ՀՀ կառավարությունն այսօր նիստում «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից
իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012 թ.
դեկտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով
ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգեց մինչև 2014 թ. նոյեմբերի 1-ը։ Ընկերությունը
2010 թ. հիմնել է եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով
հագեցած բնական հյութի արտադրության գործարան` ներդնելով ավելի քան 2 մլրդ
դրամ։ Նախատեսված 40-ի փոխարեն ստեղծվել է մոտ 70 աշխատատեղ։ Այժմ
ընկերությունը ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը` հիմնելով ապակյա
տարրայով բնական հյութի և նեկտարի, խոտաբույսի, հատապտղի և թեյի
փաթեթավորման, ինչպես նաև գազավորված ըմպելիքի արտադրություն, իրականացնել
մոտ 1.59 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 70-80 աշխատատեղ` 110 հազար դրամ
միջին աշխատավարձով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ երեք
տարի առաջ դիմել էին ներմուծմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ եթե
նրանք իրենց ներմուծվող ապրանքը փոխարինեն հայկական արտադրանքով, կստանան
կառավարության օժանդակությունը. «Սրանք այն ձեռներեցներն են, ովքեր
հավատացին մեզ և ներդրումային ծրագիր ներկայացրին։ Այդ ներդրումային
ծրագիրը մենք հավանության արժանացրինք, և իրականացվեցին ներդրումներ։ Եվ
հիմա այս ձեռնարկությունն ընդլայնվում է։ Նաև սա լավ օրինակ է մնացած
ներմուծողների համար, որ ներկայացնեն նման ներդրումային ծրագրեր և
կառավարության կողմից արտոնություն ստանան»։
|