Հարեւան Թուրքիայում դեպքերը զարգանում են սրընթաց արագությամբ՝ ընդգրկելով նորանոր առանցքներ եւ խլելով ավելի ու ավելի շատ մարդկանց կյանքեր։ Երկրի 6 նահանգներում մտցված է պարետային ժամ, իսկ դպրոցները առժամանակ փակված են՝ «արձակուրդի»։ Զոհերի թիվը հաշված օրերի ընթացքում հասել է երկուսուկես տասնյակի։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2—ին Թուրքիայի խորհրդարանը 298 «կողմ», 98 «դեմ» ձայների համամասնությամբ ընդունեց այսպես կոչված «Սիրիական եւ իրաքյան օրինագիծը», որն արտոնում էր երկրի զինված ուժերին ցամաքային ներխուժում իրականացնելու Սիրիայի եւ Իրաք տարածքներ, ինչպես նաեւ Թուրքիայի անվտանգության նկատառումներով՝ թույլատրում էր օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը երկրում։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի այս նիստից հետո պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը լրագրողների այն հարցին, թե արդյոք օրինագիծը չի խոչընդոտի Թուրքիայի քրդերի հետ հաշտության գործընթացը, պատասխանել էր, որ հակառակը կլինի, եւ ամեն տեղ խաղաղություն ու անդորր կլինի։
Չանցավ սակայն 5 օր, եւ երկրի արեւելյան եւ հարավարեւելյան (Արեւմտյան Հայաստանի տարածքը) նահանգներում, ինչպես նաեւ Ստամբուլում եւ մայրաքաղաք Անկարայում բռնկվեցին քրդերի հուժկու հակակառավարական ցույցեր։ Ցուցարարներն իրենց բողոքն էին հայտնում թուրքական կառավարության սիրիական քաղաքականության հանդեպ, որը գաղտնի աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ արգելում է թուրքական քրդական կամավորներին հատելու Մյուրշիթփընարի թուրք—սիրիական անցակետը եւ մեկնելու օգնության շուրջ մեկ ամիս պաշարված քրդաբնակ Այն ալ—Արաբ (քրդական անվանմամբ՝ Քոբանի) քաղաքի իրենց ցեղակիցներին։ Առանձին վայրերում ցուցարարները կոչեր էին հնչեցնում՝ պահանջելով կառավարությունից աջակցել սիրիական քրդական ինքնապաշտպանական ուժերին։ Կառավարությունը ուժային մեթոդներով փորձեց զսպել քրդական հուզումները, ինչը, սակայն, սպասված արդյունքը չտվեց։ Մասնավորապես, Դիարբեքիրը եւ Վանը վերածվել են իսկական պատերազմադաշտերի, ինչը մտավախության ալիք է բարձրացրել երկրում, քանզի 1990—ականներից այս կողմ Թուրքիայում ոչ ոք նման տեսարանների ականատես չէր եղել։
Ինչ վերաբերում է արտաքին դերակատարներին, ապա Թուրքիան նույնպես երկկողմ աքցանի մեջ է։ Մի կողմից Իրանը եւ Ռուսաստանը ուղղակիորեն եւ անուղղակիորեն քննադատում են Թուրքիայի սիրիական քաղաքականությունը՝ մատնանշելով, որ Ասադին տապալելու թուրքական մղումները ուղղակիորեն հանգեցրել են ԻԱԻՊ աճին եւ Քոբանիի աղետին, մյուս կողմից՝ արեւմտյան երկրները, ի մասնավորի՝ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, Դավութօղլուի կառավարությանը մղում են ցամաքային գործողությունների Սիրիայի հյուսիսում։ Ահա այսպիսի իրավիճակում է այս օրերին գտնվում Թուրքիայի Հանրապետությունը։
