Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երեւանում, որպես մեկ առանձնացված կառույց, կազմավորվել է մարզերի միավորված ստորաբաժանումը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ներկա եղավ այդ միավորված ստորաբաժանման բացմանը։ Գործադիր իշխանության ղեկավարը շրջեց նորաբաց ստորաբաժանումով, եղավ արխիվի բաժնում, մտավ անշարժ գույքի ռեգիստրների սենյակ ու ծանոթացավ ներդրված էլեկտրոնային համակարգով իրականացվող գործունեությանը, աշխատանքային պայմաններին։
Կադաստրի պետկոմի նախագահ Մարտին Սարգսյանը վարչապետին ներկայացրեց այդ ստորաբաժանման անհրաժեշտությունը, այն է՝ դրա գործունեությունը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բացառմանը՝ էապես սահմանափակելով գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ—քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը՝ «դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի իսպառ բացառմանը»։
Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միեւնույն հարկում են ներառվել համակարգում առկա շուրջ 2 մլն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազ. գործերի նյութեր (եւս 550 հազ. միավոր գործեր գտնվում են Երեւանի տարածքային ստորաբաժանումում). «Սրանով հնարավորություն կընձեռվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ տանել համակարգում էլեկտրոնային գործառույթներ կատարելու համար կարեւոր նշանակության, սակայն տարիներ ի վեր կուտակված խիստ թերի արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման ու տեսաներածման թերությունները վերացնելու ուղղությամբ»։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ կադաստրի պետկոմի նախագահի, համակարգում ապահովվել է շուրջ 110 մլն դրամի խնայողություն, որը կուղղվի նրա հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը։
Տեղեկացվեց նաեւ, որ քաղաքացիներին ընտրության հնարավորություն ընձեռելու նպատակով, օրենսդրական փոփոխությունների հիմամբ հետագայում կադաստրի սպասարկման գրասենյակի կարգավիճակ կարող է տրամադրվել ինչպես առանձին իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց։ Նոտարներին հնարավորություն կտրվի կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, գործարքից հետո՝ իրավունքների պետական գրանցման համար, դիմում մուտքագրել կադաստրի համակարգ՝ ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները եւ կարեւորեց դրանց հետագա շարունակականությունը։ Ընթացքում վարչապետը կադաստրի պետական կոմիտեի ղեկավարին հարցրեց գրանցումների ժամկետների ու սակագների, էլեկտրոնային եղանակով տրված դիմումների ընթացքին հետեւելու հնարավորությունների ու կարգի մասին։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|