«Ազատ
եւ արդար ընտրությունների համար պատասխանատու է ամբողջ հասարակությունը,
այլ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,–երեկ ասուլիսի ժամանակ
հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը։ Ըստ բանախոսի՝
ընտրական գործընթացի թափանցիկությունը կախված է նրանից, թե որքանով են
զգում իրենց պատասխանատվությունը հասարակությունը եւ քաղաքական ուժերը։ «Կարծում
եմ, քվեաթերթիկն իշխանությունը չի գցում արկղի մեջ, այլ՝
քաղաքացին»,–շեշտեց նա։ Ընտրությունների թափանցիկությանը պետք է հետեւի
յուրաքանչյուր ոք։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետական մարմին
է, որը կարգավորում, կառավարում եւ անցկացնում է ընտրություն, ինքը
պատասխանատու է այդքանով։ Բայց ընտրություների իրական պատասխանատուն
քաղաքակամն ուժերն են։ Ովքե՞ր են ձեւավորում հանձնաժողովները՝ քաղաքական
ուժերը»,–ասաց նա։ Ըստ բանախոսի՝ Ռուսաստանում տեղի ունեցած
խորհրդարանական եւ նախագահական վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ
ընտրություններից դժգոհելու սկզբունքը գործում է նաեւ Հայաստանում։ «Մեզ
մոտ էլ արդեն իսկ հայտարարում են, որ եթե չվերանայվի մեծամասնական
ընտրակարգը, ապա ընտրությունները անարդար են։ Եկեք բոլորս լծվենք արդար
ընտրությունների անցկացմանը»,–ասաց պատգամավորը։ Պատասխանելով հարցին,
թե ինչպիսի՞ խորհրդարան կուզենար տեսնել՝ Հակոբ Հակոբյանն ասաց. «Ապագա
խորհրդարանը կուզենայի այնպիսին լիներ, որ ժողովուրդը դժգոհ լիներ իր
պատգամավորից եւ հասկացներ իր պատգամավորին, որ դժգոհ է նրանից, քանի որ
վերջինս չի կատարել իր խոստումները։ Սա զարգացման հիմք է։ Հետեւեք ձեր
պատգամավորի խոստումներին»։ Միաժամանակ բանախոսը մտահոգություն հայտնեց, որ այսօրվա քաղաքացին դեռ խուսափում է պայքարի պատասխանատվությունից։ «Այն քաղաքացին, որն իր անձի համար խուսափում է պայքարի պատասխանատվությունից, չի կարող լավ ապրել»,–եզրափակեց ՀՀԿ—ական պատգամավորը։ Խոսելով
ՀՀԿ նախընտրական ծրագիրը կազմելու աշխատանքներից, Հակոբ Հակոբյանը
կարեւորեց երիտասարդներին՝ մասնագիտության ընտրության հարցով աջակցելու
մասին առաջարկներին։ «Դա դեռ քաղաքական ուղղություն է։ Կարեւոր խնդիր է
մարդկանց սովորեցնել մասնագիտություն։ Կրթությունը ինքնին եւս
մասնագիտություն է, բայց բարձրագույն կրթությունը բոլորին հասանելի չէ, եւ
պետք է գնալ մասնագիտություն առաջարկելու ճանապարհով»,–նշեց նա։ Անդրադառնալով
գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից պարտքերի ներմանը՝ Հ.
Հակոբյանը շեշտեց, որ նման որոշումը նախընտրական գործընթացների հետ որեւէ
կապ չունի։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ հանրապետական կուսակության
խմբակցության բոլոր անդամները այդ որոշման վերաբերյալ միակարծիք չեն։ «Մենք
լուրջ քննարկումներ ենք ունեցել խմբակցության ներսում, եւ բոլորի
դիրքորոշումը միանշանակ չի եղել։ Ես անձամբ գտնում եմ, որ յուրաքանչյուր
քաղաքացի իր պարտքը պետք է կատարի, իսկ այն քաղաքացին, ով իր պարտքը չի
կատարում, չպետք է հավասար լինի մյուսին… Նման քայլով մենք ասում ենք
քաղաքացուն. «Տեսեք, պետությունը բարի է, երկու տարի գումար չես վճարում,
ոչինչ»։ Իսկ նրա հարեւանի՞ հոգեբանությունը, ով պարտաճանաչ վճարում էր։
Մենք երբեւիցե նրան հարց տվե՞լ ենք, թե նա ինչ մտածեց, երբ նրա հարեւանին՝
որեւէ գումար չվճարած, պարտքերից ազատեցին»,–ասաց նա։ Ըստ պատգամավորի՝
որոշումն ընդունվել էր երկար քննարկումներից հետո, երբ զգացվեց, որ
պարքերի մեջ հայտնվել են հասարակության լայն շերտեր։
|