Փորձենք ըստ բաղադրիչների վերլուծել թուրքական արտաքին քաղաքականության ներկա հրամայականները, ինչպես նաեւ որոշ ուրվագծումներ կատարել՝ կապված այդ երկրի ապագա գործողությունների հետ։
Պատմական տեղեկանք։ Սիրիական ճգնաժամի սկզբնական օրերին Թուրքիայի իշխող շրջանակները փորձում էին համոզել Բաշար ալ—Ասադին՝ զիջումներ անել ցուցարարների հետ հարաբերություններում՝ դրանով կանխելով Սիրիայի հյուսիսում քրդական տարրի ռազմաքաղաքական ակտիվացումը։ Հետագայում, երբ պարզ դարձավ, որ Ասադը հակված չէ զիջումների, Թուրքիան բռնեց հակառակ կողմնորոշումը։ Դրան մեծապես նպաստեց այն հանգամանքը, որ Սիրիան տարածաշրջանում վարում էր Թուրքիայի էներգետիկ շահերին հակառակ քաղաքականություն՝ մերժելով Քաթարից էներգետիկ խողովակաշարի անցկացումը դեպի Թուրքիա։ Ավելին, տակավին 2010թ. Սիրիան եւ Իրաքը ստորագրել էին համաձայնության հուշագիր Իրաքի տարածքով համատեղ երկու նավթամուղ եւ մեկ գազաշար կառուցելու մասին։ Գազաշարի միջոցով իրաքյան բնական գազը ուղղակիորեն հոսելու էր եվրոպական եւ ամերիկյան շուկաներ՝ զանազանեցնելով իրաքյան գազի սպառման շուկան։
Իսկ արդեն 2011թ. հուլիսին իրանական պաշտոնյաները հայտարարեցին Սիրիայի, Իրաքի եւ Իրանի միջեւ 10 մլրդ դոլարի գազային համաձայնության մասին, որն իրանական Հարավային Պարսի (Քաթարի հետ ծովային հարեւանությամբ) գազը տեղափոխելու էր Սիրիա։ Գազաշարը կառուցվելու էր մինչեւ 2016թ., եւ ենթադրվում էր նաեւ վերջինիս շարունակումը դեպի Լիբանան եւ Հորդանան։ Այս ծրագրի իրականացումը տարածաշրջանում ուժեղացնելու էր գլխավորապես շիական Իրանի, Իրաքի եւ Սիրիայի ազդեցությունը՝ դուրս թողնելով Արեւմուտքի դաշնակից Թուրքիային։ Այսպիսի պայմաններում Թուրքիայի թիվ մեկ խնդիրը դարձավ Սիրիայում Ասադի տապալումը, այդ երկրի թուլացումը եւ դրա հետեւանքով՝ ապագայում Սիրիան կառավարելի դարձնելը։ Թուրքիան այդ նպատակով ակտիվորեն օժանդակում էր հակաասադյան ծայրահեղ իսլամական խմբավորումներին՝ շահելով նաեւ վերջինիս կողմից անօրինական կերպով արդյունահանված նավթի վերավաճառքից։
2013թ. սեպտեմբերին, երբ հավանականություն կար, որ ԱՄՆ—ը ավիահարվածներ կհասցնի սիրիական կառավարական ռազմական օբյեկտներին, Թուրքիան դրա ամենաակտիվ պաշտպաններից էր, ինչի չիրագործումից հետո որոշակիորեն ընդհատակ անցավ սիրիական հարցում՝ իր քաղաքականության շեշտը հիմնականում դնելով հարցի մարդասիրական կողմի վրա։
