Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում՝ երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ—ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, տեղեկացնում է «Ազատությունը»։ «Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Համապարփակ կարգավորումը ներառում է նաեւ կարգավիճակի հարցը, եւ այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ այդ կարգավորման մի մաս»,–ասել է Ուորլիքը։
«Եթե դուք ուշադրությամբ ընթերցեք ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին իմ տված հարցազրույցը, դուք կտեսնեք, որ ասում եմ՝ ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, եւ սա ի նկատի ունենք՝ ասելով համապարփակ կարգավորում։ Այդ կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, սա կետերից մեկն է, բանակցությունների տարր է»,–հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
|