Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» կուսակցության
աջակիցներին արդեն մի քանի օր է ինչ զանգվածաբար հարցաքննությունների են
հրավիրում` փորձելով պարզել` ինչո՞ւ են այդ մարդիկ որոշել աջակցել
նորաստեղծ ընդդիմադիր շարժմանը:
Ընդդիմության կողմնակիցներին հարցաքննում են երկրի Վերահսկիչ պալատի
ներկայացուցիչները, որոնց հետաքրքրում է հատկապես շարքային քաղաքացիների`
ընդդիմությանը ցուցաբերած ֆինանսական օգնությունը:
Վրացական աղբյուրների պնդմամբ` հարցաքննության ծանուցագրեր են ուղարկվել Վրաստանի հարյուրավոր քաղաքացիների։
Amnesty International կազմակերպության Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Նատալյա
Նոզաձեն «Ազատություն» ռադոիակայանի վրացական ծառայությանը փոխանցել է. -
«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին շատ զգուշորեն գործել եւ
զերծ մնալ մարդկանց արժանապատվությունը ոտնահարելուց: Հայտնի են դեպքեր,
երբ հարցաքննությունները տեւում են մի քանի ժամ, եւ դրանց ընթացքում
ընդդիմության ակտիվիստին նույն հարցն է տրվում` ինչո՞ւ են նրանք աջակցում
իշխանությունների ընդդիմախոսներին։ Ավելին, մենք տեղեկություններ ունենք,
որ ակտիվիստներից մի քանիսին ընդհանրապես սպառնացել են հաշվեհարդար տեսնել,
եթե նրանք շարունակեն համագործակցել ընդդիմության հետ»: Այս ամենը, ըստ
Amnesty International-ի ներկայացուցչի, վկայում է, որ հարցաքննությունները
«քաղաքական դրդապատճառներով են թելադրված եւ նպատակ ունեն ահաբեկել
ընդդիմության գործող եւ հավանական ակտիվիստներին»:
Իսկ ընդդիմության այն ակտիվիստներով, որոնք անտեսել են Վերահսկիչ պալատից
ստացված ծանուցագրերը եւ հարցաքննության չեն ներկայացել, սկսել է զբաղվել
երկրի ոստիկանությունը: Դա, ըստ Վրաստանի երիտասարդ իրավաբանների
ընկերակցության ղեկավար Թամար Չուգոշվիլիի, օրենքի աղաղակող խախտում է. -
«Վերահսկիչ պալատն իրավունք չուներ այդ գործերը փոխանցել ներքին գործերի
նախարարությանը, քանի որ ընդդիմադիրներին ուղարկված ծանուցագրերում որեւէ
հիշատակում չկա կոնկրետ քրեական գործի հետաքննության մասին, որի
շրջանակներում էլ իրականացվում է այդ հարցաքննությունը»:
Վերահսկիչ պալատի գործողությունները օրեցօր ավելի մեծ հնչեղություն են
ստանում: Դրանց արձագանքել է անգամ Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպան
Ջոն Բասը, որը Facebook-ի իր էջում գրել է. - «Վերահսկիչ պալատի
գործողությունները չեն նպաստում այդ կառույցի նկատմամբ հանրային
վստահության աճին, ինչպես նաեւ խաթարում են նախընտրական մրցակցային
միջավայրի հանդեպ մարդկանց հավատը»: