Համաշխարհային պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ երկիրն անկախությունը ձեռք է բերում պատերազմի, շրջափակման եւ աղետալի երկրաշարժի հետեւանքով ավերված տնտեսության պայմաններում։ Ամբողջ միջազգային հանրության հիացական հայացքի ներքո Հայաստանի նորանկախ հանրապետությունը կարողացավ պատվով դուրս գալ այդ իրավիճակից՝ հայրենասիրությունն ու նվիրումը հակադարձելով հակառակորդի քանակին եւ հարուստ սպառազինությանը, կարողանալով հաղթել ու ազատագրել պատմական հայրենիքի մի մասը։ Այս բազում փորձությունների արդյունքում ծնվեց հաղթանակած հայոց բանակը՝ համայն հայության հպարտության առարկան, որը բոլորս պարտավոր ենք գուրգուրել ու պահպանել։
Հայոց բանակի ձեւավորման, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի մոտ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ երեկ կայացած հանդիպմանը խոսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի բաղկացուցիչ մասն է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ապահովումն ու հասարակության մոտ հայրենասիրության մակարդակի բարձրացումը։ Տնտեսության, բանակի եւ հասարակության՝ մարտական գործողությունների հնարավոր վերսկսվելու դեպքում զորահավաքին մասնակցելուն պատրաստ լինելուց զատ ու այդ ամենի հիմքում հենց ռազմահայրենասիրական դաստիարակությունն է։
«Հայաստանի Հանրապետության կարեւորագույն ռազմավարական փաստաթղթերում, ինչպես նաեւ ՀՀ ռազմական դոկտրինում նշված է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր կարող է լինել։ Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է տարեցտարի մշակել ու իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հատկապես դպրոցներում եւ բուհերում, ցանկացած կրթօջախում՝ ուսումնադաստիարակչական գործընթացի հետ մեկտեղ։ Դրանով մենք նախապատրաստում ենք ոչ միայն ապագա զինվորների, այլ զինվորների, ովքեր գիտեն, սիրում են իրենց հայրենիքն ու պատրաստ են այն պաշտպանել հակառակորդի ոտնձգություններից»,–ասաց Ս. Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը շեշտեց՝ այսօր մենք ապրում ենք ծանր ժամանակահատվածում, տարածաշրջանում տիրող իրադրությունը, հակամարտությունները պարտադրում են անընդհատ մտածել Հայաստանի եւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու ձեւավորման մասին, քանի որ սպառնալիքները սլաքների նման մի քանի կողմից ուղղված են դեպի մեր հայրենիքը։ Այս առումով հատկապես բարձր է երիտասարդների դերը՝ նրանց մեջ սեփական երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվություն եւ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու պատրաստականություն սերմանելու առումով. «Վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ, եւ այստեղ հատկապես կարեւոր է նաեւ այլ պետական գերատեսչությունների հետ հստակ, կանոնակարգված համագործակցությունը։ Այս կառույցները եւս պետք է պատրաստ լինեն կատարելու իրենց գործառույթները մարտական գործողությունների ժամանակ։ Արցախյան գոյամարտում մենք հաղթեցինք միասնական լինելու շնորհիվ, պատերազմական բարդ իրավիճակում կարողացանք միաժամանակ բանակ կառուցել, որը ժողովրդի հետ միասին պատվով հանձնեց իր քննությունը։ Ու այդ պայմաններում պետական գերատեսչություններն իրենց պարտականությունները կատարում էին այնպես, ինչպես կարող էին ու հասկացել էին։ Այսօր, սակայն, նրանց անելիքները պատերազմական պայմաններում հստակ նախանշված են, այդ թվում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը»։
Ս. Օհանյանի խոսքով՝ այս համագործակցությունն իրականացվում է զինված ուժերում կրթության եւ գիտության ներուժը ռազմական նպատակներով օգտագործելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցում է դպրոցների եւ բուհերի հետ, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, որի որոշ ուսանողներ իրենց գործնական պրակտիկան են անցկացնում ԶՈՒ որոշ կառույցներում։ Պաշտպանության նախարարը շեշտեց՝ բանակում իրականացվող բարեփոխումները պետք է գիտելիքահենք լինեն, սակայն միաժամանակ՝ երկրի տնտեսությունը, հասարակական—քաղաքական մտածելակերպը պետք է բանակահենք լինեն. «Անցած տարիների ընթացքում մեր բանակն անցել է զարգացման դժվարին, բայց պատվավոր ճանապարհ։ Հայ ժողովրդի՝ նախնիներից ժառանգած ռազմական ներուժը, ռազմի արվեստին տիրապետելը բյուրեղացավ մեր ներկայիս բանակում՝ թրծվելով նաեւ արցախյան գոյամարտում։ Խելացի մարտավարական նոր միջոցների կիրառումը, փոքր ստորաբաժանումներով մեծ խնդիրների իրականացումը հատուկ են աշխարհի հզորագույն բանակներին։ Անցած տարիները խիստ հագեցած էին մեր բանակի համար։ 2000—2007թթ. հսկայական առաջընթացի տարիներ էին, երբ իրականացված բազում բարեփոխումների արդյունքում ոչ միայն բարձրացավ մարտունակությունը, այլեւ ՀՀ զինված ուժերը սկսեցին փոխգործակցություն ծավալել միջազգային ռազմական դաշինքների հետ՝ արագ տիրապետելով նոր փորձին, ավելացնելով ժամանակակից սպառազինության ու տեխնիկայի քանակը»։
