Սահմանադրության նախագծի ներկայացված նախնական տարբերակում փոփոխությունները չեն շրջանցել եւ հավելյալ լիազորություններ են ապահովել վարչապետի եւ նրա գլխավորած կառավարության համար։
Եթե ներկայումս մի շարք կարեւորագույն ոլորտներում՝ պաշտպանության, անվտանգության, արտաքին քաղաքականության վրա հանրապետության նախագահն ունի ներգործության ինքնուրույն լիարժեք հնարավորություններ, ապա եթե նախագիծը ընդունվի, բացառապես կառավարությանն է վերապահվելու ամբողջական դերակատարությունը բոլոր այս բնագավառներում։
«Ըստ էության, կառավարությունը ձեւավորվում է բացառապես առանց հանրապետության նախագահի մասնակցության եւ դերակատարության, թեպետ նախագահը ձեւական առումով նշանակում է նախարարներին կամ խորհրդարանական մեծամասնության ներկայացրած ուժին՝ վարչապետ, կառավարությունը բացառապես ներկայացնում է այն մեծամասնությանը, որը ձեւավորվել է խորհրդարանում եւ ամբողջապես ստանձնում է պատասխանատվություն ներքին եւ արտաքին քաղաքականության մշակման եւ կենսագործման համար»,—«ՀՀ»—ին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը։
Կառավարությանն են ենթարկվելու նաեւ զինված ուժերը։ Գ. Մուրադյանը մեջբերեց նախագծի նախնական տարբերակից, ըստ որի՝ զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը խաղաղ պայմաններում իրականացնելու է կառավարությունը, պատերազմի ժամանակ՝ վարչապետը, եթե կառավարությունն այլ անձի չի նշանակել որպես գլխավոր հրամանատար։ ԶՈւ անմիջական ղեկավարումը խաղաղ ժամանակ իրականացնելու է պաշտպանության նախարարը, իսկ բարձրագույն զինվորական պաշտոնը լինելու է գլխավոր շտաբի պետը։ Կառավարության շրջանակներում վարչապետի գլխավորությամբ ձեւավորվելու է անվտանգության խորհուրդ, որը սահմանելու է պաշտպանության ոլորտի քաղաքականության ուղենիշները. «Այս շրջանակներում պաշտպանության նախարարն իրականացնելու է ԶՈՒ անմիջական ղեկավարում, այսինքն՝ այստեղ կանոնն այն է, որ կառավարությունն է կոլեգիալ պատասխանատվություն կրում զինված ուժերի ընդհանուր ղեկավարման համար։ Անմիջական ղեկավարման համար՝ պաշտպանության նախարարը»։
Անցնելով վարչապետի դերին՝ նշեց, որ Հայաստանում ամրագրվել է այնպիսի մոդել, որտեղ վարչապետն էական դերակատարում ունի կառավարության գործունեության շրջանակներում, այսինքն՝ նա նախարարներից մեկը չէ ընդամենը, այլ ինքն է սահմանում կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները. «Սա կարեւորագույն տարր է մեր ապագայում կազմավորվելիք կառավարման համակարգի համար»։ Նա, ղեկավարելով կառավարության գործունեությունը, համակարգում է նախարարների աշխատանքը եւ անհատական հանձնարարականներ տալիս նրանց. «Ես կցանկանայի ընդգծել այս հանգամանքը, եւ այն շեշտվում է Սահմանադրության մեջ, որ նախարարներն ինքնուրույն պատասխանատվություն են կրում իրենց վերապահված ոլորտի կառավարման համար։ Ավելին՝ հարցապնդումների շրջանակներում հնարավոր է առանձին նախարարների անվստահություն հայտնել, որը հանգեցնում է նրանց հրաժարականին։ Սրանով նույնպես ընդգծվում է Սահմանադրության մեջ նախարարների ինքնուրույն պատասխանատվությունը հանձնված ոլորտների կառավարման համար. պարզապես շատերն ընթերցում են առաջին հատվածը եւ մոռանում երկրորդը։ Թեեւ վարչապետի շեշտված դերակատարությամբ կառավարման համակարգ է, կառավարություն է, սակայն նախարարների ինքնուրույնությունը դրանով չի բացառվում, եւ նրանք ոչ թե վարչապետի, այլ կոլեգիալ մարմնի ներկայացուցիչներ են, թեեւ նշանակվում են վարչապետի առաջարկությամբ, եւ հանրապետության նախագահն այդ առաջարկությունը մերժելու հնարավորություն իրականում չունի։ Այդուհանդերձ կարեւոր է, որ կառավարությունում մենիշխանություն չի լինելու, որովհետեւ կառավարությունը կոլեգիալ մարմին է։ Որքան էլ վարչապետն ունենա էական դերակատարություն կառավարության շրջանակներում, կառավարության որոշումները, որոնցով Հայաստանի ներքին, արտաքին քաղաքականության հիմնադրույթներն են որոշվում, ընդունվում են կոլեգիալ, այսինքն՝ յուրաքանչյուր նախարարի մասնակցությամբ եւ ձայների մեծամասնությամբ։ Սա ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրության մեջ։ Կառավարության գործունեության կարգն ամրագրվելու է օրենքով, հետեւաբար մենք անցում ենք կատարում լավ իմաստով կոլեգիալ կառավարման նաեւ գործադիր իշխանության շրջանակներում, սակայն վարչապետի շեշտադրված դերակատարությամբ»։
