ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 05:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 25 » Սահմանադրությունը սերունդների համար է /Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են/
06:35
Սահմանադրությունը սերունդների համար է /Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են/

«Մարդու իրավունքների եւ արժանապատվության սահմանադրական կարգավիճակ». ահա այս թեման է քննարկվում երեւանյան 19—րդ միջազգային խորհրդաժողովում, որը մեկնարկեց երեկ եւ կավարտվի այսօր։
Խորհրդաժողովը կազմակերպել են ՀՀ սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը։ Աջակիցը ՀՀ—ում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն է (GIZ)։
Միջազգային խորհրդաժողովի առիթով երեկ ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Խորհրդաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել քսանից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարեւորության մի հիմնախնդիր՝ մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը։
Ուրախ եմ նաեւ, որ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված երեւանյան խորհրդաժողովները, բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարեւորություն են ձեռք բերել։
Հատկապես ցանկանում եմ կարեւորել ներկա խորհրդաժողովի թեման եւ քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապն իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ քսանամյա նորագույն պատմությունը նույնպես վկայում է, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքի գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի։ Իսկ վերջինս չի կարող լինել սոսկ բարի ցանկություն։ Այն պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, ներդաշնակ ու գործուն իրավական համակարգ, արդյունավետ գործող կառուցակարգեր, իրավական մտածողության եւ իրավական մշակույթի անհրաժեշտ միջավայր։
Այս ամենը միանգամից եւ մեկ օրում չի տրվում։ Հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իրավունքի գերակայության երաշխավորումը պետական քաղաքականության օրակարգի կարեւորագույն խնդիր է դարձել, երբ այն քաղաքական մտածողության շարժիչ ուժն է, երբ անձի արժանապատվությունը նրա ամենօրյա սոցիալական դրսեւորումների անբաժան եւ երաշխավորված ուղեկիցն է։
Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարեւորվում է՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարեւոր սահմանադրական բարեփոխումների։ Ընդամենն օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Այն քննարկվել եւ հավանության է արժանացել նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում եւ առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու։
Դժվար է վերջին 20—25 տարում մեծ փորձություններ դիմակայող ու արմատապես վերափոխվող հասարակական համակարգի համար պնդել, թե ժողովրդավարությունը հաստատուն ու ցանկալի հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն երաշխավորված ու պաշտպանված են, առկա է արդյունավետ եւ իրավական պետության չափորոշիչներին ներդաշնակ արդարադատական համակարգ։ Դրան կարելի է հասնել՝ երաշխավորելով համարժեք սահմանադրական զարգացումներ, ճիշտ դասեր քաղելով նաեւ միջազգային հանրության եւ հատկապես նոր ժողովրդավարության երկրների փորձից։ Ես առիթ եմ ունեցել շեշտելու. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»։ Սահմանադրություն, որն ունենա արժեբանական կայուն ու անսասան հիմք եւ հանրային այնպիսի միջավայր, որ այդ արժեքներն ապրող իրողություն դառնան երկրի ու ժողովրդի համար։
Անշուշտ, նման Սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունեն մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը եւ դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը։ Համոզված եմ, որ այս հրատապ հիմնախնդրի շուրջ երեւանյան 19—րդ միջազգային խորհրդաժողովում ներկայացվող զեկույցները եւ քննարկումներն օգտակար դերակատարություն կունենան թե՛ սահմանադրական զարգացումների եւ թե՛ սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից։
Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք եւ հաճելի օրեր մեր հյուրընկալ երկրում»։