2008—ից մեկնարկեցին ավելի խորքային բարեփոխումներ՝ կապված ռազմական կրթության, ուսումնադաստիարակչական գործընթացի լիարժեք իրականացման հետ։ Անցկացվել են մասշտաբային զորավարժություններ, որոնք ոչնչով չէին զիջում միջազգային մակարդակի նման միջոցառումներին։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ այս շարունակական աշխատանքը նպատակ ունի անընդհատ շտկելու այն բացթողումներն ու թերությունները, որոնք, բնականաբար, կան նաեւ այսօր. «Կարեւորն այն է, որ թերեւս ողջ աշխարհում չկա երկրորդ նման իրավիճակ, երբ առանց երրորդ կողմի, առանց խաղաղապահ կամ բաժանարար ուժերի մասնակցության ու Ադրբեջանի մշտական ռազմական հռետորաբանության պայմաններում ՀՀ զինված ուժերը կարողանում են այսքան տարիների ընթացքում թույլ չտալ հակառակորդին նոր պատերազմ սանձազերծել ու էլ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ 2014թ. լարված իրավիճակ էր, եւ մեր բանակը կարողացավ պատվով հանձնել իր հերթական քննությունը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցառումներով ստիպելով հակառակորդին այլեւս սադրանքների չդիմել»։
Ս. Օհանյանը շեշտեց՝ բանակում ծառայելն ավելի արդար, գաղափարական ու հայրենասիրական հենքի վրա է դրվում, ինչն ավելացնում է զինված ուժերի մարտունակությունն ու հասարակության վստահությունը։ Տարեցտարի լուծվում են զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները՝ անմիջապես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, ՀՀ նախագահի վերահսկողության ներքո։ Խոսքը վերաբերում է ոչ միայն սոցիալ—կենցաղային պայմանների բարելավմանը, բժշկական ապահովագրությանը, այլեւ դրամական բավարարմանը, որը զգալիորեն տարբերվում է քաղաքացիական աշխատողների աշխատավարձերից։ Նախարարի խոսքով՝ աշխատավարձերի բարձրացում իրականացվում է յուրաքանչյուր տարի, եւ դա հիմնավորման կարիք չունի, քանի որ իրականացվում է երկրի ղեկավարության անմիջական վերահսկողությամբ. «Բանակի մարտունակության բարձրացման համար կարեւոր է նաեւ սեփական ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեւավորումը։ Վերջին տարիների ընթացքում մշակվել է համապատասխան հայեցակարգ, միջոցառումների ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից եւ շուտով կներկայացվի oրենսդիրի հաստատմանը։ Արդյունքում կմեծանա ռազմարդյունաբերական համալիրում գործող կազմակերպությունների թիվը, կստեղծվի համապատասխան՝ նաեւ մասնագիտական բազա, ինչը հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել համալիրը, այլեւ մեր արտադրանքը իրացնել այլ սպառման շուկաներում»։
Պատասխանելով դիտարկմանը, որ Ռուսաստանն իրականացնում է ադրբեջանցի սպաների վերապատրաստում՝ Ս. Օհանյանը նշեց, որ այս գործընթացը գոյություն ունի արդեն երկար տարիներ, ու ռազմական կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցում են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը. «Սակայն բանակի մարտունակությունն առաջին հերթին կախված է մեր կադրերի բարեխիղճ ծառայությունից ու կրթություն ստանալու պատրաստակամությունից, ինչը տեսանելի է»։
Խոսելով Ադրբեջանում գերեվարության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի մարմնի դատաբժշկական փորձաքննության մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ այն ընթացքի մեջ է, ինչից հետո Հայաստանը միջազգային ատյաններում նաեւ համապատասխան իրավական գնահատական կտա։ Ինչ վերաբերում է ԼՂՀ—ում գերեվարված երկու ադրբեջանցի դիվերսանտներին՝ Ս. Օհանյանը շեշտեց՝ նշված անձինք հանցագործներ են ու պետք է համապատասխան պատիժ կրեն իրենց կատարած հանցագործության համար։
Հանդիպման ավարտին Հայաստանում ֆրանսիական համալսարանի մի շարք դասախոսներ եւ ուսանողներ պարգեւատրվեցին պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