Նախարարությունների թվի սահմանափակում գործադիրն օպտիմալացնելու նպատակով
Անդրադարձ կատարելով նախարարությունների թվի սահմանափակմանը՝ մասնագետն ասաց, որ այն ուղղված է գործադիր իշխանության օպտիմալացմանը. «Մենք գտանք, որ, ըստ էության, 18—ն այն թիվն է, որը կարող է սահմանադրորեն ամրագրվել եւ խոչընդոտ դառնալ, որ առանց Սահմանադրության վերանայման հնարավոր լինի անսահման ընդլայնել նախարարությունների, այլ կառավարման մարմինների թիվը։ Որպեսզի սա չդառնա նաեւ որոշակի անհարկի համաձայնությունների առարկա քաղաքական ուժերի միջեւ, այսինքն՝ պորտֆելները զուտ բաշխվեն՝ ելնելով նրանից, որ որոշակի քաղաքական ուժեր ցանկություն ունեն ստանձնելու որոշակի պատասխանատվություն այդ ոլորտներում։ Հետեւաբար օպտիմալ տարբերակը, կարծում ենք, այն է, որ ամրագրված է սահմանափակ թվով նախարարությունների համար։ Դա բնավ չի խանգարում, որ նախարարությունների շրջանակներում ստեղծվեն շատ ավելի մասնագիտացված կառույցներ, որոնք կենսագործեն կոնկրետ ուղղություններով կառավարության քաղաքականությունը»։
Բարձրագույն դատական խորհուրդ՝ արդարադատության խորհրդի փոխարեն
Դատական իշխանության շրջանակներում նույնպես արմատական փոփոխություններ են կատարվում։ Գրիգոր Մուրադյանի խոսքով, հիմնական փոփոխությունն այն է, որ արդարադատության խորհրդի փոխարեն ձեւավորվելու է բարձրագույն դատական խորհուրդ։ Դատական խորհրդում սահմանվում է հավասարակշռված կազմ։ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասը անդամներից, որոնցից հինգին ընտրում է Ազգային ժողովը՝ գիտության ոլորտի եւ այլ հեղինակավոր իրավաբանների թվից, Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, հինգին՝ դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների թվից. «Այս կառույցը դառնալու է դատավորների անկախության եւ նրանց բնականոն գործունեության երաշխավորը։ Այսինքն էական, առանցքային դերակատարումը, բացի սահմանադրական արդարադատության ոլորտից, որտեղ խորհուրդն ըստ էության անելիքներ չունի, որովհետեւ դա իրեն չի առնչվում, բոլոր մյուս դեպքերում բարձրագույն դատական խորհուրդն է դառնալու առանցքային սահմանադրական մարմին, որն ինքը պետք է երաշխավորի դատավորների եւ դատարանների անկախությունը։ Հետեւաբար իր ներկայացրած թեկնածուները պետք է նշանակվեն դատավոր։ Ինքն է ընտրում դատավորների թեկնածուներին, ինքն է հաստատում դատավորների ցուցակը, ինչպես այսօր է, ինքն է ներկայացնում բոլոր դատավորներին՝ բացի վճռաբեկ դատարանի դատավորներից, պալատի նախագահներից եւ վճռաբեկ դատարանի նախագահից, որոնց թեկնածությունները ինքն առաջարկում է ԱԺ—ին, մյուս բոլոր դեպքերում ներկայացնում է դատավորների թեկնածությունները նախագահին, եւ նախագահը չնշանակելու հնարավորություն չունի»։
Երկրորդն այն է, որ դատական իշխանության բոլոր պաշտոնատար անձանց համար ներմուծվել է պաշտոնավարման սահմանափակում.
«Վճռաբեկ դատարանի նախագահը նշանակվում է վճռաբեկ դատարանի կազմից՝ վեց տարի ժամկետով, առանց վերանշանակման իրավունքի։
Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարում են տասներկու տարի՝ մինչեւ յոթանասուն տարին լրանալը, եւ չեն կարող վերստին ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
Սահմանադրական դատարանն իր կազմից՝ վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։
Դատավորների բարձրագույն խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու հնարավորության»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|