Հոկտեմբերի 10—ին ԵՏՄ—ին միանալու համաձայնագրի ստորագրումից հետո առաջին անգամ ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել էր ԵՄ անդամ երկիր։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Հեղինե Բիշարյանը երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին հոկտեմբերի 12—17—ը Ժնեւում կայացած Միջխորհրդարանական միության 131—րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ, որին մասնակցել են 142 երկրների պատվիրակներ։
Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ աշխատել են արդյունավետ, պատվիրակությունը մասնակցել է վեհաժողովի լիագումար, ինչպես նաեւ՝ կոմիտեների նիստերին։ Տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակների հետ։ Մասնավորապես, հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի, Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի, Կիպրոսի Ազգային ժողովի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի, հույն, էստոնացի եւ չեխ գործընկերների հետ։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Է. Շարմազանովը տեղեկացրեց, որ Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում գործընկերները կարեւորել են մեր երկրի հետ համագործակցելու եւ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը. «Չնայած նրան, որ Հայաստանն անդամակցել է ԵՏՄ—ին, մեր եվրոպացի գործընկերները հարգանքով են վերաբերվում ՀՀ—ի այդ որոշմանը եւ տեսնում են հարաբերությունների զարգացման հնարավորություն։ Մենք մեր կողմից նշեցինք, որ Հայաստանը պատրաստ է շարունակել քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ»։
Անդրադարձ է կատարվել հայ—թուրքական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին եւ Հայոց ցեղասպանության 100—ամյակը նշելու ծրագրերին։
Հայ—թուրքական հարաբերությունների հետ կապված՝ հայ պատվիրակները շեշտել են, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք իր հարաբերությունները չի կարգավորելու որեւէ նախապայմանով, առավել եւս՝ ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող լինել նախապայման։
Մեր պատվիրակությունը ներկայացրել է, որ Թուրքիան փակ է պահում ՀՀ—ի հետ սահմանը, որը Եվրոպայի վերջին փակ սահմանն է։ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել ԵՄ մուտք գործել ցանկացող մի պետության՝ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը։
Նրա խոսքով՝ հայկական պատվիրակությունը երախտագիտություն է հայտնել բոլոր երկրների խորհրդարաններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը. «Մենք երախտագիտություն ենք հայտնել Հունաստանի խորհրդարանին, որը պատասխանատվություն է սահմանել այդ հանցագործությունը ժխտելու համար։ Նաեւ մեր հույն գործընկերներին հրավիրել ենք մասնակցել 2015—ի ապրիլին կայանալիք ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներին։ Նրանց մեծ մասն արդեն բանավոր համաձայնություն է տվել, իսկ մարտին վերջնական, գրավոր համաձայնություն կտան»։
Հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, ինչի առնչությամբ գործընկերները, մասնավորապես նաեւ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը, անթույլատրելի են համարել խնդրի ռազմական կարգավորումը, այն տեսնելով բացառապես խաղաղ լուծումով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում. «Մենք էլ մեր հերթին նշեցինք, որ Ղարաբաղի ժողովրդի պայքարը ինքնորոշման իրացման խնդիր է ոչ թե տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ավելին, նշվեց, որ Շոտլանդիայում հանրաքվեի իրականացումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ չպետք է գնալ երկակի ստանդարտների ճանապարհով, եւ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է որոշի իր ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը։ Շոտլանդական հանրաքվեն ցույց տվեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է»։
Կարինե Աճեմյանը եւս արդյունավետ գնահատելով պատվիրակության աշխատանքը, նշեց, որ ինքն ընտրվել է Երկրների խաղաղության եւ ազգային անվտանգության հարցերով բյուրոյի անդամ, մասնակցել այդ բյուրոյի աշխատանքներին, ներկայացրել հայ—թուրքական հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումները։ Կարինե Աճեմյանի խոսքով՝ պատվիրակությունը մասնակցել է նաեւ Եվրասիական խմբի աշխատանքներին եւ հրատապ հարցերի քննարկմանը։ Տիկին Աճեմյանը տեղեկացրեց, որ գործընկերների հետ մասնակցել են նաեւ տեղի ունեցած ընտրություններին. մասնավորապես, վեհաժողովի ընթացքում ընտրվել է Միջխորհրդարանական միության նախագահը, ով Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Սաբեր Շաուդրին է։
Պատվիրակության անդամ Հեղինե Բիշարյանն ասաց, որ այցի շրջանակներում տեղի են ունեցել մեկ տասնյակից ավելի հանդիպումներ, քննարկվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Տիկին Բիշարյանն ընտրվել է Կանանց կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել կոմիտեի աշխատանքներին։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ էբոլա հիվանդության համաճարակի ընդլայնման վերաբերյալ հարցը, որը որպես հրատապ հարց ընդգրկվել է նաեւ լիագումար նիստի օրակարգում։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|