ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 27 » Աղդամի ազատագրման պատմական դասերը
13:39
Աղդամի ազատագրման պատմական դասերը

22 տարի առաջ այս օրը՝ 1993 թ. հուլիսի 25—ին, ղարաբաղյան ռազմաճակատում եռօրյա զինադադար էր հայտարարված։ Համաձայնությունը ձեռք էր բերվել ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւի միջեւ։ Փաստացի, դա պատերազմի ամբողջ ընթացքում եռօրյա զինադադարի մասին առաջին պաշտոնական համաձայնությունն էր։ Բանն այն է, որ 1993 թ. հուլիսին հայկական զինված ուժերն իրականացրել էին արցախյան պատերազմի ամենահեղաբեկիչ գործողությունը՝ Աղդամ քաղաքի կրակակետերի ոչնչացումը, ինչպես նաեւ քաղաքի ադրբեջանաթափումն ու ազատագրումը։ Հուլիսի 23—25—ը քաղաքն ամբողջովին մաքրված էր եւ գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ։ Այսպիսով, թշնամին կրել էր պատերազմի ամենացավալի կորուստներից մեկը եւ սեփական նախաձեռնությամբ դիմել կրակի դադարեցման խնդրանքով։
Աղդամ քաղաքը գտնվում էր Ղարաբաղի հարթավայրում՝ Ստեփանակերտից ընդամենը 30 կմ դեպի արեւելք։ Հետխանական Ղարաբաղում՝ ցարական շրջանում, քաղաքը գտնվում էր Շուշիի ուեզդի կազմում։ Լինելով բարենպաստ աշխարհագրական դիրքում, ինչպես նաեւ ռազմավարական—հանգուցային ճանապարհի վրա (Եվլախ—Շուշի)՝ քաղաքը շատ արագ դարձել էր մարդահոծ եւ վերածվել Անդրկովկասի թյուրքական բնակչության կարեւոր ցատկահարթակներից մեկը՝ դեպի Ղարաբաղի լեռնաստաններ գրոհելու համար։ Աղդամի այս «գործառույթը» երեւան եկավ Ղարաբաղի տարածքում հայ—թյուրքական առաջին իսկ բախման ժամանակ։ 1905—1907 թվականներին Անդրկովկասի թյուրքերը ծառայեցնում էին Աղդամը Խրամորթ, Խանաբադ, Քյաթուկ, Քիլեչբաղ, Շուշիքենդ հայկական գյուղերի վրա հարձակվելու համար։ Ավելին, սպորադիկ հարձակումներից զատ՝ Անդրկովկասի թրքության շրջանում աստիճանաբար հասունանում էր նաեւ Աղդամի միջոցով ամբողջ Ղարաբաղին՝ Շուշիի ուեզդին, տիրելու մտայնությունը։ Ասվածը հիմնավորելու համար մեջբերենք պատմագիտությանը քիչ հայտնի մի դրվագ։
Առիթ ունեցել ենք նշելու, որ հակահայկականությունը մեծ չափով նպաստել է Անդրկովկասի թյուրք բնակչության քաղաքական կոնսոլիդացիային եւ հետագայում՝ ադրբեջանական/ադրբեջանցի ազգի էթնոգենեզի գործընթացին։ Այսպես, Անդրկովկասի թրքությանը քաղաքականապես միավորող առաջին կառույցը «Դիֆայի» կովկասյան համամուսուլմանական պաշտպանական կոմիտեն էր։ Կազմակերպությունը հիմնական նպատակ էր հայտարարել հայերի, նամանավանդ՝ դաշնակցության դեմ պայքարը։ 1907 թ. մարտին «Դիֆային» Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի եւ Ղրիմի մահմեդական կազմակերպությունների հետ միասին Ելիզավետպոլ—Գանձակում գումարեց կուրուլթայ՝ ժողով։ Վերջինս ընդունեց 5 կետից բաղկացած հռչակագիր, որն ամբողջությամբ ուղղված էր Ղարաբաղի ու հայության դեմ։ Առավել ուշագրավ էին հռչակագրի վերջին երկու կետերը։ Չորրորդ կետում նշված էր, որ կազմակերպության նպատակներից է «… Բաքվի մուսուլման դրամատերերի օգնությամբ հայերից գնել Աղդամից մինչեւ Խանջայիլ կայարան (կարդա Խոջալուի երկաթուղային կայարան Է.