Հայաստանի պարագայում, սակայն, ռուսական զենքի համամասնությունն ավելի մեծ է, փաստում է SIPRI հեղինակավոր վերլուծական կառույցը։
2002 թվականից ի
վեր Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներն ավելացրել է 164 տոկոսով, աշխարհի
ավելի քան 100 պետությունների թվում զբաղեցնելով 38-րդ հորիզոնականը`
գնված սպառազինությունների ծավալով: Սա են վկայում Ստոկհոլմում գործող
Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` SIPRI-ի այսօր
հրապարակած զեկույցի տվյալները:
Ռազմական խնդիրներով` մասնավորաբար, սպառազինությունների գնումների
դիտարկմամբ զբաղվող այս հեղինակավոր վերլուծական կառույցը փաստաթղթում
նշում է, որ Ադրբեջանը սպառազինության լայնածավալ գնումներն իրականացնում է
Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած վեճի պատճառով:
«Թեեւ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ի պատասխան Ադրբեջանի
կողմից կատարվող գնումների` իրենք եւս նմանատիպ գնումներ կիրականացնեն,
այնուհանդերձ, վերջին 10 տարիներին ներկրված սպառազինությունների քանակով
Հայաստանը հետընթաց է արձանագրել», - ասված է զեկույցում։ Ներկրված զենքի
եւ զինամթերքի ծավալներով 2002 - 2006 թվականներին Հայաստանը 71-րդ տեղում
էր, այժմ, ըստ շվեդական հետազոտական կենտրոնի տվյալների, հայտնվել է 84-րդ
տեղում:
Ինչ վերաբերում է արտերկրից ներկվող սպառազինության ծագմանը, ապա այստեղ
Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի աշխատակիցները պնդում
են, որ պաշտոնական Բաքվին եւ Երեւանին զենք ու զինամթերք վաճառող թիվ մեկ
պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է:
«2007 - 2011 թվականներին Ադրբեջանին մատակարարված զենքի 55 տոկոսը
ռուսական արտադրության է եղել: Հայաստանի պարագայում ռուսական զենքի
համամասնությունն ավելի մեծ է: Երեւանի կողմից վերջին 4 տարիներին ձեռք
բերված զենքի ու զինամթերքի 96 տոկոսը ռուսաստանյան ծագում ունի», - նշում
են Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի փորձագետները: