ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 11:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 1 » Օրինագծի ընդունումը թելադրված է ՀՀ Սահմանադրությամբ /Ազգային ժողովի քառօրյայի երրորդ օրվա նիստում/
18:09
Օրինագծի ընդունումը թելադրված է ՀՀ Սահմանադրությամբ /Ազգային ժողովի քառօրյայի երրորդ օրվա նիստում/


Փետրվարի 29—ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ պատգամավորները քվեարկությամբ մերժեցին Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերի փաթեթը։
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանի նիստին հետեւող Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին։
Խորհրդարանը շարունակեց նախորդ օրն ընդհատված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթի քննարկումը։ Օրինագծերի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը հայտնեցին պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Լիլիթ Գալստյանը, Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը, ովքեր օրինագծերի փաթեթը համարեցին հակասահմանադրական եւ հետեւաբար՝ անընդունելի։ Նրանք կառավարությանն առաջարկեցին ետ վերցնել օրինագիծը եւ հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները՝ բարեփոխել այն։ Լարիսա Ալավերդյանն էլ առաջարկեց հրավիրել խորհրդարանական լսումներ։
Օրինագծի անհրաժեշտության եւ ՀՀ Սամանադրության դրույթներին համապատասխանության վերաբերյալ իր կարծիքը շարադրեց պատգամավոր Կորյուն Նահապետյանը։ Ըստ նրա՝ քննարկվող փաթեթը շատ կարեւոր նախաձեռնություն է, որի ընդունումը թելադրված է ՀՀ Սահմանադրությամբ եւ ուղղված է պաշտպանելու երկրի սահմանադրական կարգը։ Անդրադառնալով միջազգային փորձին՝ նա նշեց, որ բազմաթիվ երկրներում թույլատրվում է բացառիկ, հազվադեպ դեպքերում օգտագործել զինված ուժերը։ Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ չի արգելվում զինված ուժերի օգտագործումը որոշակի դեպքերում։ Պատգամավորը նշեց, որ օրինագծերի փաթեթը մանրամասն քննարկվել է ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, եւ փարատվել են բոլոր մտահոգությունները։
Պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, կարեւորելով նման օրենքի անհրաժեշտությունը, նշեց, որ օրինագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի, քանի որ նշված են միայն իշխանության պաշտպանության հիմքերը, բացակայում են բանակի օգտագործման մյուս հիմքերը։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախաձեռնությանը։ Պատգամավորը նկատեց, որ բանակը ոչ մի պարագայում չպետք է օգտագործվի օրինագծում նշված խնդիրների կարգավորման նպատակով, քանի որ դրանց կարգավորման համար բավարար են ոստիկանության եւ ներքին անվտանգության զորքերի ուժերը։ Պատգամավորի համոզմամբ՝ զինված ուժերը կարելի է օգտագործել միայն ահաբեկչական ակտերի առկայության դեպքում։ Նա կառավարությանն առաջարկեց ետ վերցնել օրինագիծը, լրամշակել այն եւ նոր միայն ներկայացնել խորհրդարան։
«ՀՅԴ» խմբակցության դիրքորոշումը օրինագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրեց Արծվիկ Մինասյանը։ Նա տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է այս տեսքով փաթեթի ընդունմանը, քանի որ կարծում է, որ այն լուրջ լրամշակման կարիք ունի։ Անդրադառնալով զինված ուժերի օգտագործման հարցին՝ նա նկատեց, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը սահմանում է, որ արտակարգ իրավիճակներում ՀՀ նախագահը կարող է հայտարարել ռազմական դրություն եւ օգտագործել բանակը։ Արծվիկ Մինասյանը նախագծի լրամշակման նպատակով ներկայացրեց «ՀՅԴ» խմբակցության առաջարկները։
Ամփոփիչ ելույթներում հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեցին քննարկել հնչած հետաքրքիր առաջարկները։
Ազգային ժողովը երկրորդ նիստում քննարկեց իրավական ոլորտին առնչվող նախագծեր։ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը ներկայացրեց երեք հարց։