Է.) ձգվող հողերը՝ բացառապես մուսուլմաններով բնակեցնելու համար»։ Իսկ վերջին կետում գրված էր՝ «… ստիպել շուշվեցիներին (խոսքը մահմեդականների մասին է Է.Է.) ապրել եւ հաստատվել Շուշիում, եւ … առհասարակ՝ Ղարաբաղը դարձնել մուսուլմանական (կարդա թյուրքական/ադրբեջանական Է.Է.) գավառ»։ «Դիֆային» հիմնեց իր գլխավոր կենտրոնը Շուշիում՝ «Ղարաբաղ կոմիտեն», որն ամենաազդեցիկներից էր եւ ղեկավարում էր հայերի դեմ ուղղված զինված պայքարը։ Վերջինիս ակտիվ քաջալերմամբ էլ հայ—թաթարական բախումների տարիներին Աղդամի թյուրքերը փակում էին Եվլախից եկող ճանապարհը՝ յուրօրինակ շրջափակման ենթարկելով Ղարաբաղի հայերին։
1918—1920 թթ. բախումների ժամանակ Աղդամը շարունակում էր մնալ Վարանդայի եւ Ասկերանի հայության պատուհասը, քանզի այնտեղից էին մեկնարկում Ղարաբաղի խորքը ձգվող հարձակումները, եւ այնտեղ էր թյուրքական զորքերի հիմնական կենտրոնատեղին։ Ուշագրավ է, որ երբ 1918 թ. աշնանը Դիզակի եւ Վարանդայի ղեկավարները դիմում էին զորավար Անդրանիկին՝ Ղարաբաղ արշավելու խնդրանքով, որպես ակնկալիք ներկայացնում էին նաեւ վերջինիս կողմից Աղդամի թրքությանը պատժելը եւ Վարանդայի գյուղերին հասցված վնասի համար փոխհատուցում ստանալը։ Հետագայում բրիտանացի մայոր Գիբոնի հետ Գորիսում ճաշելիս Անդրանիկը, անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, պնդել էր, որ անարդար է, որ տեղի մեծամասնությունը կազմող հայությունը հայտնվի թյուրքական իշխանության տակ, եւ որ թյուրքերը կարող են իշխել Աղդամից արեւելք՝ մինչեւ Բաքու ընկած տարածքների վրա։ Նկատենք, որ Աղդամի ազատագրմամբ հենց կյանքի կոչվեց դեռ 1918 թ. Անդրանիկի կողմից ձեւակերպված սահմանը։
Սովետական տարիներին Աղդամն է՛լ ավելի ընդարձակվեց՝ կլանելով շրջակա թյուրքաբնակ գյուղերը եւ վերածվելով տարածաշրջանի կարեւոր կենտրոններից մեկի։ Հաշվի առնելով այն ահռելի կարեւորությունը, որ քաղաքն ուներ Բաքվի համար՝ վերջինս վերածվել էր յուրօրինակ «ազատ գոտու», որի շուկաներում կարելի էր ձեռք բերել գրեթե ամեն ինչ՝ թմրանյութերից մինչեւ ապօրինի զենք եւ զինամթերք։ Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից հենց երկու օր անց՝ փետրվարի 22—ին, աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխը «կարգ ու կանոն հաստատելու» նպատակով զինված հարձակում սկսեց Աղդամ—Ասկերան—Ստեփանակերտ ուղղությամբ։ Ամբոխին հակահարված տվեց հայ բնակչությունը՝ զինված որսորդական հրացաններով։ Եղան երկկողմանի զոհեր՝ թեպետ սովետական մամուլը հայտարարեց միայն ադրբեջանական զոհերի մասին։ Ի վերջո հաջողվեց հետ մղել թշնամական զանգվածին, սակայն հայության համար պարզ դարձավ, որ աղդամյան սպառնալիքը դամոկլյան սրի պես կախված է իրենց գլխին։
