Հայաստանը, լինելով ԵՏՄ—ում, ցանկանում է նաեւ եվրոպական արժեհամակարգի մաս կազմել
Այս հարցում ՀՀ–ի եւ ԵՄ—ի երկկողմ համաձայնությունն առկա է։ Իսկ թե այդ ցանկությունն ինչպես է հնարավոր կյանքի կոչել, պարզ կդառնա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մայիսի 21—22—ը անցկացվող Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ։ Երկօրյա գագաթնաժողովին հնարավոր է՝ ազդարարվի ՀՀ—ԵՄ բանակցությունների մեկնարկը։
Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը հայտնել է ԵՄ գործընկեր վեց երկրի, այդ թվում՝ եւ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու իրենց ցանկության վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է «The Parliament Magazine»—ում տպագրված հոդվածում. «Մեր համագործակցությունը նպատակ ունի կառուցել կայունություն ինտեգրացիայի եւ ժողովրդավարության նկատմամբ ԵՄ մոտեցումների ընդունման միջոցով։ Գագաթնաժողովում կքննարկվեն ԵՄ—ի եւ դրա գործընկեր վեց պետության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները, որոնք ուղղված չեն լինի երրորդ կողմի դեմ»։ Հանը հայտնել է նաեւ, որ գագաթնաժողովին կքննարկվեն այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են ԵՄ եւ դրա արեւելյան գործընկերների միջեւ հարաբերություններում 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովից հետո։
Յոհաննես Հանն ընդգծել է, որ արեւելյան գործընկերությանը ԵՄ մոտեցումը մշտապես թափանցիկ է եղել եւ կենտրոնացած իր գործընկերների շահերի եւ հետաքրքրությունների վրա։
Հայաստանում Ռիգայի գագաթնաժողովից ակնկալիքները բավականին լավատեսական են։ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, հայկական կողմը բազմիցս նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցումը չի նշանակում հարաբերությունների եւ կապերի խզում Եվրամիության հետ։ Նա ասել է, որ Եվրամիությունն ակտիվացել է Հայաստանի հետ համագործակցության առումով, եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Ռիգայի գագաթնաժողովից, բացի դրականից, այլ արդյունք չի ակնկալում։ «Մենք պատրաստ ենք նրանց հետ ցանկացած համագործակցության, որը չի խանգարի մեր պայմանագրային դրույթներին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Արեւմուտքում էլ այս հարցին ըմբռնումով են մոտենում։ Ոչ միայն Եվրամիությունը, այլ նաեւ ԱՄՆ—ը բազմիցս հայտարարել են, որ ըմբռնումով են մոտենում մեր որոշմանը եւ պատրաստ են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։ Իսկ նման գագաթնաժողովները միայն նպաստելու են մեր հարաբերությունների զարգացմանը»,–ընդգծել է նա։
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից ի վեր Հայաստան—Եվրամիություն հարաբերություններում առկա է բանակցային նոր ձեւաչափի որոնման խնդիրը։ «Գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը եւ Եվրամիության երկրները պետք է որոշեն այն ձեւաչափը եւ խնդիրների սահմանները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսելու համար»,–«Արմենպրեսին» ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը եւ հավելել, որ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել բանակցել նոր համաձայնագրի վերաբերյալ, որը կարող է լինել ավելի սահմանափակ, քան նախորդ բանակցային գործընթացի ժամանակ էր։
2013թ. Վիլնյուսում կայացած գագաթնաժողովից հետո եվրոպական գործընկերների մոտ անհրաժեշտություն է առաջացել ձեւափոխել արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ ունեցած դիրքորոշումը։ «Եվրամիությունը արեւելյան գործընկերության բոլոր երկրներին դիտում էր գրեթե նույն տեսանկյունից։ Սակայն հետագայում պարզվել է, որ իրականությունը շատ ավելի բազմազան է իրենց դոգմատիկ մոտեցումների համեմատ, ինչը պահանջեց ԵՄ—ից վերանայել համագործակցային տեսլականը եւ մշակել ավելի կատարելագործված համագործակցային մոդելներ»,– շեշտել է Մարկարովը։ Քաղաքագետը հավելել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ սկզբնական շրջանում կարող է կնքվել մարդու իրավունքներին, ժողովրդավարացմանը կամ կառավարման ոլորտի բարելավմանը վերաբերող համաձայնագիր, որի տնտեսական մասով առկա է բանակցային նոր ձեւաչափի որոնման խնդիրը՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
Ալիեւն ու Լուկաշենկոն չեն մասնակցի
«ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնպես ներկա կլինի Ռիգայի գագաթնաժողովին։ Ուկրաինան եւ Եվրոպական միությունը (ԵՄ) կստորագրեն վերջնական համաձայնություն Ուկրաինային մակրո—ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, որը կկազմի 1.8 միլիարդ եվրո։
Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չեն մասնակցի ԱլԳ գագաթնաժողովին։
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները ակնհայտ են
Երեկ Ռիգայում մեկնարկել են «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության երկրորդ կոնֆերանսը եւ «Արեւելյան գործընկերության» առաջին մեդիա կոնֆերանսը։
Ի տարբերություն քաղաքացիական հասարակության կոնֆերանսի, մեդիա կոնֆերանսը կազմակերպվել է առաջին անգամ, որի ընթացքում անդրադարձ է կատարվում ԱլԳ տարածաշրջանում ԶԼՄ—ների դերակատարության կարեւորությանը։ Այս միջոցառման ընթացքում եւս քննարկվում են ԱլԳ տարածաշրջանում առաջացած մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։
Առաջին մեդիա համաժողովին մասնակցում են ԶԼՄ–ների, քաղաքացիական հասարակության 300 ներկայացուցիչներ եւ փորձագետներ։ «Մեդիայի դերը Արեւելյան գործընկերությունում» խորագրով մեդիա համաժողովին, որի պատվավոր հյուրերն էին Եվրոպայի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Լատվիայի նախկին նախագահ Վաիրա Վիկե—Ֆրայբերգան, Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, չի շրջանցվել Ադրբեջանում ազատ խոսքի ոտնահարման հարցը։
Նիլս Մուժնիեկսն իր ելույթում ներկայացրել է Եվրոպական միությունում եւ գործընկեր պետություններում մարդու իրավունքների իրավիճակը՝ նշելով, որ Ադրբեջանը գլխավորում է այն երկրների ցանկը, ուր մարդու իրավունքները ոտնահարված են։ «Ադրբեջանցի բոլոր գործընկերներս՝ իրավապաշտպաններ, լրագրողներ, բանտարկված են։ Նրանց ներկայացրած մեղադրանքները խիստ հակասական են, լուրջ կասկածներ են հարուցում»,–ասել է հանձնակատարը։
Դունյա Միյատովիչը եւս անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ազատ խոսքի ոտնահարման դրսեւորումների առնչությամբ։ Նա թվարկել է անգամ բանտարկված մի քանի ակտիվիստների անուններ եւ կոչ արել դադարեցնել համագործակցությունը մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի հետ։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|