Վարչապետ
Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ
հանդիպել է Երեւանի զորամասերից մեկի զինծառայողներին, ներկայացրել զինված
ուժերում իրականացվող կրթական ծրագիրը, հայտնում են ՀՀ կառավարության
տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վերջինիս
նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների եւ առանձին
ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց
նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական
հաստատություններ ընդունվելու համար։
«Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում կողմնորոշվել կրթության
եւ մասնագիտացման հարցում։ Մինչ զորացրվելը պետք է կարողանանք ձեզ հետ
միասին հստակեցնել, թե ինչով եք ցանկանում զբաղվել բանակից հետո։
Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են
գիտելիքներ ստանալ՝ ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում
շարունակելու համար»,–ասել է վարչապետը։
Բուհ ընդունվելու կրթական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու
նպատակով զինծառայողներին են կցվելու Հայկական պետական մանկավարժական
համալսարանի եւ 6 այլ բուհերի 172 ասպիրանտներ, մագիստրոսներ եւ երիտասարդ
դասախոսներ։ «Մեր նպատակն է, որպեսզի իր զավակին բանակ ուղարկող ցանկացած
ընտանիք վստահ լինի, որ պետությունը ոչ միայն զինծառայության նորմալ
պայմանների ստեղծման, այլեւ նրանց երեխաների կրթական կարիքների բավարարման
պարտավորություն է ստանձնում։ Եթե դուք ցանկանում եք հստակ աշխատանք, եւ
դրա համար անհրաժեշտ է լինելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ,
ապա պետությունը կրկին կլինի ձեր կողքին եւ կօգնի նաեւ այդ հարցում»,–նշել է
Տիգրան Սարգսյանը։
Կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ եւ դեռեւս կիրականացվի հանրապետության երկու զորամասերում։
|