Արտաքին քաղաքականության ներկա չափումները։ Օգոստոսի 8—ից եւ սեպտեմբերի 22—ից ԱՄՆ—ն անցավ թիրախային ավիահարձակումների ընդդեմ Իրաքում եւ Սիրիայում ԻՊ ուժերի։ Օգոստոսի 15—ին եւ սեպտեմբերի 24—ին ՄԱԿ—ի Անվտանգության խորհուրդն ընդունեց երկու բանաձեւ՝ դատապարտելով «այսպես կոչված Իրաքում եւ Ասորիքում իսլամական պետության» գործողությունները, ինչպես նաեւ կոչ անելով բոլոր երկրներին՝ զերծ մնալու վերջիններիս որեւէ կերպ սատարելուց եւ պատժամիջոցներ սահմանելով նման երկրների դեմ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ—ին, ապա վերջինս այս ամիսների ընթացքում քանիցս հայտարարել է, որ ահաբեկիչներին կործանելը լինելու է երկարատեւ գործընթաց, որը սակայն չի ներառելու ամերիկյան զորքերի ուղղակի ցամաքային ներգրավվածությունը իրաքյան եւ սիրիական գործողություններում։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում վերոնշյալ օրինագծի ընդունումից հետո՝ հաջորդ օրը, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանդես եկավ հայտարարությամբ՝ մեղադրելով ամերիկյան դաշնակիցներ Թուրքիային, Միացյալ Արաբական Էմիրություններին եւ Սաուդյան Արաբիային, որ վերջիններս, տարված Ասադին տապալելու մոլուցքով, Սիրիայում աջակցեցին վերջինիս դեմ կռվող «ամեն պատահած ուժի»։ Սրան հետեւեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետնամազյա կտրուկ հայտարարությունը, որից հետո Բայդենը ներողություն խնդրեց Թուրքիայից եւ մասամբ՝ Էմիրություններից։ Այս ամենը, սակայն, անհետեւանք չանցավ։ Բայդենի բուն հայտարարությունը յուրատեսակ մեղադրանք—հիշեցում էր թուրքական կառավարությանը, որ սիրիական ճգնաժամի ամբողջ ընթացքում վերջինս, ինչպես ասում են, սեփական խաղն է խաղացել, եւ այժմ ժամանակն է իրապես միանալու արեւմտյան կոալիցիային։ Թուրքիան, սակայն, ի պատասխան այս մարտահրավերների՝ փորձեց իր հերթին անցնել հակահարձակման։
Տակավին սեպտեմբերի 28—ին Ստամբուլում ելույթ ունենալով համաշխարհային տնտեսական ֆորումի բացման ժամանակ նախագահ Էրդողանը հավասարության նշան էր դրել ԻԱԻՊ—ի եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության միջեւ՝ որպես ահաբեկչական կազմակերպություններ։ «Բա լավ, ա՛յ աշխարհ, ԻԱԻՊ—ի պես ահաբեկչական կազմակերպությունն ասպարեզ եկավ, ոտքի ես կանգնում, իսկ երբ ՔԱԿ—ի պես ահաբեկչական կազմակերպությունն էր ամրանում, ինչո՞ւ չէիր ոտքի կանգնում»։ Իրեն հատուկ ոճով արտասանած այս էմոցիոնալ ուղերձների հետեւում թաքնված էր այն պարզ հաղորդագրությունը, որ սիրիական հարցում Թուրքիան ունի սեփական հաշվարկները, եւ եթե Արեւմուտքը հաշվի չնստի դրանց հետ, Թուրքիան չի միանա կոալիցիային։
Թուրքիայի քաղաքականությունն այսպիսով առաջ քաշեց երեք նախապայման՝ թռիչքազերծ եւ բուֆերային գոտիների ստեղծում Սիրիայի հյուսիսում եւ սիրիական ընդդիմադիր ուժերի մարզում։ Հետագայում՝ հոկտեմբերի 6—ին, վարչապետ Դավութօղլուն, հարցազրույց ունենալով CNN—ի լրագրող Քրիստիան Ամանպուրի հետ, վերահաստատեց այս նույն նախապայմանները՝ հավելելով, որ սոսկ Քոբանի ներխուժելն անիմաստ է, քանզի եթե խոսք լինի ներխուժման մասին, ապա պետք է ներխուժել սահմանի