«Պարտադիր կուտակային վճար այլեւս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար»,–այս մասին երեկ կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Լրագրողների այն հարցին, թե ո՞րն է դրանց բովանդակային տարբերությունը, նախարարը համառոտեց. «Սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը»։
Այս դեպքում ո՞րն է կառավարության ընդառաջ քայլը։ Ի պատասխան այս հարցադրման, Արտեմ Ասատրյանը նշեց. «Կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին։ Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա այս համակարգի գործարկումը, քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, եւ դրա շրջանակներում, կարծում եմ, նաեւ հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները, հարցերը»։
«Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, այդ գումարները ստիպողաբար մարդկանց գրպանից գնալու են». լրագրողների այս դիտարկմանը նախարարը չհամաձայնեց. «Ոչ, դա հարկատեսակ չէ, դա նպատակային սոցիալական վճար է»։
Իսկ կարո՞ղ են պետական աշխատողները հրաժարվել «նպատակային սոցիալական վճարի» վերափոխված պարտադիր վճարումներից։ Ի պատասխան՝ Ա. Ասատրյանը շեշտադրեց. «Ո՛չ, չե՛ն կարող»։ hhpress.am
Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ
|