ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 7 » Ամրապնդվող կապեր բոլոր ոլորտներում /ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Ֆրանսիա/
14:02
Ամրապնդվող կապեր բոլոր ոլորտներում /ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Ֆրանսիա/


Փարիզում հանդիպել են Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետները
 

Հուլիսի 3–ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել. «Հայ–ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբերություններն ու ինտենսիվ փոխշփումները»։
Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ գոհունակությամբ փաստել, որ հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում եւ ունի զարգացման լայն հնարավորություններ։ Նշելով, որ հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007թ., Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս ձեւաչափով հանդիպումները շարունակություն կունենան։ «ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը։ Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առեւտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։ 
Ողջունելով հյուրերին՝ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը բարձր է գնահատել Ֆրանսիա–Հայաստան փոխգործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների արմատները գալիս են պատմության խորքից։ Նա նույնպես կարեւորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը եւ նշել, որ դրանք դեռեւս չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Նա անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը գիտության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, միգրացիայի եւ մի շարք այլ ոլորտներում։ Երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից երկուստեք կարեւորվել է գործարար համաժողովների անցկացումը։
Վարչապետները Ֆրանսիա–Հայաստան միջպետական հարաբերությունների զարգացման գործում բարձր են գնահատել Ֆրանսիայի հայ համայնքի դերը։ Հայ–ֆրանսիական փոխգործակցության խորացման համատեքստում նրանք կարեւորել են նաեւ կրթության ասպարեզում արդյունավետ համագործակցությունը եւ Հայաստանում ֆրանսիական կրթական մի շարք հաստատությունների գործունեությունը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում անուրանալի է Ֆրանսիայի ներդրումը։ Մենք մեծապես գնահատում ենք ապրիլի 24–ին Հայաստանում անցկացված ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ ֆրանսիական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը։ Շնորհակալ ենք նաեւ Ձեզ, որ նույն օրը՝ ապրիլի 24–ի երեկոյան, Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված հիշատակի հանդիսավոր արարողությանը ներկա եք գտնվել եւ փայլուն ելույթ ունեցել»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային հարցերի։ Երկու երկրների վարչապետները կարեւորել են հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին։
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։