1989 թ. օգոստոսի 13—ին խոջալվեցի բանդիտները պայթեցրին Աղդամի շրջանի տարածքով անցնող երկաթուղու Աղդամ—Ստեփանակերտ կայարանամեջ ուղեմասի բավականին երկար մի հատված։ Սա հարմար պատրվակ դարձավ Ադրբեջանի իշխանությունների համար՝ հայտարարելու, որ երկաթուղային փոխադրումները դեպի Լեռնային Ղարաբաղ այլեւս անհնար են։ Բնավ ոչ պատահականորեն հենց նույն օրը Շուշվա ադրբեջանցիներն իրենց հերթին քանդեցին Ստեփանակերտի ջրատարը։ Ճակատագրի հեգնանքով վերականգնվում էր Աղդամ—Շուշի գիծը խափանելու միջոցով Ղարաբաղը շրջափակելու շուրջ հարյուրամյա «ավանդույթը»։ Իսկ արդեն 1991 թ. դեկտեմբերից Աղդամը վերստին սկսեց ծառայել նաեւ որպես ռազմական հենակետ։ Սկսվեց Ստեփանակերտի հրետակոծումը, իսկ 1992 թ. հունվարի 1—ին թշնամական զորքը 10 տանկերի եւ զրահամեքենաների ուղեկցությամբ Աղդամից շարժվեց Խրամորթ եւ հրկիզեց ամբողջ գյուղը (ավելի քան 40 տուն)։ Բնակիչները ցաքուցիր եղան եւ ապաստան գտան շրջակա գյուղերում. սպանվեց 12 հոգի։ 1992 թ. մայիսից արդեն, երբ ազատագրված էին Շուշին ու Լաչինը, հայկական ուժերն աստիճանաբար սկսեցին կարգավորել դրությունը Աղդամի ճակատում։ 1992 թ. մայիսի 15—ին հարձակում ձեռնարկվեց Գյուլաբլի գյուղի բարձունքի ուղղությամբ, որտեղից ադրբեջանցիները հրետանային կրակի տակ էին պահում Ստեփանակերտի ու այլ հայկական բնակավայրերի քաղաքացիական օբյեկտները։ Ցավոք, այս գրոհը ձախողվեց, քանզի ունենալով թվային, բայց ամենակարեւորը՝ դիրքային գերազանցություն՝ ադրբեջանական ուժերը հետ մղեցին այն։ Այնուամենայնիվ, 1992 թ. սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին հայկական ուժերին հաջողվեց հակագրոհների միջոցով թշնամուն հետ շպրտել Մարտունու եւ Աղդամի որոշ բնակավայրերից։
Պատերազմի տարիներին Աղդամի կարեւորությունը երկու կողմերի համար էլ կտրուկ աճեց։ Բացի այն, որ քաղաքը գտնվում էր հարթավայրային մասում եւ տանկային հարձակումների համար հարմար ելակետ էր, այն նաեւ հաղորդակցային կարեւոր հանգույց էր։ Եվլախից Նախիջեւան, Ֆիզուլիից Մարտակերտ բոլոր ճանապարհներն անցնում էին Աղդամով։ Արդեն 2006 թվականին իր «Աղդամի գրավումը» փաստավավերագրական ֆիլմում անդրադառնալով Աղդամի կարեւորությանը՝ ադրբեջանցի լրագրող Անար Յուսիֆովը դառնությամբ պետք է արձանագրեր, որ «… բոլորի հայացքն ուղղված էր Աղդամին, քանզի Ղարաբաղ տանող միակ ճամփան Աղդամն էր, եւ առանց Աղդամին տիրելու անհնար էր տիրել Ղարաբաղին»։ 
Սա հավելյալ բարդություն էր ստեղծում հայկական ուժերի համար՝ հաշվի առնելով, որ 1992 թ. հունիսից Մարտակերտ քաղաքն ու շրջանի զգալի մասը գտնվում էին ադրբեջանական ռազմակալման տակ։ Վերահսկողությունը Մարտակերտ—Աղդամ ճանապարհի վրա թույլ էր տալիս թշնամուն պահպանել կապը երկու քաղաքների միջեւ եւ չզիջել դիրքերը։ Կոորդինացնելով մարդակերտյան եւ աղդամյան գործողությունները՝ հայկական ուժերը շեղող—հակահարձակողական գործողությունների դիմեցին Աղդամի ուղղությամբ՝ նպատակ ունենալով թշնամու ուժերը գամել այստեղ եւ հյուսիսից շրջանցելով՝ վերահսկողություն հաստատել Մարտակերտ—Աղդամ մայրուղու նկատմամբ։ 1993 թ. հունիսի 12—ին եւ 15—16—ին հայկական ուժերը հարավից եւ հյուսիսից հարձակումներ ձեռնարկեցին աղդամյան ուղղությամբ՝ զբաղեցնելով Յուսիֆջանլի, Մարզիլու, ինչպես նաեւ Ալիմադադլի, Քյուրդալար, Մոլլալար, Գալայչըլար, Ալիաղալը գյուղերը։ Հնարքն աշխատեց, եւ թշնամին զգալի քանակով խմբավորումներ տեղափոխեց այս ուղղությամբ, ինչի շնորհիվ հունիսի 25—ին հայկական ուժերին հաջողվեց հյուսիսից օղակել մայրուղին եւ ազատագրել Փափրավենդ, Սոֆուլու եւ Բոյահմեդլի գյուղերը։ Մեկ օր անց Մաղավուզի, Պուշկենյալի եւ «Տելեվիշկայի» ուղղությամբ կատաղի մարտերից հետո՝ արդեն հունիսի 27—ին, հայկական ուժերին հաջողվեց մեկամյա օկուպացիայից ազատագրել Մարտակերտ քաղաքը։ Աղդամ—մարտակերտյան այս ռազմագործողության ընթացքում Մարզիլուում եւ Մաղավուզում զոհվեցին տաղանդավոր հրամանատարներ Մոնթե Մելքոնյանը եւ Կարո Քահքեջյանը։