Պետության եւ ամեն մի իշխանության առաջնահերթ պարտականությունը
 

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ խորհրդաժողովի թեման քննարկման առարկա է դարձել Վենետիկի հանձնաժողովի հետ տեւական քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։
«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ եւ հավասար իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով։ Էականը միայն այն չէ, որ արժանապատվությունը մարդու սոցիալ—մշակութային էության գերագույն բնութագրիչն է, այլեւ այն, որ առանց համարժեք իրավունքների, դրանց իրացման երաշխիք հանդիսացող ազատությունների ճանաչման, երաշխավորման, ապահովման ու պաշտպանության, մարդու արժանապատվության որակները դրսեւորվել չեն կարող»,—նշեց Գ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ մարդու արժանապատվության եւ իրավունքների հարաբերակցության խնդիրը, տարբեր երկրների սահմանադրական լուծումների առանցքում լինելով հանդերձ, տեղիք է տվել տարակերպ ընկալումների ու ձեւավորել դրան համարժեք իրավական պրակտիկա։ Նրա խոսքերով, հստակեցման անհրաժեշտություն ունեն ոչ միայն «մարդու արժանապատվություն», «անձի արժանապատվություն», «ժողովրդի արժանապատվություն» եւ համարժեք այլ հասկացություններ, այլեւ տարբեր ընկալումներ են առկա մարդու արժանապատվության ծավալի ու ընդգրկման, այն որպես իրավունքի աղբյուր դիտարկման, դրա արժեւորման ու իրացման աստիճանին առնչվող հարցերում։
ՍԴ նախագահն ընդգծեց, որ վերոնշյալ հարցերը հրատապ են դարձնում քննարկման թեման եւ հնարավոր եզրահանգումները, որոնք թեկուզ եվրոպական երկրների սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից կնպաստեն հստակեցնելու միասնական չափորոշիչները մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտի առնչությամբ։
«Տարբեր երկրների սահմանադրությունների համեմատական վերլուծությունը վկայում է, որ անձի արժանապատվություն եզրույթը սահմանադրաիրավական մակարդակում մի կողմից ներկայացվում է որպես սահմանադրական սկզբունք, իրավունքների եւ ազատությունների աղբյուր, բոլոր իրավունքների հիմք, մյուս կողմից՝ ընդհուպ որպես մարդու առանձին իրավունք»,—շեշտեց Գ. Հարությունյանը՝ հավելելով, որ անառարկելի է՝ մարդու արժանապատվությունը մարդու էությունից բխող եւ նրանից անբաժանելի բնական որակ է։ Նա նշեց նաեւ, որ պետության եւ ամեն մի իշխանության առաջնահերթ պարտականությունն է մարդու արժանապատվության հարգումն ու պաշտպանությունը։
Իսկ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ մարդու արժանապատվությունը փոքր—ինչ եթերային բնույթի հասկացություն է եւ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Այն իր մեջ կրում է որոշակի անորոշություն։
«Իրականում քանի որ մարդկային արժանապատվությունը լայն հասկացություն է, դժվար է հստակորեն սահմանել, թե ինչ է նշանակում կոնկրետ իրավիճակից դուրս»,—նկատեց ՄԻՊ—ը՝ նշելով, որ արժանապատվությունն առնվազն նշանակում է հարգանք յուրաքանչյուր անձի ներքին արժեքի նկատմամբ։ Իսկ դրանից բխում է, որ անհատներին չի կարելի վերաբերել որպես ուրիշների կամքի օբյեկտներ։


