Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա պաշտոնական գտնվում է Իրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ–իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը։ «Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության հիմքերի վրա։ Հայ–իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում։ Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ԻԻՀ, նշել է, որ այն կնպաստի հայ–իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում։ ԻԻՀ նախագահի խոսքով, Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը։
Զրուցակիցները կարեւորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական, մշակութային համագործակցության խորացումն ու ընդլայնումը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների եւ օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար։
Իրանի նախագահը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում։
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանային խնդիրներին։ Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը եւ տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը։
Հովիկ Աբրահամյանը Հասան Ռոհանիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24–ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։
Իրանի նախագահն իր հերթին ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները։
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանն Իրանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նախքան այդ, Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում–առանձնազրույցը։
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Էսհաղ Ջահանգիրիին Իրան այցելելու հրավերի համար եւ համոզմունք հայտնել, որ այցը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի առավել ամրապնդմանը եւ նոր լիցք կհաղորդի փոխշահավետ գործակցությանը։ «Այսօր կարելի է փաստել, որ հայ–իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, որի վառ ապացույցներից են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները։ Համոզված եմ, որ հայ–իրանական համագործակցությունը նպաստում է նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու եւ Իրան այցելելու համար ու բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը։ Է.Ջահանգիրին նշել է, որ տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին, եւ վստահություն հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը։
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական համագործակցության ակտիվացման մեծ ներուժ, եւ պետք է անել հնարավորը՝ համատեղ նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու եւ դրանք կյանքի կոչելու համար։ Այս համատեքստում կարեւորվել է միջկառավարական հանձնաժողովի դերը, որի շրջանակում հնարավորություն կլինի իրականացնել համագործակցության ծրագրերը։
Կողմերը եւս մեկ անգամ շեշտել են տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը եւ փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում։
Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաեւ հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար։
Հովիկ Աբրահամյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին եւ դրանց հեռանկարներին։ Այդ համատեքստում եւս մեկ անգամ կարեւորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ կոնկրետ ծրագրերի իրականացման համար։ Երկուստեք կարեւորվել է համագործակցությունը նաեւ գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, մշակույթի, կրթության, արտակարգ իրավիճակների, զբոսաշրջության ոլորտներում։
Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։
Հովիկ Աբրահամյանը եւ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ։
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ պարոն Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել են երկու երկրների միջեւ առկա ավանդական բարեկամական կապերը եւ հանձնառությունը՝ էլ ավելի խորացնելու առկա հարաբերությունները փոխգործակցության բոլոր ոլորտներում։
«Մենք քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առեւտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, էներգետիկայի ու հեռահաղորդակցության ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը, զբոսաշրջության, գիտակրթական եւ մշակութային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
Հատուկ ընդգծվեց հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը երկկողմ կապերի հետագա սերտացման գործում, ինչը երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման կարեւոր գործիք է։
Երկուստեք կարեւորվեց նաեւ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ վերականգնման խնդիրը։ Օգտվելով առիթից՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների անունից շնորհակալություն հայտնեցի Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին հայ համայնքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, ինչպես նաեւ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար։
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, բարձր գնահատելով տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության մակարդակը, նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվելիք հարցերը կլինեն երկու երկրների ղեկավարների վերահսկողության ներքո, եւ առկա խնդիրներն արագ լուծում կստանան։ «Անցած տասնամյակների ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները լավ օրինակ կարող են հանդիսանալ տարածաշրջանում»,–ասել է Էսհաղ Ջահանգիրիին։
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը կարեւորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորումը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարեւորել համագործակցությունը միջազգային կառույցներում։
Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։
|