Հուլիսին արդեն մարտերը կենտրոնացան Աղդամի ուղղությամբ։ Անհրաժեշտ էր վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ բարձր դիրք զբաղեցնող օբյեկտների նկատմամբ։ Հիմնական մարտերը կենտրոնացան Մարտունի—Ստեփանակերտ խաչմերուկի եւ Ստեփանակերտի հանդեպ գերակա դիրք ունեցող Ուղտասարի (Շելլի), Խըդըրլուի, ինչպես նաեւ «Հանգստյան տան» դիրքերի ուղղությամբ։ Հուլիսի 22—ին Ասկերանի պաշտպանական շրջանի մարտիկները Աղդամի մատույցներում էին, իսկ ամսի 23—ին Աղդամը լիովին մաքրված էր։
Այսպիսով, որո՞նք են Աղդամի ազատագրման պատմական դասերը։ Նախեւառաջ ուշադրության է արժանի այն պարագան, որ Աղդամը, ինչպես ցույց տվեցինք կարճառոտ պատմական ակնարկի միջոցով, շուրջ հարյուրամյա խնդիր էր եւ լուծվեց միայն 1993 թ. ու մեծ դժվարությամբ ու զոհերով։ Որպես կայացման վճռական փուլ թեւակոխած ազգ—պետություն՝ մեզ համար շատ կարեւոր է ունենալ այս գիտակցումը, որ հասարակության զարգացմանն ու պետականությանն առնչվող խնդիրները պետք է լուծվեն ծագելուն պես, հակառակ պարագայում ժամանակի ընթացքում դրանք դառնում են ավելի բազմաբարդ եւ ըստ այնմ՝ պահանջում են ավելի ռեսուրսատար լուծում, որպիսին եղավ նաեւ Աղդամի ազատագրման պարագայում։
Կարեւոր է նաեւ գիտակցված վստահությունը սեփական ուժերի հանդեպ, որ պիտի հասցված լինի հավատամքի ու ռազմավարության մակարդակի։ Մեջբերենք այդ օրերին Երեւանում ԼՂՀ ներկայացուցիչ Մանվել Սարգսյանի խոսքերը. «… Մենք ամեն ինչ կանենք՝ փրկելու մեր սակավ բնակչությունը վերացումից։ Հայերս այլեւս կարող ենք չանհանգստանալ միջազգային հանրության քննադատության համար, եթե մենք շարունակենք հարձակումը… Մենք բազմիցս դիմեցինք միջազգային հանրությանը եւ Ադրբեջանի ղեկավարությանը՝ պահանջելով դադարեցնել Ղարաբաղի տարածքի հրետակոծումը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի անդադրում ռմբակոծումը։ Մենք պետք է դադարեցնեինք դա կամ մեռնեինք» («Լոս Անջելես թայմս», 25.07.1993, էջ 4)։ Կարծում ենք, որ Աղդամը գրոհելու ռազմավարական վճռականությունը արդյունք էր սեփական խնդիրները սեփական ուժերով լուծելու արգասաբեր մտայնության։
Գալով ավելի տեղային հետեւություններին՝ արձանագրում ենք մեկ հստակ փաստ՝ Աղդամը, ներկայումս արդեն՝ Ակնան, իր բնական դիրքի շնորհիվ Արցախի արեւելյան դարպասն է, եւ առանց Ակնայի Արցախի գոյությունն անկարելի է։ Եթե այլաձեւենք Մոնթեի խոսքերը, ապա կարող ենք ասել, որ եթե մենք կորցնենք Ակնան, կշրջենք մեր պատմության վերջին էջը։ Բարեբախտաբար, այս մոտեցումը վաղուց արդեն ուղենշային է Հայաստանի ռազմաքաղաքական բարձրաստիճան ղեկավարության համար։ hhpress.am

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 525 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024