Եվրոպան առաջարկել է մենյուն եւ Ադրբեջանին պարտադրել հաշիվը փակել
Երբ սոված մարդուն ուտելիք ես ցույց տալիս, նա առանց մտածելու նետվում է դրա վրա եւ սկսում ուտել։ Երբ ժողովրդավարությունից հեռու երկրին այնպիսի բան է առաջարկվում, որից նրա մոտ պավլովյան հայտնի կենդանու ռեֆլեքսն է առաջանում, պետք չէ մտածել, թե այդ երկրում բոլոր պայմանները կան տվյալ առաջարկի իրականացման համար։ Սակայն նա պատրաստ է գնալ դրան, միայն թե իր մասին գոնե մի անգամ ժողովրդավարական հիշատակումներ լինեն, ավելի հստակ՝ հիշատակումներ լինեն ժողովրդավարական կամ քաղաքակրթության ավանդույթներ ունեցող երկրների կողմից։
Ինչպես հայտնի է, առաջիկայում Ադրբեջանում նախատեսված է անցկացնել Եվրոպական առաջին խաղերը։ Այն, որ այդ մրցումների անցկացման համար երկրներն իրար չէին խառնվել, ավելին, նույնիսկ մրցակցություն չկար, առաջին հայացքից տարօրինակ է։ Եվ հենց այդ էր պատճառը, որ հիշյալ խաղերի անցկացումը բաժին ընկավ Ադրբեջանի մայրաքաղաքին։
Բանն այն է, որ, ի տարբերություն ադրբեջանական չտեսության, եվրոպական երկրները կարողանում են ամեն ինչ ծանր ու թեթեւ անել, նախքան մի բանի տակ մտնելը։ Նրանք նաեւ կարողանում են հաշվել, որովհետեւ անկախ նրանից, թե ինչ եւ ում միջոցներով է անցկացվելու որեւէ միջոցառում, դրանք պետք է լինեն մաքուր ծագում ունեցող ֆինանսներ, առանց կասկածի առաջացման որեւէ նշույլի։ Այն, որ այսօր ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Եվրոպայում ֆինանսական առումով իրավիճակը բավականին բարդ է, նորություն չէ։ Այդ պատճառով էլ եվրոպական հաշվենկատությունն ու իրավիճակի սթափ գնահատականը եվրոպական երկրներին ստիպել են գոնե առաջին փուլում ձեռնպահ մնալ դեռեւս կենսագրություն չունեցող մրցումներ անցկացնելու ֆինանսական պատասխանատվություն ստանձելուց։ Այդ պատճառով էլ Եվրոպական խաղերի անցկացման համար հավակնորդների մրցույթ չանցկացվեց, պարզապես, ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է ԵՕԿ—ի նախագահ Պատրիկ Հիկկին, իրենք պարզապես դիմել են Ադրբեջանի օլիմպիական կոմիտեին՝ այդ խաղերն անցկացնելու առաջարկով, եւ վերջինս համաձայնել է։
Բնականաբար, Բաքվի ընտրության հարցում առաջնային դեր խաղացել է ոչ մարդկային գործոնը, մանավանդ որ նախագահ Իլհամ Ալիեւի համար մարդկային գործոն ասվածը երբեք էլ կարեւորություն չի ունեցել, եւ առաջնային մշտապես համարվում է նավթային գործոնը։ Ըստ էության, Եվրոպական խաղերի անցկացումը Բաքվում հենց Ալիեւի եվրոպական խաղերի արդյունք են։ Խոսքը այն մասին չէ, ինչում ներկայումս ֆուտբոլային աշխարհում մեղադրում են Կատարին՝ աշխարհի 2022 թվականի առաջնության մրցավայր ընտրվելու գործընթացի պարագայում։ Եվրոպայում շատ լավ գիտակցում են, որ Ադրբեջանը ոչ միայն մաքուր եվրոպական երկիր չէ, այլեւ որեւէ բարոյական իրավունք չունի դառնալ այնպիսի մրցումների անցկացման վայր, որի հիմքում խաղաղությունը, համերաշխությունն ու հանդուրժողականությունն են, այսինքն՝ այն ամենը, որոնց մասին Ադրբեջանի դեպքում խոսելն առնվազն ծիծաղելի է։
