«Հայաստանը
գտնվում է տնտեսական եւ քաղաքական զարգացումների այնպիսի փուլում, որ ԵՄ—ն
հնարավոր է համարում Հայաստանի հետ սկսել խոր եւ համապարփակ ազատ առեւտրի
շուրջ բանակցությունները»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ
պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ—ի հետ խոր եւ
համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների գործընթացին։ Նա
նշեց, որ ՀՀ—ԵՄ միջեւ ասոցացման մասին համաձայնագրի ամենակարեւոր մասը
կազմում է հենց այդ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը։ «Ամենակարեւոր
իրադարձությունն այն է, որ Հայաստանը բարեփոխումների իրականացման
արդյունքում հասել է այն մակարդակի, որ ԵՄ—ն պատրաստ է Հայաստանի հետ սկսել
այդ բանակցությունները»,–ասաց Կ.Ճշմարիտյանը։ Կ. Ճշմարիտյանը,
անդրադառնալով այդ համաձայնագրի տնտեսական մասին, նշեց, որ Հայաստանի համար
ԵՄ—ն հանդիսանում է արտաքին առեւտրի առաջին գործընկերը, ինչպես նաեւ՝
Հայաստանի տնտեսությունում կարեւոր ներդնողներից մեկը։ Միեւնույն ժամանակ,
ըստ նրա, Հայաստանի համար բացվում է ազատ առեւտրի հնարավորություն ԵՄ 500
միլիոնանոց մի շուկայում, որտեղ տարածքների միջեւ զարգացումը բավականին
հավասարաչափ է, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ—ն կազմում է 30—40 հազար
դոլար, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ պահանջները
գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա։ Այսպիսով, ըստ Կ.
Ճշմարիտյանի, սպառման մեծ շուկան կխթանի Հայաստանի տնտեսական զարգացումը ոչ
միայն քանակական, այլ որակական առումով, քանի որ Եվրոպա կարող են առաքվել
միայն որակյալ ապրանքներ, ինչը կխթանի նոր հզորությունների ու
տեխնոլոգիաների ներմուծումն ու մրցակցությունը։ Նրա խոսքերով՝ կզարգանա
նաեւ կրթական ոլորտը, քանի որ ձեռնարկություններին հարկավոր կլինեն
որակավորում ունեցող աշխատակիցներ։ «Այսինքն՝ սա կխթանի Հայաստանում
զարգացնելու գիտելիքի վրա հիմնված տնտեսություն»,– ասաց պատգամավորը՝
հավելելով, որ սա մի շղթա է, որն ապահովելու է երկրի հետագա՝ ավելի արագ եւ
որակյալ առաջընթացը։ Կ. Ճշմարիտյանը, անդրադառնալով ՀՀ եւ ԵՄ—ի միջեւ
գոյություն ունեցող ինտեգրացիոն գործընթացներին, նշեց, որ Հայաստանի համար
ԵՄ—ի հետ տնտեսական կապերի խորացումը կբերի նրան, որ մեր երկիրն ավելի
հասկանալի կլինի այլ տնտեսական գործընկերների համար՝ օրենսդրության
իմաստով, ինչպես նաեւ միջազգային տնտեսական ինտեգրման իմաստով։ Պատգամավորն այս գործընթացում կարեւորեց նաեւ ՀՀ նախագահի քաղաքական կամքն ու աջակցությունն այդ գործընթացներին։ Նշվեց
նաեւ, որ վերջին երկիրը, որի հետ կնքվել է ազատ առեւտրի պայմանագիր, եղել է
Կորեան, իսկ ընդհանուր առմամբ մոտ 10 երկիր ունի նման համաձայնագիր։ Ըստ
Կ. Ճշմարիտյանի՝ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները տեւում են
միջինը 2—3 տարի։
|