Ընդդիմության առաջարկները եւս ամրագրված են նախագծում
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի մեկից յոթ գլուխները ներկայացրել է հանրային քննարկման՝ ակնկալելով լսել տարատեսակ կարծիքներ, ստանալ արժեքավոր առաջարկություններ։
«Սահմանադրության մեջ առաջին հոդվածից մինչեւ անցումային դրույթներ կարեւոր են, եւ հենց սա է պատճառը, որ հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը, քանի որ անհրաժեշտ է լայն ու բովանդակային քննարկում կազմակերպել»,– երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ «Սահմանադրական փոփոխություններն անցնելու են հանրաքվեի միջոցով, եւ մարդիկ հնարավորություն են ունենալու «այո» կամ «ոչ» ասելու։ Եթե դեմ լինեն, դրանք չեն անցնի»,–նկատեց նա։ Պատգամավորը վստահ է՝ սահմանադրական փոփոխությունները բարձրացնում են կուսակցությունների եւ պատգամավորների դերը։ Նախագծի հաջողության դեպքում ԱԺ—ում վերահսկողական պաշտոններում կլինեն նաեւ ընդդիմադիրները։ Նոր Սահմանադրությամբ ամրագրվում է, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը պետք է լինի ընդդիմության ներկայացուցչինը. «Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ 2009 թվականից այս կողմ ընդդիմության արած առաջարկներն ամրագրվել են այս փաստաթղթում։ Հիմա, եթե տարաձանություն կա, պիտի գան, քննարկեն։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պետք է մենք ընդդիմադիրների համար ընտրություն եւ քարոզարշավ կազմակերպենք»։ Հովհաննես Սահակյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ փաստաթուղթը իշխանության վերարատադրության համար չէ. «Ընտրություններում հաղթում է այն ուժը, որը ժողովրդի վստահությունն է վայելում»։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը նկատել է, որ նախագիծը գործող Սահմանադրության համեմատ բավականին լավն է։ Կատարելագործման առումով հատկապես առաջընթացը նկատելի է մարդու իրավունքների եւ ազատությունների բաժնում, քանի որ հստակ համակարգվել են անձնական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակութային իրավունքները. «Յուրաքանչյուր իրավունք տվյալ հոդվածում սահմանում է նաեւ տվյալ հոդվածի սահմանափակման հիմքերը»։
Խոսելով կառավարման համակարգի արդյունավետության աստիճանի մասին, նա նշել է, որ դրական արդյունք ակնկալելու համար առաջին հերթին անհրաժեշտ է աշխատել իշխանության եւ հասարակության իրավական գիտակցության վրա։
«Առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքակրթվել, եւ որից հետո ժողովրդավարական հասարակությանը բնորոշ խորհրդարանական ձեւից ճաշակել պտուղները»,–ասել է նա եւ հավելել, թե հակառակ դեպքում, եթե այս նախադրյալները չլինեն, ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական առումով փոփոխությունները չեն լինի։
«Ամեն դեպքում, փոփոխությունները մեր երկրում լավ են. գուցե փոփոխված Սահմանադրությամբ ինչ—որ բանի հասնենք,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։–Սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում երկկուսակցական համակարգի անցնել, որը կրկին վատ բան չէ, քանի որ այսքան շատ կուսակցություններ Հայաստանի նման փոքր երկրին պետք չեն»։
Տ. Քոչարյանը նկատել է, որ նույն այն կուսակցությունները, որոնք այժմ համառորեն բողոքում են սահմանադրական փոփոխություններից, ժամանակին իրենք էին Սահմանադրության փոփոխության ջատագովներ՝ մասնավորապես կառավարման ձեւի փոփոխության։ «Ինչքան է հիմա ընդդիմությունն անվստահ իր ուժերին, որ մտածում է՝ Սահմանադրությունը փոխեցին, հանրապետականը հաղթելու է»,–ասել է նա՝ ընդգծելով, որ, ընդհանուր առմամբ, ինքը կողմ է սահմանադրական փոփոխություններին։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|