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է դատական ծանուցագրերը գործին մասնակցող անձանց էլեկտրոնային հասցեին ուղարկելու հնարավորություն։ Փոխնախարարի հիմնավորմամբ՝ դատական ծանուցագրերը հասցեատերերին հասցնելու հարցում այսօր դժվարություններ կան, ինչը հանգեցնում է դատական նիստերի հետաձգմանը, ողջամիտ ժամկետում դրանք քննելու անհնարինությանը։ Փոխնախարարը նշեց, որ այս փոփոխությունը կունենա նախ փորձնական բնույթ։ Հաշվի առնելով, որ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներից օգտվում են ոչ բոլորը, կառավարությունը էլեկտրոնային ծանուցում է նախատեսել միայն կողմերի համաձայնության դեպքում։
Աժ պետական—իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարակից ելույթում փաստեց ծանուցումների խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, բայց առաջարկվող լուծումը համարեց թերի։ Պրն. Հարությունյանի տեսակետով՝ այս ծանուցումը չի կարող համարվել պատշաճ, քանի որ չկա որեւէ ապացույց՝ այն հասե՞լ է, թե՞ ոչ։ Հանձնաժողովի նախագահն առաջարկեց առաջին ընթերցումից հետո արմատապես վերանայել ներկայացված տարբերակը, քանի որ այն կարող է նոր խնդիրներ առաջացնել։ Կառավարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ երկրորդ ընթերցման կներկայացվի վերանայված եւ բարելավված նախագիծ։
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում եւ «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ուղղված է քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը։ Մասնավորապես առաջարկվեց ընտրությունների ժամանակ դրոշմակնքելիս անձը հաստատող փաստաթուղթ ճանաչել անձնագիրը, քանի որ նույնականացման քարտի վրա դրոշմակնիք դնելը տեխնիկապես հնարավոր չէ։
Գլխադասային հանձնաժողովը նախագծերին տվել է դրական եզրակացություն։ Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ դրոշմակնիք էր նախատեսվել կրկնակի ընտրությունը բացառելու նպատակով։
«Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ գործադիրը նպատակ ունի խստացնել հանրային վայրերն օրենքի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվությունը՝ սահմանելով վարչական տույժեր։ Նախագծով որպես հանրային տարածքներ են նշված փողոցները, հրապարակները, զբոսայգիները, մարզադաշտերը եւ այլ վայրեր։ Տարանջատվել են իշխանության ներկայացուցչին եւ մասնավոր անձին ուղղված վիրավորանքները՝ յուրաքանչյուրի դեպքում առանձին, իսկ առաջինի դեպքում առավել խիստ վարչական պատասխանատվություն ամրագրելով։ Խստացվել է պատիժը նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար։ Պետական—իրավական հարցերի հանձնաժողովն այս նախաձեռնությունը դրական էր գնահատել։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության նախագիծը, որը ներկայացրեց գլխավոր դատախազի տեղեկալ Արմեն Դանիելյանը, պայմանավորված է այլ պետությունների կողմից հետախուզվող եւ ՀՀ—ում հայտնաբերված անձանց հանձնման նպատակով արգելանքը վերացնելու անհրաժեշտությամբ։ Պետական— իրավական հարցերի հանձնաժողովում հարցը քննարկվել էր եւ ստացել դրական եզրակացություն։
Հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը նշեց, որ նախնական քննարկումների փուլում կառավարությունը պատգամավորների առաջարկների հիման վրա լրամշակել է փաստաթուղթը։
«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորների նախաձեռնությունը խորհրդարանի գնահատմանը ներկայացրեց Անահիտ Բախշյանը։ Հեղինակներն առաջարկում են ավելացված արժեքի հարկից ազատել կրթական մրցույթների եւ օլիմպիադաների համար հավաքվող գումարները։ «Կենգուրու» եւ «Ռուսական արջուկ» մրցույթների մասնակցության վճարը յուրաքանչյուր աշակերտի համար 970 դրամ է։
Խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրեց Կարինե Աճեմյանը։
ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով՝ չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 447 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024