Երեկ Մեծամորում, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ գեներալ—լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ գեներալ—լեյտենանտ Լեւոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ։
Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման եւ վնասազերծման հատուկ գործողությունը։
Վարժանքին մասնակցում էին ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ եւ ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության ծառայողներ։
Զորավարժությունը բաղկացած էր 2 փուլից։
1—ին փուլում հատուկ նշանակության գումարտակն իրականացնում է հակառակորդի խմբերի հայտնաբերման եւ վնասազերծման զորային գործողություններ ՀԱԷԿ—ի հարակից տարածքում, 2—րդ փուլում վնասազերծվում է պահպանվող օբյեկտ թափանցած դիվերսիոն հետախուզական խումբը։
Վարժանքին մասնակցող ստորաբաժանումները նախատեսված ժամկետում տեղեկացրին, որ հայտնաբերել են հակառակորդին, որը փորձում է դուրս գալ շրջափակումից եւ մարտի մեջ է մտել մեր ստորաբաժանումների հետ։
Կորուստներ տալով՝ հակառակորդը բաժանվում է մանր խմբերի եւ փորձում մի քանի ուղղություններով դուրս գալ շրջափակումից։
Մի խումբը շարժվում է դեպի հյուսիս եւ մարտի բռնվում ՈԶ ստորաբաժանումների հետ։ Հաջողվում է կենտրոնացված կրակի եւ ստորաբաժանումների կտրուկ մարտավարական գործողություններով վնասազերծել խումբը։
Հակառակորդի 2—րդ խումբը վնասազերծելու նպատակով հատուկ նշանակության գումարտակի հրամանատարը մարտի մեջ է մտցնում պահեստազորը, որը ստորաբաժանումների եւ կրակի խուսավարման միջոցով շրջափակում ու վնասազերծում է հակառակորդին։
Բայց դիվերսանտների մի փոքր խմբի հաջողվում է թափանցել ՀԱԷԿ—ի տարածք։
Այդ պահից սկսվում է զորավարժության 2—րդ փուլը, եւ գործողության մեջ են մտնում ՀԱԷԿ—ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները։
Մարտ է սկսվում պահակախմբի պահեստային խմբի եւ 2 դիվերսանտների միջեւ, որոնցից մեկը ոչնչացվում է, մյուսը՝ գերի վերցվում։
Դիվերսանտների այս գործողությունը ուշադրություն շեղելու նպատակ ունի. այդ ընթացքում պահպանության պարագծի մեկ այլ տեղամասից օբյեկտ է թափանցում դիվերսիոն—հետախուզական 2—րդ խումբը։
Հայտնաբերելով հակառակորդին՝ որոնող խումբը կենտրոնացված կրակով ստիպում է նրան նահանջել։ ԴՀԽ—ն դիրքավորվում է առանձին շինության մեջ։
Գումարտակի հրամանատարը որոշում է կայացնում հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ԿՀԴՊ ԳՎ ՀՆՎ ձերբակալման խումբը, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը եւ վնասազերծում հակառակորդի դիվերսիոն—հետախուզական խումբը։
Այնուհետեւ ստորաբաժանումները զննություն են կատարում գործողության ողջ տարածքում՝ հակառակորդի խմբի հետախուզական եւ դիվերսիոն միջոցները հայտնաբերելու նպատակով։
Զորավարժության ղեկավարի ազդականչով հայտարարվում է զորավարժության ավարտը։
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց առաջադրված մարտավարամասնագիտական խնդիրների կատարման մակարդակը։
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հրամաններով պարգեւատրվեցին զորավարժության ընթացքում մարտական եւ մասնագիտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողները։
|