ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 22:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 7 » Վճռական առաջընթաց՝ հարաբերությունների ողջ սպեկտրով /Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ/
13:27
Վճռական առաջընթաց՝ հարաբերությունների ողջ սպեկտրով /Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ/

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում երեկ հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ։
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Կարեւորելով խաղաղության էական նշանակությունը ՀՀ–ԵՄ համատեղ նպատակների իրականացման հարցում, Ժ. Բառոզուն նշել է. «Այս համատեքստում ես վերահաստատեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ պատրաստ է տրամադրել լայն աջակցություն վստահության կառուցման միջոցներին, եթե կողմերը դա ցանկանան»։
Եվրոպական Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը։ «Բարեփոխումների օրակարգին զուգահեռ, կարծում եմ՝ունենք նաեւ խաղաղության օրակարգի կարիք»,–ընդգծել է Բառոզուն։

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ավարտին

Պարո՛ն նախագահ, ուրախ եմ կրկին Ձեզ հանդիպելու եւ Հայաստան—ԵՄ օրակարգում առկա հարցերը քննարկելու հնարավորության համար։ Մեր նախորդ հանդիպումից ի վեր մի շարք կարեւոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնք նոր հանգրվանի են հասցրել Հայաստան—ԵՄ հարաբերությունները, եւ մենք մեծապես գնահատում ենք Եվրոպական հանձնաժողովի եւ անձամբ պարոն Բառոզուի ավանդը մեր համագործակցության խորացման գործում։
Միանգամից պետք է նշեմ, որ մեր օրակարգում գտնվող բոլոր հարցերի շուրջ մեզ մոտ առկա է մոտեցումների եւ հայացքների լիակատար փոխըմբռնում։ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են միասնական արժեհամակարգի վրա, ինչը պայմանավորված է պատմական, մշակութային, կրոնական եւ լեզվական ընդհանրություններով։
Միաժամանակ ուրախ եմ փաստել, որ մեր հարաբերություններն այսօր զարգանում են վերընթաց կերպով։ Այս օրերին Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները թեւակոխեցին որակական նոր փուլ. վճռական առաջընթաց ենք արձանագրում մեր հարաբերությունների ողջ սպեկտրով։
Երկուստեք գոհունակությամբ ընդգծեցինք Հայաստան—ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը։ Այն նոր մակարդակի կբարձրացնի մեր իրավապայմանագրային հարաբերությունները եւ սերտ համագործակցության ուղնիշներ կսահմանի անվտանգության քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդու իրավունքների, էներգետիկայի եւ այլ բնագավառներում։
Մեր փոխադարձ հաջողությունների հաջորդ հանգրվանը Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները մեկնարկելու վերաբերյալ ԵՄ բոլոր անդամ պետությունների միաձայն որոշումն էր, ինչը վկայում է նաեւ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունավետության մասին։ Եվրոպական միությունը ՀՀ ամենամեծ առեւտրային գործընկերն է, եւ այս համաձայնագրի ստորագրումն էական ազդեցություն կունենա հետագա ինտեգրման, ներդրումների խրախուսման առումով, ինչպես նաեւ լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար։
Մենք կարեւորեցինք ս.թ. փետրվարի 27—ին Երեւանում մեկնարկած ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Ակնկալում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, եւ ընդլայնված հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի ու ԵՄ քաղաքացիների միջեւ ամենատարբեր ոլորտներում շփումները խթանելու ուղղությամբ։
Ներկայումս ԵՄ հետ մեր քաղաքական երկխոսության հիմնական տարրը մեր ներքին բարեփոխումների եւ եվրոպական օրակարգի համադրումն է՝ որպես մեկ միասնական ամբողջություն։ Մենք վճռական ենք Հայաստանում խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում, եւ մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաեւ որպես ԵՄ հետ ծավալվող համագործակցության կարեւոր մաս։
Մենք ողջունել եւ կիսում ենք Եվրոպական միության «ավելի շատ աջակցություն՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը։ Մեր բարեփոխումների իրականացման ուղղությամբ որոշակի ծրագրեր մշակելու գործում առաջնորդվում ենք նաեւ այդ սկզբունքով։ Իմ երախտագիտությունը հայտնեցի Եվրամիությանը Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար։
Մեր հանդիպման ընթացքում անդրադարձանք նաեւ ս.թ. մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը՝ ընտրական գործընթացները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան։ Մենք խորապես գիտակցում ենք ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարեւորությունը մեր երկրի հետագա զարգացման համար։
Քննարկեցինք նաեւ մի շարք տարածաշրջանային հարցեր։ Պարոն Բառոզուին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի ներկա փուլը։ Հայկական կողմն այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հարցի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանը։ Անկախ Հայաստանում եւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում ընթացող ընտրական գործընթացներից, հայկական կողմը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի շարունակմանը եւ հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները ավարտելուն, դրանից հետո նոր միայն խոսք կարող է գնալ «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցություններն սկսելու մասին։ Բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության եւ աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռքբերման հետ։ Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը։
Հայաստանը մշտապես կարեւորել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ուղիղ շփումների եւ ԵՄ ներկայացուցիչների Ղարաբաղ պարբերական այցելությունների անհրաժեշտությունը։ Մենք բազմիցս շեշտել ենք, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողն է եւ հետապնդում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված հասարակարգ ձեւավորելու նպատակներ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 517 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024