավելի ուժեղ դուրս եկավ: Նա
նշեց, որ պետք է աշխատեր նաև «Էրեբունու» թռիչքուղին, մինչդեռ այդտեղից չեն
թռչում, որովհետև «Զվարթնոցը» դրա դեմ կբողոքեր: Հ.Բագրատյանը չբացառեց,
որ «Արմավիան» ուզում է սնանկանալ: Նախկին վարչապետը խնդրի լուծումը
տեսնում է մենաշնորհները դադարեցնելու մեջ, և այդ դեպքում 2 ընկերությունն
էլ կտուժեր, փոխարենը կշահեր ավիացիան: Եվ դա պետք է անի կառավարությունը:
«Նոր Հայաստան է պետք, մրցունակ Հայաստան, որտեղ ՓՄՁ-ները կազմում
են ՀՆԱ-ի 60%-ը, որտեղ կլինի ոչ թե 12 հազար ակտիվ հարկ վճարող, այլ
400-500 հազար: Օրերս կհրապարակվի ՀԱԿ-ի կարգախոսը`«500 հազար ձեռներեցով
Հայաստան»»,- ասաց Հ. Բագրատյանը:
|