Ալֆորվիլ քաղաքում բացվեց հայկական վարժարան
 

Հուլիսի 4–ին Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի եւ Մանյուել Վալսի մասնակցությամբ տեղի է ունեցել հայկական վարժարանի բացման արարողությունը։ Վարժարանի բացմանը ներկա էին Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, երկու երկրների դեսպանները, Ալֆորվիլի քաղաքապետը, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, սրբազան հայրեր։
Դիմելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Այսօր մեծ հպարտություն է լինել այստեղ՝ բարեկամ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ միասին եւ մասնակցել գեղեցիկ եւ կարեւոր այս արարողությանը։ Հայոց ցեղասպանության 100–րդ տարում Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում նոր վարժարանի բացումը երկու մեծ խորհուրդ է պարունակում. նախ՝ այն եւս մեկ անգամ ընդգծում է հայի կենսակերպում եւ մշակույթում կրթության նկատմամբ մեծագույն վերաբերմունքը եւ ուսման ձգտումը։ Եվ երկրորդ՝ կրթօջախի հիմնումը վերածննդի, ազգի ապագայի խորհրդանիշ է։ Այո՛, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերին խաղաղ տանիք ու ապահով կյանք տված եւ հաջորդող սերունդների հայրենիք դարձած Ֆրանսիայում բացվող այս նոր կրթօջախը եւս մեկ անգամ ազդարարում է, որ մեր ժողովրդի բնաջնջումը ծրագրած Օսմանյան կայսրության քաղաքականությունն ի դերեւ է եղել, որ հայերը ապրում եւ արարում են անկախ բնակության վայրից։
Մեր հայրենակիցները Ֆրանսիայում կարողացել են ինտեգրվել, դառնալ այս երկրի օրինապաշտ քաղաքացիներ, աշխատել եւ ստեղծագործել՝ ի բարօրություն իրենց երկրորդ հայրենիքի։ Միաժամանակ, դուք ամուր կառչած եք մնացել ձեր արմատներին, ձեր պատմությանը, ձեր մշակույթին։
Հարգելի՛ ներկաներ
1600 տարուց ավելի է, որ հայը ունի իր այբուբենը, իսկ 500 տարի առաջ հայ տպագիր գիրքը իր ճամփան հարթեց։ Դեռեւս 5–րդ դարում հայ մեծագույն պատմիչ Մովսես Խորենացին ընդգծեց. «Ամենայն ինչ կրթություն է»։ Կրթությունը հացի, ջրի, արեւի եւ լույսի նման ուղեկցեց հայ ժողովրդին։
Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժնե՛ր
Գնահատանքի իմ խոսքն եմ ուղղում ձեզ։ Սերունդներ կրթելը դժվարին ու պատասխանատու գործ է, եւ այս առումով ձեր աշխատանքը անգնահատելի է։ Դուք ձեր բեղուն ու քրտնաջան աշխատանքով տարիներ շարունակ կարողացել եք հայեցի կրթել մատաղ սերնդին, եւ ձեր անմնացորդ նվիրումով ծառայել մեր լեզվի, պատմության, մշակույթի պահպանման սուրբ գործին։
Կրթությունը, ընդհանրապես, մարդու ինքնազարգացման եւ դաստիարակության ճանապարհին լրջագույն գործոն է, իսկ մայր հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի համար հայեցի կրթություն ստանալը՝ ինքնությունը պահպանելու անփոխարինելի միջոց։ Չեմ կարող իմ շնորհակալությունը չհայտնել այն ծնողներին, որոնք երեխաներին այս դպրոցն են բերում, որոնք վստահում եւ հավատում են մանկավարժական այս կոլեկտիվին։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բարերար Գեւորգ Արաբյանին, ով իր վրա վերցրեց դպրոցի շինարարության հիմնական ծախսերը, գերաշնորհ տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին՝ ծրագիրը գլխավորելու եւ ավարտին հասցնելու համար, ինչպես նաեւ բոլոր նրանց, ում անմիջական ջանքերի եւ իրականացրած կազմակերպչական աշխատանքների շնորհիվ կյանքի կոչվեց այս չափազանց կարեւոր նախաձեռնությունը։ 
Սիրելի՛ ներկաներ
Երախտագիտության իմ խոսքն եմ հղում նաեւ Ֆրանսիայի Հանրապետության իշխանություններին ու ժողովրդին՝ ֆրանսահայ համայնքին ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։ Ֆրանսիան առաջիններից էր, որ պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, եւ այսօր էլ շարունակում է ժխտողականության դեմ պայքարը։ Այս հանդիսավոր պահին իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, պարո՛ն վարչապետ, որ այստեղ եք, եւ Ձեր ջերմ վերաբերմունքը մշտապես զգում է մեր համայնքը։
Պարո՛ն քաղաքապետ, զգացված ենք Ձեր՝ բնակիչների նկատմամբ ունեցած հոգատար եւ մարդկային վերաբերմունքի համար։ Եվ վերջապես իմ շնորհակալությունն եմ հայտնում պարոն Ռուքեին, որը մշտապես Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին է։
Թանկագի՛ն բարեկամներ
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ կրթօջախի բացման առթիվ եւ մաղթում նորանոր հաջողություններ, անկոտրում կամք եւ անսպառ եռանդ՝ ի շահ ֆրանսահայ համայնքի զորացման եւ հայ–ֆրանսիական ջերմ ու բարեկամական հարաբերությունների է՛լ ավելի խորացման։
Կեցցե՛ հայ–ֆրանսիական բարեկամությունը
Կեցցե՛ Հայաստանը
Կեցցե՛ Ֆրանսիան»։
Դպրոցաշինության, հայ մշակույթի զարգացման եւ հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարերար Գեւորգ Արաբյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
Ելույթով հանդես է եկել նաեւ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը։ Իր ելույթում նա նշել է. «Ես երջանիկ եմ, որ այսօր Ալֆորվիլում եմ եւ ուրախ եմ, որ մասնակցում եմ հայկական դպրոցի բացմանը, քանի որ դպրոցի բացման արարողությունը շատ կարեւոր պահ է երկրի համար, այն մատնանշում է երիտասարդության ներկայությունը եւ ազգային արժեքների պահպանումը»։ Նա նշել է, որ իրենք մշտապես պետք է լինեն երիտասարդների կողքին, քանի որ նրանք են երկրի ժառանգորդները։ Ֆրանսիայի վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել պարոն Արաբյանին եւ ճիշտ համարել դպրոցի անվանակոչումը Գեւորգ Արաբյանի անունով։ Նրա խոսքով՝ հայկական վարժարանը պայմանագիր ունի ֆրանսիական պետության հետ եւ հավասարազոր ուժ ունի ֆրանսիական ազգային կրթական համակարգում։ «Այն փաստը, որ հայկական դպրոցի բացումը համընկնում է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին, շատ կարեւոր եւ խորհրդանշական իմաստ ունի։ Այս տարի Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24–ին հայ ազգի կողքին էր՝ Երեւանում։ Իսկ ես Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, եւս հայ ազգի կողքին էի։ Ֆրանսիայի համար շատ կարեւոր է ցույց տալ, որ մենք հայերի կողքին ենք, քանի որ հայ ժողովուրդը շատ է տառապել եւ այն, ինչ տեղի է ունեցել, ես դա կոչում եմ ցեղասպանություն, այո՛, դա ցեղասպանություն էր, եւ մենք պետք է միասին պայքարենք ցեղասպանության ժխտողականության դեմ»,–նշել է Մանյուել Վալսը։