Դրա լավագույն վկաները եվրոպական տարբեր ատյանների ու կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների քննադատական ու բացասական գնահատականներն են, ինչպես նաեւ այդ կառույցների հայտարարությունները Ադրբեջանում տիրող կոռուպցիոն, հակամարդկային, հակաժողովրդավարական իրավիճակի, մարդու եւ նրա իրավունքների հանդեպ վերաբերմունքի մասին։ Սակայն Եվրոպայում լավ հասկանում են, որ կարելի է Ադրբեջանի նավթային ֆինանսները ուղղել նաեւ ավելի շոշափելի նպատակի՝ փորձելով դրանով ինչ—որ չափով դաստիարակել նրան, որքան էլ կարմիր կովը դժվար թե կաշին փոխի։ Նաեւ լավ հասկանում են, որ Ադրբեջանն իսկապես գտնվում է այն սովյալի կարգավիճակում, որին միանգամից կարելի է գայթակղել, եւ ահա առաջարկվեց Եվրոպական խաղերի անցկացման գաղափարը։ Մեծ հաշվով սա նշանակում է նաեւ ալիեւյան սեւ փողերի (նավթային եւ անօրինական ճանապարհով ստացված լինելու իմաստով) եկամուտների ներգրավում, որովհետեւ այս խաղերն օգտագործվելու են հենց չեղած ադրբեջանական իմիջի ձեւավորման նպատակով։
Սակայն եվրոպական խաղերի անցկացումով Ադրբեջանը բնավ էլ չի խուսափում մարդկության համար հակացուցված երկրների սեւ ցուցակում ներառվելուց, եւ միջազգային, այդ թվում՝ եվրոպական կառույցները շարունակում են խոշորացույցի տակ պահել ալիեւյան բանտերն ու ազատության սահմանափակման համար նախատեսված ադրբեջանական մեթոդիկան՝ ի դեմս մասնավորապես մարդու հիմնարար ազատությունների սահմանափակումների։ Եվրոպական խաղերը փրկություն չեն Ալիեւի հակաեվրոպական եւ ընդհանրապես հակաքաղաքակրթական վարչակարգի համար, որն այնպիսի գլխապատառ արագությամբ է նետվել այդ խաղերի անցկացումը կազմակերպելուն, ինչպես երբեւիցե չի վարվել իր երկրում որեւէ ծրագիր իրականացնելու դեպքում։ Ադրբեջանում ոչ միայն նման միջոցառումների կազմակերպման փորձ չկա, այլեւ մասնագետ չկա։ Այդ պատճառով էլ կազմկոմիտեի անդամների հիմնական մասն օտարերկրացիներ են՝ մի քանի հարյուր մարդ։
Փաստորեն Եվրոպան տվել է գաղափարը, ծրագիրը, մասնագետներին, այսինքն՝ առաջարկել է մենյուն եւ Ադրբեջանին պարտադրել տարածք տրամադրել եւ այսպես ասած հաշիվը փակել։ Վերջինս էլ, ինչպես վայել է կիսագրագետ ու չտես փողատիրոջը, փորձում է ամեն կերպ առատաձեռն երեւալ ու գողացած փողերով լավամարդ լինել։
Բայց Եվրոպան Ադրբեջան չէ, այնպես, ինչպես Ադրբեջանը Եվրոպա չէ, եւ ադրբեջանական կեղծ բարեգործությունը եվրոպական խաղերի անցկացման ծախսը քաշելու տեսքով չի նշանակում ապահովագրություն արդարադատությունից եւ արդար քննադատությունից, որոնք կարող են տարբեր դրսեւորումներով հանդես գալ։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը Եվրոպական խաղերի անցկացման նախաշեմին հայտարարում է, թե այդ երկրին ձեռնտու չէ ԵՄ—ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարել է, որ չի բացառում Բաքվի եւ Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը, սակայն դա հնարավոր է միայն «Հայաստանի հետ տարածքային վեճի կարգավորումից հետո»։ Այսինքն, Եվրոպական խաղեր անցկացնելով, Իլհամ Ալիեւը եվրոպական ու հակաեվրոպական խաղեր է տալիս, միաժամանակ, չհրաժարվելով նաեւ եվրասիական ու հակաեվրասիական խաղեր տալուց։
Սակայն կատվի վազքը մինչեւ մարագն է լինում, իսկ փորձված աղվեսն էլ... hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
|