երկայնքով ամբողջ Սիրիա։ Դավութօղլուի հիմնավորումը շատ պարզ էր. «Թուրքիային անհրաժեշտ են երաշխիքներ, որ ԻԱԻՊ—ի կործանումից հետո վերջինիս չի հաջորդի մեկ այլ ահաբեկչական խմբավորում»։ Եվ եթե հաշվի առնենք, որ Թուրքիան ահաբեկչական կառույց է համարում նաեւ ՔԱԿ—ը եւ դրա սիրիական մասնաճյուղը՝ Ժողովրդական պաշտպանության խմբերը (YPG), որն այս օրերին հուսահատորեն դիմադրում է ԻՊ աճող գրոհներին, ապա պարզ կդառնա, որ Թուրքիան Արեւմուտքին առաջարկում է մերձավորարեւելյան մի յուրահատուկ «Մյունխենյան գործարք»՝ ցամաքային պայքար ԻՊ—ի դեմ՝ պայմանով, որ Սիրիայի հյուսիսի հողերն անցնեն Թուրքիայի ամենաուղղակի ռազմաքաղաքական ազդեցության տակ՝ անկախ դրա այս կամ այն դրսեւորումից։ Իսկ այն, որ Արեւմուտքին նման ներխուժում իրոք անհրաժեշտ է, վկայում է հոկտեմբերի 8—ին Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի արած հայտարարությունը, որ «ԻԱԻՊ դեմ ավիահարվածները չեն փրկի սիրիական Քոբանի քաղաքը»։ Իր հերթին Մեծ Բրիտանիան եւս կոչ է արել Թուրքիային աջակցելու Սիրիայում պայքարող քրդական ուժերին։ Օգտվելով առիթից՝ հոկտեմբերի 8—ին Անկարայում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Թուրքիան եւս մեկ անգամ հասկացրեց, որ ցամաքում ԻԱԻՊ—ին կանխելու ունակ միակ ուժն ինքն է, եւ կոչ արեց «միասնական օրակարգով պայքարելու» վերջինիս դեմ, ինչը վերահիշեցում էր թուրքական հայտնի նախապայմանների։
Ներքաղաքական կյանք։ Եթե արտաքին քաղաքականության ասպարեզում Թուրքիան մասամբ հաջողում է, օգտվելով բարենպաստ աշխարհագրական դիրքից եւ տարածաշրջանային սպառնալիքների հարաճուն ավելացումից, ապա արմատապես այլ է պատկերը ներքին կյանքում։
Հոկտեմբերի 7—ից երկրում մոլեգնող քրդական խռովությունները դրա պարզ վկայությունն են։ Սկսած Քոբանիի շրջափակման օրերից (սեպտեմբերի կեսեր)՝ ՔԱԿ ակտիվ անդամ Ջեմիլ Բայիքը, ինչպես նաեւ կուսակցության առաջնորդ Օջալանը ուղղակիորեն հասկացրել էին, որ Քոբանիի անկումը իրենք համարելու են թուրքական ձեռնարկ եւ խզելու են խաղաղության գործընթացը։ Խոսքը 2012թ. մարտից սկսած կառավարություն—ՔԱԿ այսպես կոչված զինադադարի մասին է։ Դրա շնորհիվ, ինչպես նաեւ քրդերին հայտնի արտոնությունների տրամադրման միջոցով («Ժողովրդավարացման փաթեթ») «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը հաջողվեց հաղթանակ տանել տեղական ինքնակառավարման եւ նախագահական ընտրություններին։
Ներկայումս, սակայն, երկիրը կանգնած է վերածնվող քրդական վտանգին դեմ հանդիման։ Էրդողանը շտապեց այդ խռովությունները բնորոշել որպես «բեմականացում», որոնք որեւէ առնչություն չունեն Քոբանիի ճակատագրով մտահոգվելու հետ, եւ «դրսում տեղի ունեցող դեպքերը որպես պատրվակ են օգտագործում երկրի ներսի կյանքը խաթարելու համար»։ Ավելի վաղ ներքին գործերի նախարար Էֆքան Ալան մերձքրդական ուժերին համարել էր հայրենիքի դավաճաններ՝ խոստանալով ամենայն խստությամբ դիմադարձել վերջիններիս։ Միեւնույն ժամանակ, կառավարության ներքաղաքական բացթողումների հետնապատկերին մեծ թափ է հավաքել ընտրություններում չհաղթած թեկնածու Դեմիրթաշի «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը», որն ակտիվորեն գլխավորում է ցույցերի քաղաքացիական մասը։