Հանդիպում Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնիի հետ
 

Հուլիսի 3–ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ։ Հանդիպմանը հայկական կողմից ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից՝ ԱԺ Ֆրանսիա–Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն, երկու երկրների դեսպանները։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը շեշտել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերը եւ Ֆրանսիայում հայկական համայնքի առկայությունը, որը մշտապես ջերմ եւ հոգատար վերաբերմունքի է արժանացել թե՛ ֆրանսիացի ժողովրդի եւ թե՛ Ֆրանսիայի իշխանությունների կողմից։ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ հաստատված միջխորհրդարանական սերտ համագործակցությունը, ինչը կարեւոր դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում։ Նրա խոսքով՝ այս հարցում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ–ֆրանսիական բարեկամության խմբերը։ Նա կարեւոր է համարել այն փաստը, որ ֆրանսիական խորհրդարանական պատվիրակությունների այցելությունները Հայաստան հաճախ զուգորդվում են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցերով։ «Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարեւոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք եւ համակողմանի պատկերացում կազմելու գործում»,–նշել է վարչապետը։ Նա գոհունակություն է հայտնել 2013թ. Ֆրանսիայի ԱԺ եւ Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանականների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ։ «Գտնվելով Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ չեմ կարող խորին երախտագիտություն չհայտնել 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու Ֆրանսիայի մարդասիրական բարձր առաքելության համար։ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։ Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում։
Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը նշել է, որ մեծ պատիվ է ընդունել Հայաստանի վարչապետին այս խորհրդանշական տարում, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։
Ֆրանսիայի ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ–ֆրանսիական միջպետական հարաբերությունները, կարեւորել միջխորհրդարանական կապերի սերտացումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը։ Կլոդ Բարտոլոնը գոհունակությամբ փաստել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում տարբեր ձեւաչափերով արդյունավետ համագործակցությունը։ «Հայաստանը Ֆրանսիայի բարեկամն է։ Մենք պատրաստակամ ենք խորացնել մեր բարեկամությունն ու ընդլայնել համագործակցությունը»,–ընդգծել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ–ԵՄ համագործակցությանը, եւ այս համատեքստում վարչապետը արժեւորել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության զարգացման գործում։ Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի մակարդակով մասնակցությունն արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Եվրամիության հետ տարբեր ուղղություններով։
Կողմերը կարեւորել են նաեւ միջազգային կառույցներում սերտ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը։


Ֆրանսահայ համայքը՝ կամրջող օղակ
 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ավարտին պատվիրակության անդամների հետ այցելել է Փարիզի Երեւանյան պուրակ, ծաղկեպսակ է դրել Կոմիտասի արձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Այնուհետեւ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի Հայ առաքելական եկեղեցի եւ Ֆրանսիայում եւ Եվրոպայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարան, որտեղ նրանց դիմավորել է Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Առաջնորդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա իր խոսքում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսական քաղաքականությանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի։ Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ կարեւորել է հայապահպանության, հայոց ուսուցման հարցերը։ Վարչապետն ընդգծել է, որ մատաղ սերնդին հայերեն ուսուցանելու համար պատրաստ է ցանկացած աջակցության։ Նա իր խոսքում առանձնացրել է հատկապես այն հանգամանքը, որ զարգացնելով հայերենի իմացությունը, այն նախ եւ առաջ կօգնի նոր սերնդին մնալ հայ՝ օտար ափերում պահպանելով հայի ինքնությունը։ Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը ծավալած հասարակական, տնտեսական, մշակութային գործունեությամբ բարձր է պահում հայ ժողովրդի հեղինակությունը եւ մեծ ներդրում ունի Ֆրանսիայի զարգացման գործում։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 462 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024