Ոչինչ չանելը՝ կործանման ճանապարհ
 

Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր հնարավոր լինի փոխել, բայց եթե առաջացել են խնդիրներ, բարեփոխումների անհրաժեշտություն կա, պետք է իրականացվի։ 
Սա է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տեսակետը։ Լրագրողների հետ զրույցում նա քաղաքական բոլոր ուժերին կոչ արեց այդ գործընթացում կառուցողական դիրքորոշում ընդունել։ Ինքն էլ իր հերթին գնահատեց սահմանադրական բարեփոխումների իրականացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը։ Տեղեկացրեց, որ տեսել են մասնագիտական հանձնաժողովի կողմից պատրաստված բարեփոխումների հայեցակարգը։ «Վենետիկի հանձնաժողովի գնահատականը դրական է»,—հայտարարեց Բուքիքիոն՝ միաժամանակ ավելացնելով, որ շատ բան կախված է նրանից, թե ինչ կոնկրետ դրսեւորումներ կստանան հայեցակարգում ամրագրված դրույթները։
Վենետիկի հանձնաժողովի նախագահը չի կարծում, որ հայեցակարգում շատ են թույլ կողմերը. «Իհարկե լավ կլիներ, եթե փոքրամասնություններին վերաբերող հատվածը շատ ավելի մանրամասն լիներ, բայց, այդուհանդերձ, դրանում ամրագրված են որոշակի կարեւոր իրավունքներ ընդդիմության համար, մասնավորապես, խորհրդարանում փոխնախագահի կամ կարեւոր հանձնաժողովների նախագահի գործառույթները նրանց վերապահելու տեսանկյունից։ Դուք քաղաքական կամքի անհրաժեշտություն ունեք, որպեսզի կարողանաք ընդունել այդ Սահմանադրությունը եւ արտացոլեք այդ դրույթները Սահմանադրության մեջ։ Այդ կամքը չափազանց կարեւոր է, եւ այդ կամքը պետք է լինի հասարակության կամքը»։
Բուքիքիոն նշեց նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում շարունակել համագործակցել հայկական իշխանությունների եւ մասնագիտական հանձնաժողովի հետ։
Իսկ ՀՀ ՍԴ նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների ձախողման հետ կապված որեւէ տագնապ չունի։ Ավելին՝ ի պատասխան այդ դիտարկմանը՝ ասաց. «Ինչու՞ պետք է տագնապ ունենամ։ Դա գործընթաց է, կարող է ունենալ տարբեր ընթացք եւ տարբեր ավարտ։ Կարեւորն այն է, որ մասնագիտական հանձնաժողովն իր գործն արեց, ներկայացրեց հայեցակարգ, որը Վենետիկի հանձնաժողովի կողմից շատ բարձր գնահատականի արժանացավ»։
Իսկ Վենետիկի հանձնաժողովի՝ ընդդիմության լիազորություններն ընդլայնելու առաջարկությունների արդյունքում հայեցակարգում փոփոխություններին վերաբերող հարցին դրական պատասխան տվեց։
«Հանձնաժողովն այդ հարցում արմատական դիրքորոշում արտահայտել է։ Հատկապես այնպիսի խորհրդարաններում, որոնք միապալատ են, եւ չկան ներխորհրդարանական հակակշիռներ, խորհրդարանական փոքրամասնությունը շատ ավելի մեծ դերակատարություն պետք է ունենա։ Եվ այդ դերակատարությունը պետք է լինի ոչ միայն զուտ օրինաստեղծ քաղաքականության բնագավառում, այլեւ պետական իշխանության ինստիտուտների ձեւավորման եւ վերահսկողական գործունեության։ Սկզբունքային հարցադրումներն անելուց զատ, բերել ենք օրինակներ, մասնավորապես, նշել ենք մի քանի ուղղություններով, բայց քննարկումները բերում են նրան, որ դա պետք է անհրաժեշտ եւ բավարար լինի այդ հավասարակշռությունը երաշխավորելու համար»,—ասաց Գ. Հարությունյանը։ Նա հորդորում է չմոռանալ, որ պառլամենտն իր ամբողջության մեջ է իշխանություն։ Փոքրամասնությունը նույնպես իշխանություն է՝ ունի կոնկրետ առաքելություն։
Բացի այդ, տեղեկացրեց, որ իրենք էլ են հարցադրում արել. տարբեր մակարդակներում, ինստիտուտների ձեւավորման մեջ պետք է լինի նաեւ ընդդիմության ներկայացուցիչը՝ ե՛ւ փոխնախագահ, ե՛ւ հանձնաժողովների նախագահներ, ե՛ւ հանձնաժողովների փոխնախագահներ։ «Բայց հարցը չպետք է կապել միայն անձի ներկայացուցչական պարագայի հետ։ Կարեւոր է ամբողջության մեջ նայել, թե այդ ներկայությամբ ինչ դերակատարություն պետք է իրականացնել։ Փոքրամասնության դերակատարությունը կոնկրետ օրինաստեղծ քաղաքական բնագավառում, օրենքների քննարկման, օրինագծերի առաջադրման, վերահսկողական բնագավառում, ավելի լայն շրջանակներում եւ նաեւ ինստիտուտների ձեւավորման հարցում պետք է կարեւոր լինի»,—ասաց նա՝ նշելով մեկ ուրիշ հանգամանք։
«Առաջ է քաշվում օրգանական, սահմանադրական օրենքների գաղափարը, որի պարագայում առանց ընդդիմության ակտիվ մասնակցության որեւէ այդպիսի օրենք չի ընդունվի։ Մենք առաջ ենք քաշում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ վերահսկիչ պալատի նախագահի եւ մի շարք այլ պաշտոններում այդ քվոտայի բարձրացում, որի պարագայում ընդդիմության դերակատարությունը մեծանում է»,—մեկնաբանեց ՍԴ նախագահը՝ հավելելով, որ բարեփոխումների ամբողջ նպատակն այն է, որ պետական մեքենան արդյունավետ գործի։
Գագիկ Հարությունյանի համոզմամբ՝ սահմանադրական զարգացումներն անընդհատ պետք է լինեն. «Չպետք է այնպիսի մեխանիզմ ընտրել, որ միայն վիրահատությամբ կարելի լինի փոփոխություն կատարել»։ Իսկ թե ինչու հասարակությունը չի զգում փոփոխությունների արդյունքները՝ ՍԴ նախագահը պարզաբանում է. «Այդ փոփոխությունները, որոնք եղել են ընդամենը մեկ անգամ, եղել են ոչ լիարժեք, եղել են կիսալուծումներ, եւ դրանց իրացման գործընթացում բացահայտվեցին թերություններ։ Իմ կարծիքով, այդ ժամանակ նույնիսկ մեկ քայլ հետ գնացինք այն նախագծից, որը մշակվել էր դրանից առաջ։ Այդ ինչպե՞ս եղավ, որ մենք ընդունեցինք Սահմանադրություն, եւ դեռ թանաքը չէր չորացել, անմիջապես խոսակցություններ եղան փոփոխությունների մասին։ Այսինքն՝ կային խնդիրներ, որոնք պետք է լուծվեին։ Իսկ երբ սահմանադրական խնդիրները չեն լուծվում, դրանք վերարտադրվում են հանրային կյանքում եւ առաջացնում են լուրջ խնդիրներ»։
Նա եւս մեկ անգամ պարզաբանեց. Սահմանադրությունը հասարակական համաձայնություն է հիմնարար արժեքների շուրջ։ Եթե այդ համաձայնությունը ձեռք չի բերվում, ուրեմն՝ արդյունքներն ակնկալելի չեն կարող լինել։ Ահա թե ինչու, ասում է, որ պետք է գործընթացներ ծավալվեն, որպեսզի համապատասխան համաձայնության շրջանակներում բարեփոխումներ իրականացվեն։ Իսկ ոչինչ չանելը մեկնաբանում է որպես կործանման ճանապարհ։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 420 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024