ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 18:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 9 » Ուղիների, այլ ոչ լուծումների քննարկում /ՄԱԿ—ի զարգացման նոր օրակարգին նվիրված միջազգային խորհրդաժողով Երեւանում/
15:19
Ուղիների, այլ ոչ լուծումների քննարկում /ՄԱԿ—ի զարգացման նոր օրակարգին նվիրված միջազգային խորհրդաժողով Երեւանում/

Երեւանում երեկ մեկնարկեց «Կառավարության եւ կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» խորագիրը կրող միջազգային խորհրդաժողովը՝ կազմակերպված ՀՀ կառավարության, ՄԱԿ—ի տնտեսական եւ սոցիալական զարգացման դեպարտամենտի ու ՄԱԿ—ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ։ Խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն ՄԱԿ—ի հազարամյակի զարգացման նպատակներին փոխարինած նոր՝ «Հետ—2015» զարգացման օրակարգի հետ կապված խնդիրները, յուրաքանչյուր երկիր կներկայացնի այս նոր փաստաթղթի հետ կապված իր մոտեցումներն ու թիրախները, իսկ ավարտին կողմերը կընդունեն «Երեւանյան հռչակագիր», որը զարգացման նոր ծրագրի վերջնական տեսքի մշակման ժամանակ նույնպես հաշվի կառնվի։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ վարչապետի ու իր անունից ողջունեց խորհրդաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ Հայաստանի համար պատիվ է հյուրընկալել ՄԱԿ—ի «Հետ—2015» զարգացման նոր օրակարգի շրջանակներում ՄԱԿ—ի Տնտեսական եւ սոցիալական զարգացման դեպարտամենտի կողմից կազմակերպված խորհրդաժողովը։
«Հայաստանը մշտապես ակտիվորեն մասնակցել է ՄԱԿ—ի հայեցակարգային բոլոր նախաձեռնությունների իրականացմանը։ Մենք առաջիններից էինք, որ սկսեցինք կյանքի կոչել 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում անդամ երկրների կողմից ընդունված կայուն զարգացման հանձնառությունները։ 2000 թվականին, ՄԱԿ—ի Հազարամյակի զարգացման նպատակների ընդունումից հետո եւս, Հայաստանն անմիջապես ձեռնամուխ եղավ դրանց իրականացմանը»,–ասաց Դ. Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս բոլոր միջոցառումներում մեծ է եղել ՄԱԿ—ի կառույցների, հատկապես՝ ՄԱԿ—ի Զարգացման ծրագրի ու վերջինիս հայաստանյան գրասենյակի դերը։ Արձանագրված արդյունքները, առանձին նպատակների մասով, ցույց են տալիս դրական տեղաշարժ։ Այնուամենայնիվ, Դ. Հարությունյանը փաստեց, որ ինչպես եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, Հազարամյակի զարգացման նպատակների վերջնական արդյունքը դեռեւս չի կարող բավարար լինել.
«Մենք կարեւորում ենք «Ետ—2015» ՄԱԿ—ի զարգացման նոր օրակարգի շուրջ տարվող աշխատանքները եւ հույս ունենք, որ այն կհանգեցնի ինչպես Հայաստանում, այնպես էլ համայն աշխարհում հասարակության համար ավելի բարեկեցիկ, արդար, արժանապատիվ եւ ապահով կենսագործունեության միջավայրի ստեղծմանը։ Բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ «Հետ—2015» ՄԱԿ—ի զարգացման նոր օրակարգն ավելի հավակնոտ է, քան Հազարամյակի զարգացման նպատակները եւ «Ռիո+20»—ի հանձնառությունները։ Այս նոր օրակարգը ներառում է երկու հայեցակարգային ծրագրեր՝ հատկապես կարեւորելով իրականացման բաղադրիչը։ Բոլորս քաջատեղյակ ենք, որ ցանկացած լավ մշակված ծրագիր էլ կարող է մնալ անպտուղ, եթե պարզ ու տեսանելի չեն իրականացման ուղիները»։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարարն ընդգծեց՝ ՄԱԿ—ի զարգացման նոր օրակարգում ներառվելու համար ներկայումս քննարկվում են 10—17 նպատակ ու հարյուրից ավելի թիրախներ։ Քննարկումների համար կա եւս մեկ տարի, որն անհրաժեշտ է արդյունավետ կերպով օգտագործել. «Որպես կառավարության ներկայացուցիչ, ես կարող եմ փաստել, որ կառավարման ունակություններն ու հաշվետվողականությունը, ինչպես նաեւ դրանց իրականացման թափանցիկությունը, անկյունաքարային բաղադրիչն են ցանկացած ծրագրի իրականացման համար։ Այդ մոտեցումներն են դրված նաեւ ՀՀ կառավարության՝ այս տարվա մայիսին ընդունված Հայաստանի 2014—2025 թթ. զարգացման ծրագրի հիմքում»։
Ամփոփելով՝ Դ. Հարությունյանը հույս հայտնեց, որ խորհրդաժողովն իր ներդրումը կունենա «Հետ—2015» ՄԱԿ—ի զարգացման նոր օրակարգի թիրախների իրագործման մեջ եւ կնպաստի արդյունավետ կառավարման նոր ուղիներ գտնելուն. «Հույս ունեմ, որ «Երեւանյան հռչակագիրը» կհանդիսանա 2015թ. ընդունվելիք ՄԱԿ—ի ծրագրային նոր փաստաթղթի անքակտելի մասը»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Դ. Հարությունյանը կրկնեց, որ ՄԱԿ—ի՝ նախկինում նախագծված զարգացման փուլերի արդյունավետությունը բարձր չէր։ Իհարկե, ցանկացած կառավարչի՝ հատկապես միջազգային կազմակերպության մոտ այդ դեպքում ծագում է հարց՝ ինչպե՞ս բարձրացնել արդյունավետությունը հատկապես լուրջ տնտեսական ճգնաժամի ու ֆինանսական միջոցների սղության առկայության պայմաններում. «Բազմաթիվ ուղղություններով կատարվեցին լայնածավալ աշխատանքներ տարբեր երկրների կողմից, ու նմանատիպ հանդիպումների նպատակն է՝ կիսվել, թե ով ինչպիսի եղանակ է գտել իրական արդյունք ապահովելու համար։ Ոչ թե խոսք, ուղղություն կամ ռազմավարություն, այլ՝ արդյունք։ Հայաստանը, որպես միջազգային հանրության անբաժանելի ու ակտիվ մասնիկ, պետք է նույնպես ասի իր խոսքը, որովհետեւ արդյունավետության տեսանկյունից պետք է գտնվեն ճիշտ ուղիները։ Սա ոչ թե լուծումների, այլ ուղիների քննարկում է։ Մենք մեկ տարի շարունակ քննարկելու ենք, որպեսզի նախապատրաստվենք մյուս տարվա բուն միջոցառմանը, որի ընթացքում արդեն արվելու են հիմնական շեշտադրումները, թե այս քննարկումների արդյունքում որ գաղափարները, թիրախները եւ նշանակետերն են առավել կարեւոր զարգացման այս փուլի համար»։
Դ. Հարությունյանը շեշտեց՝ այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ Երկիր մոլորակին, քանզի կառավարման ոլորտում բոլոր երկրներն էլ խոցելի են բազմաթիվ առումներով. «Ավելի դժվար է ասել, թե երկրները որ առումներով խոցելի չեն։ Ժամանակն է, որ հանրությունը եւս գիտակցի, որ բնապահպանությունը, աղքատությունը եւ այլ խոցելի կետերը շաղկապված են, եւ եթե մենք միայն դիտարկենք բնապահպանությունը նեղ իմաստով, ապա արդյունքի չենք հասնի, որովհետեւ կբացակայի այն գիտակցումը, թե ինչ է դրանից բխում։ Այս քննարկման նպատակը հենց դա է. հասկանալ, վերաիմաստավորել, թե որ ուղղությամբ է անհրաժեշտ կատարել առաջին քայլը, որովհետեւ չվերացնելով պատճառը՝ անհնար է պայքարել հետեւանքի դեմ»։
Հաճախ երկրի բնապահպանական եւ տնտեսական շահերը բախվում են։ Դ. Հարությունյանը հիշեցրեց՝ շատերին թվում է, որ եթե երկու տարբեր արժեքներ բախվում են, ապա պետք է որոշում կայացնել միայն հօգուտ այս կամ այն արժեքի։ Նրա խոսքով՝ իրականությունը դա չէ։ Բախման ընթացքում է կայացվում որոշում, եւ չի կարելի ասել, թե այդ բախումները միշտ միակողմանի որոշման են հանգեցնում։ Բախումը պետք է դիտարկել ոչ թե բացասական, այլ դրական առումով, երբ հնչում են բոլոր հնարավոր փաստարկները, որոնք հաշվի առնելով՝ կայացվում է որոշում։
