Հնարավոր չէ անտարբեր անցնել Մեծամորի քաղաքապետարանի
առջևով: Երբ մուտք ես գործում ԵԿՄ Մեծամորի տարածքային բաժանմունք, քո առջև
բացվում է Արցախյան պատերազմի թոհ ու բոհով շնչող հերոսների և զոհված
ազատամարտիկների հիշատակը հավերժացնող թանգարան հիշեցնող նախասրահը, որի պատերին
փակցված վահանակներն ու նկարները, Արցախյան պատերազմի սուրբ մասունքները, հավերժ
Սպարապետին և զոհված ազատամարտիկներին ձոնված խաչքարը կանչում են քեզ, խոսում
հետդ, պատմում պայքարի, հաղթանակի լեզվով:
Ահա
իրենց հեռու հեռուներից ժպտում են անմահ հերոսները, որոնք մնացին ջահել, այնպես,
ինչպես էին, չնայած անցել է երկու տասնամյակ:
Նրանց
ժպիտն արթնացնում է պայքարելու, հաղթանակելու ոգին, որը փոխանցվում է նրանց կողքին
ապրող ու արարող, նրանց գործը շարունակող պատանի երկրապահներին:
Եվ
ես կարծես ունկնդրում եմ եկու սերունդների զրույցը միմյանց հետ: Եվ համոզվում եմ,
որ եթե պահանջվի, Աստված մի արասցե, նրանք էլ ոտքի կկանգնեն և կկռվեն հերոսաբար,
ինչպես կռվեցին իրենց նախնիները, ինչպես կռվեցին նախնիների նախնիները, և այդպես
շարունակ…
Հերոսական
ոգին է տիրում, երբ կանգնում ես Վազգեն Սարգսյանի մեծադիր դիմանկարի և վեր հառնող
սրբատաշ խաչքարի առջև:
Ես
ակամայից աղոթքի խոսքեր եմ մրմնջում ընկածների հիշատակին: Ինձ կարծես միանում են
զոհված ազատամարտիկների աղոթքները, որոնք նույնպես հարգում են ընկածների հիշատակը
և շշնջում.
<<Դուք
ընկաք, որ մենք ապրենք, որ պաշտպանենք հող հայրենին>>:
Ես
հեռանում եմ խաչքարից և մոտենում այն սուրբ մասունքներին, որոնք վկաներն են
պատերազմի, որոնք իրենց մեջ ամփոփում են հերոսական պատմությունն ազատամարտի:
Ես
շարունակում եմ մտովի զրուցել պատերի հետ և հիանում եմ այն աշխատանքով, որ կատարել
են երկրապահի տարածքային բաժանմունքի նախագահ` Նորիկ Ղումաշյանը, նախագահի
տեղակալ` Մուշեղ Ամրոյանը, խաչքարի հեղինակ` նկարիչ-քանդակագործ Բենիամին
Բաբախանյանը, ազատամարտիկներ` Գառնիկ Հարությունյանը, Արմեն Բալումյանը և մյուսները:
Իրոք,
ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել:
Ահա
ինչպես է խնկարկում և վառ պահում ԵԿՄ Մեծամորի տարածքային բաժանմունքն իր զոհված
ազատամարտիկների վառ ու անմար հիշատակը:
Ա.
Բարսամյան
|