Այսպիսով, Թուրքիայում բարդ վիճակ է։ Մի կողմից, ԻՊ առաջխաղացումն ընդդեմ սիրիական քրդական ուժերի բարենպաստ հնարավորություն է՝ ազատվելու իր հարավային սահմաններին ՔԱԿ աջակցությունը վայելող մի նոր քրդական օջախից։ Մյուս կողմից՝ երկրի սահմանների մոտ ռազմական լարվածությունը, ինչպես նաեւ մի նոր զորեղ ուժի առաջ գալը հակառակ են ցանկացած պետության շահերին։ Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ գալիք հունիսյան ընտրությունների շեմին ԱԶԿ—ն վտանգի տակ է դնում քրդերի հետ հաշտության գործընթացը։ Թե՛ ներքին, թե՛ արտաքին մակարդակներում Թուրքիան առայժմ բանեցնում է հակառակորդին ջլատելու քաղաքականությունը՝ ցույցերի ելած քրդերին համարելով վանդալներ, YPG—ին համարելով Ասադի հետ գործակցած ահաբեկչական խումբ եւ այլն։
Իսկ ի՞նչը կարող է հանել Թուրքիային այս ուրույն թակարդակից։ Տեսականորեն Ռոժավայի (սիրիական Քրդստան) քրդերին օգնության նպատակով Սիրիա ներխուժումը կարող է ստեղծել նման բարենպաստ միջավայր, երբ ե՛ւ կոալիցիայի ուժերը՝ ԱՄՆ գլխավորությամբ, կողջունեն նման քայլը, ե՛ւ երկրի քրդական շարժումները հնարավոր կլինի մեղմել՝ ահռելի շահաբաժիններ պոկելով երկրի ներսում։
Ամեն ինչ, սակայն, այդքան միանշանակ չէ։ Ցամաքային ակտիվ գործողությունները շոշափելի հարված կհասցնեն Թուրքիայի տնտեսությանը, որը ներկայումս շատ սուր կերպով զգում է արժութային դեֆիցիտ։ Բացի այդ՝ ԻՊ—ի դեմ գործողությունները կնշանակեն Թուրքիայի սիրիական քաղաքականության շրջադարձային փոփոխություն՝ դրանից բխող ամենաուղղակի հետեւանքներով։ Տեւական պայքարը ԻՊ դեմ ուղղակիորեն կուժեղացնի Թուրքիայի հակառակորդ ասադյան ուժերի եւ քրդական կազմավորումների դիրքերը։
Այնուամենայնիվ, բացառելի չէ, որ արտաքին եւ ներքին բարդ ճնշման պայմաններում Թուրքիան դիմի նման ավանտյուրայի, ինչը մի նոր դարագլուխ կբացի Մերձավոր Արեւելքի նորօրյա պատմության մեջ։ Մեզ մնում է ակնդետ հետեւել զարգացումներին, հատկապես որ Թուրքիայի սիրիական քաղաքականության մեջ ուրույն տեղ ունեն օսմանյան ժառանգությանը վերատիրելու թուրքական մղումները։ Այսպես՝ CNN—ին տված հարցազրույցում վարչապետ Դավութօղլուն նշել է. «Մենք հնարավոր ամեն ինչ կանենք՝ օգնելու Քոբանիի ժողովրդին, քանզի նրանք մեր եղբայրներն ու քույրերն են։ Մենք նրանց չենք դիտարկում որպես քրդեր, թուրքմեններ կամ արաբներ»։ hhpress.am
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
|