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով՝ խորհրդաժողովի շնորհիվ մեր գիտելիքներն ու հմտություններն ակնհայտորեն պետք է հարստանան, որովհետեւ ՄԱԿ—ի զարգացման նոր օրակարգում խոսքը ինչպես հանրային մասնակցության, այնպես էլ կանաչ տնտեսության զարգացման՝ այսինքն բնապահպանական խնդիրների լուծման մասին է։ Միջազգային հանրությունն այս առումով ունի շատ մեծ դրական փորձ, եւ խորհրդաժողովի ընթացքում տեղի է ունենալու նաեւ այդ փորձի փոխանակումը։
«Կառավարման խնդիրների լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է վստահություն հանրության եւ իշխանությունների միջեւ։ Վստահությունը պետք է առաջանա սոցիալական, տնտեսական, բնապահպանական խնդիրների լուծմամբ։ ՄԱԿ—ի նոր ծրագրով հազարամյակի նպատակները վերափոխվում են կայուն զարգացման նպատակների, արդեն դրանք մշակված ու հաստատված են, ու մեզ համար շատ ընդունելի։ Այստեղ ներառված են բոլոր այն խնդիրները, որ կանգնած են պետությունների եւ մարդկության առջեւ։ Այսօր աղետների թե քանակը ու թե ուժգնությունը գնալով աճում են, եւ դա պատահականություն չէ, այլ մոլորակի պատասխանը՝ մարդու ոչ ռացիոնալ գործունեության։ Դա հիմնական խնդիրն է, որ անհանգստացնում է ՄԱԿ—ին։ Չնայած ծավալված հսկայական գործունեությանը՝ 2012թ. ՄԱԿ—ի վեհաժողովը փաստեց, որ մեր գործունեությունը բավարար չէ, մոլորակի վրա տեղի ունեցող փոփոխությունները շատ ավելի արագ ու առաջանցիկ են մեր գործունեության նկատմամբ։ Սա է հիմնական խնդիրը, որի շուրջ պետությունները հավաքվում են ու փորձում անել այնպես, որպեսզի կառավարումն այնպիսին լինի, որ կարողանանք կանխել այդ աղետների զարգացումն ու նվազեցնել դրանց ռիսկերը»,— ասաց բնապահպանը։
Քննարկումների արդյունքում կընդունվի այսպես կոչված «Երեւանյան հռչակագիրը», որը ֆիքսելու է իրավիճակն ու առաջարկելու երկրներին, թե ինչպես պետք է շարժվել։ Կ. Դանիելյանի խոսքով՝ շատ կարեւոր է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ հավաքվել են Հայաստանում՝ քննարկելու այդ համամարդկային խնդիրները. «Մենք նոր—նոր ենք մուտք գործում համաշխարհային քաղաքակրթության գործընթացների մեջ, եւ խիստ կարեւոր է՝ ինչպես»։
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաեւ ՄԱԿ—ի տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության ղեկավար Ջոն—Մարի Կաուզյան, ՄԱԿ—ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, Աղքատության դեմ պայքարի եւ միջազգային զարգացման ինստիտուտի տնօրեն Պան Սուկ Կիմը, Աստանայի տարածաշրջանային քաղաքացիական ծառայության վերահսկիչ կոմիտեի նախագահ Ալիխան Բայմենովը, Ղազախստանի նախագահի հովանու ներքո գործող հանրային կառավարման ակադեմիայի ռեկտորի տեղակալ Շոլփան Եսիմովան։
Երկօրյա միջազգային այս խորհրդաժողովին մասնակցում է մոտ երեք տասնյակ երկրի ավելի քան 60 ներկայացուցիչ։ Միջոցառման լիագումար նիստերի շրջանակում տեղի կունենան քննարկումներ հանրային կառավարման, կրթության եւ գիտության, բնական ռեսուրսների ոլորտների զարգացման, կանաչ տնտեսության, կայուն էներգետիկ եւ ջրային քաղաքականության, ինչպես նաեւ կայուն զարգացման այլ ուղղությունների վերաբերյալ։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 408 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024